Գոնդվանա

Գոնդվանա, վարկածային մայրցամաք, որը գիտնականների կարծիքով գոյություն է ունեցել Հարավային կիսագնդում պալեոզոյան և մասամբ՝ մեզոզոյան դարաշրջաններում, հնագույն սուպերմայրցամաք, որն ընդգրկել է Հարավային Ամերիկայի մեծ մասը, Աֆրիկան (առանց Ատլասի լեռների), Մադագասկար կղզին, Արաբիան, Հինդուստան թերակղզին, Ավստրալիան (արևմտյան մաս) և Անտարկտիդայի մեծ մասը։ Ձևավորվել է մինչքեմբրիի վերջում (750-530 մլն. տարի առաջ) Ռոդինիա սուպերմայրցամաքի մասնատման արդյունքում։ Ըստ որոշ գիտնականների, պրոտերոզոյում Գոնդվանայի տարածքում եղել է ընդարձակ սառցապատում, քարածխային և պերմի ժամանակաշրջաններում զարգացել է բարեխառն և ցուրտ գոտու ֆլորա։ Ենթադրվում է, որ Գոնդվանան տրոհվել է առանձին ցամաքաբեկորների՝ սկսած տրիասի ժամանակաշրջանից։

Պալեոզոյան Գոնդվանա

Վաղ պալեոզոյան դարաշրջանում (սիլուր) Գոնդվանան սառցակալել է[1], ինչը հանգեցրել է օրդովիկյան բնաջնջմանը։

Պրոտոմայրցամաքների տեղաշարժն ավելի քան 500 մլն տարի առաջ հանգեցրել է Տրանսգոնդվանյան Սուպերլեռան (Transgondwanan Supermountain) առաջացմանը։ Այն հսկայական դեր է կատարել ոչ միայն երկրաբանության, այլ նաև կենդանի օրգանիզմների զարգացման համար[2][3]։

Ապա մայրցամաքն սկսել է հակառակ շարժումը դեպի հյուսիս և քարածխային ժամանակաշրջանում (360 մլն տարի առաջ) միացել Լավրասիայի հետ՝ կազմելով Պանգեա հսկայական պրոտոմայրցամաքը։

Մեզոզոյան Գոնդվանա

Յուրայի ժամանակաշրջանում՝ շուրջ 180 մլն տարի առաջ, Պանգեան նորից մասնատվել է՝ առաջացնելով Գոնդվանան և Հյուսիսային մայրցամաք Լավրասիան, որոնց բաժանել է Թետիս օվկիանոսը։

Հայտնի է, որ Գոնդվանան մեզոզոյան դարաշրջանում ծածկված է եղել ջունգլիներով[4]։ Բույսերից աճել են նոտոֆագուսներն ու սագոենազգիները[5]։ Կենդանական աշխարհը ներկայացվել է դինոզավրերով[6], որոնց թվում են եղել արգենտինոզավրերը, ադամանտիզավրերը, աբելիազավրեր և էոլոզավրեր[7]։ Մեզոզոյան Գոնդվանայում բնակվել են նաև պրիմատային պարկավոր կաթնասուններ և միանցքանիներ, ինչպես նաև պալեոգնատներ և պինգվիններ[8]։

Տրիասի դարաշրջան (200 մլն տարի առաջ)

Մայրցամաքի մասնատում

150 մլն տարի առաջ (մեզոզոյան դարաշրջան) Գոնդվանան բաժանվել է երկու մասի՝ արևմտյան (Աֆրիկա, Արաբիա և Հարավային Ամերիկա) և արևելյան (Ավստրալիա, Անտարկտիդա, Մադագասկար և Հինդուստան), որոնց սահմանը դարձել է Մոզամբիկի նեղուցը։ 125 մլն տարի առաջ Արևելյան Գոնդվանան բաժանվել է «Հնդգասկարի» և Ավստրալա-Անտարկտիդայի, որոնց միջև սկսել է ձևավորվել Հնդկական օվկիանոսը։ 100 մլն տարի առաջ Հարավային Ամերիկան առանձնացել է Աֆրիկայից[9], որոնց միջև սկսել է ձևավորվել Ատլանտյան օվկիանոսը։ 90 մլն տարի առաջ տեղի է ունեցել Հինդուստանի ու Մադագասկարի բաժանումը։ 40 մլն տարի առաջ (արդեն կայնոզոյի դարաշրջանում) առանձնացել են Ավստրալիան ու Անտարկտիդան[10]։

Գոնդվանայից առանձնացող մայրցամաքների տեղաշարժը և Լավրասիայի հետ նրանց բախումը հանգեցրել է ակտիվ լեռնագոյացման։ Աֆրիկայի՝ Եվրոպայի վրա ունեցած ճնշման արդյունքը դարձել է Ալպերը, իսկ Հնդկաստանի ու Լավրասիայի բախման (50 մլն տարի առաջ) արդյունքում առաջացել են Հիմալայները։

Ստուգաբանություն

Գոնդվանա անունն առաջարկել է ավստրիացի գիտնական Էդուարդ Զյուսը 1885 թվականին, որն այդ մայրցամաքը կոչել է Հյուսիսային Հնդկաստանի Գոնդվանա տարածաշրջանի անունով (սանսկրիտ gondavana — «Գոնդայի անտառ»), որտեղ նկարագրվել են նստվածքային ստվերաշերտեր (պերմ-տրիասի ժամանակաշրջան), որոնք բնութագրական են այդ դարաշրջանի համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնդվանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 157