Գյուդնի Յոհաննեսոն


Գյուդնի Տորլասիուս Յոհաննեսոն (իսլ.՝ Guðni Thorlacius Jóhannesson, հունիսի 26, 1968(1968-06-26)[1][2][3][…], Ռեյկյավիկ, Իսլանդիա), պատմաբան, թարգմանիչ և դասախոս, Իսլանդիայի նախագահը՝ սկսած 2016 թվականի օգոստոսի 1-ից (ամենաերիտասարդ նախագահը երկրի պատմության մեջ)[8][9]։

Գյուդնի Յոհաննեսոն
Իսլանդիայի 6-րդ նախագահ
Նախորդող՝Օուլավյուր Ռագնար Գրիմսոն
Ծննդյան օր՝հունիսի 26, 1968(1968-06-26)[1][2][3][…] (55 տարեկան)
Ծննդավայր՝Ռեյկյավիկ, Իսլանդիա
Ամուսին ՝Էլիզա Ռեյդ և Elín Haraldsdóttir?
Հայր՝Յոհաննես Սայմյունդսոն
Մայր՝Մարգարետ Թորլակիուս
Պարգևներ՝

Կենսագրություն

Գյուդնի Տորլասիուս Յոհաննեսոնը ծնվել է 1968 թվականի հունիսի 26-ին Ռեյկյավիկում։

1987 թվականին ավարտել է Ռեյկյավիկի համալսարանը, իսկ 1991 թվականին՝ Ուորիքի համալսարանը։ Ստացել է պատմական և քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան։ Համալսարանում սովորել է ռուսերեն և գերմաներեն[10][11]։ 1997 թվականին ավարտել է Իսլանդական համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրան, իսկ 1999 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան։ Մարիա թագուհու լոնդոնյան համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։

Որպես դասախոս՝ աշխատել է Իսլանդիայի համալսարանում, Ռեյկյավիկի համալսարանում, Բիֆրյոստի համալսարանում և Լոնդոնի համալսարանում։ 2016 թվականի հուլիսից Իսլանդիայի համալսարանի պրոֆեսոր է։ «Ձողաձկան պատերազմի» և 2008-2011 թվականների Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամի պատմությունների մասնագետ է։

Գրել է երկրի նախկին նախագահների՝ Գյուննար Թորոդսենի և Քրիստյաուն Էլդյաուդնի ինքնակենսագրությունները, թարգմանել է Սթիվեն Քինգի որոշ գրքեր։

2016 թվականի մայիսի 5-ին առաջադրվել է որպես Իսլանդիայի նախագահի թեկնածու և 2016 թվականի հունիսի 25-ին հաղթել նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 39,1 %-ը և առաջ անցնելով կին գործարար Հալլու Թոմասդոտիրից (27,9 %)։ Յոհաննեսոնն այդ ժամանակ, ինչպես Իսլանդիայի բնակչության 10%-ը, ներկա էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը[12]։

Յոհաննեսոնը չի հարում որևէ քաղաքական կուսակցության և համարվում է եվրոսկեպտիցիստների հետևորդ[13]։ Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում իսլանդացիներին խոստացել է «չքաղաքականացված նախագահություն», հանրաքվեի ինստիտուտի ներմուծում[14] և բացահայտորեն խոսել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին[15]։

Նախագահի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի օգոստոսի 1-ին , իսկ նույն տարվա դեկտեմբերին ունեցել է աննախադեպ բարձր վարկանիշ՝ 97,3 %[16]:

Աշխարհի մի շարք երկրներում կաթոլիկ քահանաների տարբեր հանացագործությունների մասին լուրերից հետո պաշտոնապես հրաժարվել է կաթոլիկ հավատքից։ Հայտարարել է առ Աստված հավատի նկատմամբ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի գերակայության մասին[17][18][19]։

Վերընտրվել է 2020 թվականի ընտրություններում՝ ստանալով ձայների 92,18 %-ը։

Իր նախագահության սկզբում հեղինակել է 20-րդ դարի Իսլանդիայի պատմության մասին 7 գիրք։

Անձնական կյանք

Ընտանիք

Հայր - Յոհաննես Սեմունդսոն (1941-1983), հանդբոլի մարզիչ և ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ
Մայր - Մարգրեթ Թորլացիուս, դասախոս և լրագրող
Եղբայրներ - Պատրիկ (ծնվել է 1972 թվականին, հանդբոլիստ և մարզիչ) և Ջոն (ինժեներ-համակարգող)
Կին - Էլիզա Ռեյդ, ըստ ծագման՝ կանադուհի
Երեխաներ - մեկ դուստր առաջին ամուսնությունից, և չորս երեխա երկրորդ ամուսնությունից[20]

Հետաքրքրություններ

Պատանեկության տարիքից Յոհաննեսոնը կիսապրոֆեսիոնալ ձևով խաղացել է հանդբոլ (եղբոր՝ Պատրիկի հետ նույն թիմում)։

Մանուկ հասակից երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին[21]։ Հաճախակի է ներկա գտնվում ազգային հավաքականի խաղերին, այդ թվում՝ արտասահմանում (մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած աշխարհի առաջնության որակավորման որոշիչ խաղին, որտեղ Իսլանդիայի հավաքականը խաղում էր Կոսովոյի հավաքականի հետ)` գտնվելով սովորական տրիբունայում շարքային երկրպագուների հետ միասին[22]։

Մրցանակներ

  • Փղի միաբանության ասպետ (Դանիա, 2017 թվականի հունվարի 24)[23]
  • Սուրբ Օլաֆի միաբանության Մեծ խաչի ասպետ (Նորվեգիա, 2017 թվականի մարտի 21)[24]
  • Սերոֆիմների միաբանության ասպետ (Շվեդիա, 2018)[25][26]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուդնի Յոհաննեսոն» հոդվածին։