Էտեմենանկի

Էտեմենանկի (շումերերեն՝ É.TEMEN.AN.KI 𒂍𒋼𒀭𒆠 «երկրի և երկնքի հիմնադրի տաճար»), Բաբելոն քաղաքում մ.թ.ա. 6-րդ դարի նորբաբելոնյան արքայատոհմի կողմից կառուցված զիկկուրատ՝ նվիրված Մարդուկ աստծուն։ Բարձրությունը 91 մետր էր։ Այն այժմ ավերված է, և միայն ավերակներն են մնում։

Էտեմենանկիի վերակառուցված տեսքն ըստ Շմիդտի:

Ըստ որոշ ենթադրությունների` հենց Էտեմենանկիից ոգեշնչված է ստեղծվել Բաբելոնի աշտարակի մասին առասպելը։

Կառուցում

Պարզ չէ, թե կոնկրետ երբ է կառուցվել Էտեմենանկին։ Ըստ Էնդրյու Ջորջի հոդվածի` կառուցող անձը թագավորել է մ.թ.ա. 14-րդ, 12-րդ, 11-րդ կամ 9-րդ դարերում։ Սակայն, համաձայն միջին ասորական մի պահպանված բանաստեղծության պատառիկի, Էտեմենանկին կանգուն է եղել դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում[1]։

Բաբելոն քաղաքն ավերվել մ.թ.ա. 689 թվականին Սինաքերիբի կողմից, որը նաև ավերել է Էտեմենանկին։ Քաղաքը վերակառուցել են Նաբուպալասարը և իր որդի Նաբուգոդոնոսոր II-ը։ Քաղաքի կառուցումը տևել է 88 տարի։ Զիկկուրատը վերակառուցել է Նաբուգոդոնոսոր II-ը։ 7 հարկերով այն հասել է 91 մետր բարձրության[2]։

Նկարագրություն

Նաբուգոդոնոսոր II-ի բաբելոնյան կոթողի վրա արված թագավորական գրությունը փաստում է, որ տաճարը կառուցել է հենց ինքը. «Էտեմենանկի[3] Զիկկուրատ Բաբիբլի [Բաբելոնի զիկկուրատ], ես կառուցեցի այն, աշխարհի մարդկանց հրաշալիքը, ես բարձրացրի նրա կտուրը երկինք, սարքեցի դռներ մուտքերի համար և պատեցի այն բիտումով և աղյուսով»[4]։ Գրությունը գտել է Ռոբերտ Քոլդեվեյը 1917 թվականին։ Հետազոտողները Սկյոյենի հավաքածուում վերջերս հայտնաբերեցին Էտեմենանկիի ամենահին հիշատակությունը[5]։ Այն փորագրված է սև քարի վրա, որն ունի «Բաբելոնյան աշտարակի կոթող» անվանումը և թվագրվում է մ.թ.ա. 604-562 թվականներով՝ Նաբուգոդոնոսոր II-ի թագավորման տարիներով[6]։

Էտեմենանկին համարվում է այն կառույցը, որն ընկած է Բաբելոնի աշտարակի աստվածաշնչյան պատմության հիմքում[7][8]։

Ավերում

Մ.թ.ա. 331 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց Բաբելոնը և հրամայեց վերանորոգել Էտեմենանկին։ Երբ նա մ.թ.ա. 323 թվականին վերադարձավ քաղաք և տեսավ, որ ոչ մի առաջընթաց չի գրանցվել, իր զորքին հրամայեց ավերել ամբողջ կառույցը՝ նախապատրաստելով վերջնական վերակառուցման[9]։ Մակեդոնացու մահը, սակայն, կանգնեցրեց վերակառուցումը[10]։

Ծանոթագրություններ