Էրիթրոցիտներ

Էրիթրոցիտներ, արյան կարմիր բջիջներն, որոնց գլխավոր ‎ֆունկցիան թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է։ Էրիթրոցիտներն իրենց թաղանթի վրա փոխադրում են նաև կրեատոր մակրոմոլեկուլներ, հորմոններ, ամինաթթուներ, նուկլեոտիդներ և այլն։ Էրիթրոցիտների գլխավոր ֆունկցիաներից մեկը արյան թթվահիմնային հավասարակշռության պահպանումն է, որն իրականացվում է նրանցում պարունակվող հեմոգլոբինով։ Էրիթրոցիտների քանակությունը հասուն տղամարդու մոտ 4, 5-5 միլիոն է 1 մմ³-ում, իսկ հասուն կանանց մոտ՝ 3, 8-4, 5 միլիոն՝ 1 մմ³-ում։

Էրիթրոցիտներ
Արյան ձևավոր տարրերը

Կառուցվածք

Էրիթրոցիտի երկգոգավոր տեսքը

Էրիթրոցիտները (erythrocytus) մարդու և կաթնասունների (բացառությամբ՝ ուղտերի, լամաների) մոտ կորիզազուրկ են, որոնք օնտո- և ֆիլոգենեզի ընթացքում կորցրել են նաև օրգանոիդների մեծամասնությունը։ Էրիթրոցիտները տեղափոխում են նաև ամինաթթուներ, հակամարմիններ, թույներ, դեղանյութեր՝ կլանելով և պահելով դրանք բջջաթաղանթի մակերևույթի վրա։

Թաղանթը պարունակում է սիալաթթու, որն ապահովում է թաղանթի բացասական լիցքավորումը և արյան կախույթային վիճակը։ Էրիթրոցիտները մասնակցում են նաև արյան մակարդմանը, պայմանավորում են արյան խմբային պատկանելիությունը։

Մարդու և կաթնասունների էրիթրոցիտներն արյան հոսքում ունեն երկգոգավոր սկավառակների տեսք և կոչվում են դիսկոցիտներ։ Նման ձևի շնորհիվ ձեռք են բերում ճկունություն և կարողանում են անցնել տրամագծով մոտ 2 անգամ փոքր մազանոթներով։ Սկանավորող էլեկտրոնային մանրադիտակով հայտնաբերվել են նաև էրիթրոցիտների այլ ձևեր՝ պլանոցիտներ (տափակ մակերևույթով), ստոմատոցիտներ,գմբեթաձև, թամբաձև, երկփոսային, սֆերոցիտներ (գնդաձև) էխինոցիտներ (փշաձև)։ Վերջին երկուսը վերաբերում են էրիթրոցիտների ծերացող ձևերին։ Դիսկոցիտները կազմում են էրիթրոցիտների 80%-ը։ Դիսկոցիտի դեֆորմացիան էխինոցիտի նկատվում է ԱԵՖ-ի քանակության պակասելու դեպքում։

Քիմիական կառուցվածք

Գորտի կորիզավոր էրիթրոցիտներ

Էրիթրոցիտների բջջաթաղանթի արտաքին մակերևույթի վրա կան ֆոսֆոլիպիդներ, սիալաթթու, հակածիններ, պրոտեիններ, իսկ ներքին մակերևույթի վրա՝ գլիկոլիտիկ ֆերմենտներ, գլիկոպրոտեիններ, նատրիում, կալիում, ԱԵՖ-եր, հեմոգլոբին։ Էրիթրոցիտի ներքին պարունակությունը էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում է որպես էլեկտրոնախիտ, պարունակում է 4-5 նմ չափեր ունեցող հեմոգլոբինի հատիկներ։ Էրիթրոցիտներում պարունակվում է մոտ 60% ջուր և մոտ 40% չոր նյութ։ Չոր նյութի 95%-ը կազմում է հեմոգլոբինը։

Չափեր

Մարդու էրիթրոցիտներ տրամագիծը 7,1-7,9 մկմ է, հաստությունը եզրային գոտում՝ 1,9-2,5 մկմ, կենտրոնում՝ 1 մկմ։ Նորմալ արյան մեջ այս չափերն ունեն էրիթրոցիտների մոտ 75%-ը (նորմոցիտներ, normocytus), ավելի մեծ չափեր (8,0 մկմ-ից ավելի)՝ 12,5%-ը (մակրոցիտներ, macrocytus), մնացած էրիթրոցիտների քանակը կարող է լինել 6 մկմ-ից պակաս (միկրոցիտներ, microcytus)։ Մեկ էրիթրոցիտի մակերեսը կազմում է մոտ 125 մկմ², ծավալը՝ 90 մկմ³: Եթե մարդու արյան միջին ծավալը 5,5 լիտր է, ապա արյան բոլոր էրիթրոցիտների ընդհանուր մակերեսը կկազմի 3500-3700 մ²։

Հատկություններ

Էրիթրոցիտներում էներգիայի փոխանակության հիմնական ուղին գլիկոլիզն է, որի ընթացքում կատարվում է ԱԵՖ-ի և ՆԱԴH2-ի առաջացում։ Գլիկոլիզի էներգիան ապահովում է կատիոնների ակտիվ տեղաշարժը բջջաթաղանթի միջով, նատրիումի և կալիումի իոնների օպտիմալ հարաբերակցությունը պլազմայում և էրիթրոցիտներում։ ՆԱԴH2-ն ապահովում է հեմոգլոբինի ակտիվ ֆունկցիոնալ վիճակը, կանխելով նրա օքսիդացումը և վերածումը մեթհեմոգլոբինի։ Երկաթի առկայությունը հեմոգլոբինում ապահովում է թարմ արյան էրիթրոցիտների դեղին գունավորումը, իսկ էրիթրոցիտների մեծ քանակությունը արյանը տալիս է կարմիր գույն։

Էրիթրոցիտի շրջանառությունը արյունատար համակարգի մեծ և փոքր շրջաններով 20 վայրկյանի ընթացքում

Արյան պատրաստուկների ներկման ժամանակ հասուն էրիթրոցիտները ցուցաբերում են օքսիֆիլիա։ Հասուն ձևերի հետ մեկտեղ նորմալ արյան մեջ պարունակվում են 1-5% էրիթրոցիտներ, որոնք աղքատ են հեմոգլոբինից։ Դրանք պոլիքրոմատոֆիլ են, այսինքն՝ ներկվում են թթվային և հիմնային ներկանյութերով։ Ադամանդային կրեզիլային կապույտով սուպրավիտալ ներկման ժամանակ դրանց ցիտոպլազմայում հայտաբերվում են հատիկացանցային կառույցներ, այդ պատճառով երիտասարդ ձևերը կոչվում են ռետիկուլոցիտներ։

Էրիթրոպոեզ և էրիթրոցիտների քայքայում

Էրիթրոցիտներն ապրում են մոտավորապես 120 օր։ Օրգանիզմում օրական քայքայվում են մոտ 200 միլիոն էրիթրոցիտներ։ Էրիթրոցիտների ծերացման ժամանակ նկատվում է մի շարք ֆերմենտների, մասնավորապես՝ հեքսոկինազայի, գլիկոզո-6-ֆոսֆոդեհիդրոգենազայի ակտիվության անկում, ինչը բերում է գլիկոլիզի և պենտոզային ցիկլի ռեակցիաների ակտիվության և ինտենսիվության նվազմանը։ Նվազում է նաև սիալաթթվի, ԱԵՖ-ի և լիպիդների քանակը, որի հետևանքով մեծանում է զգայնությունը օսմոսային լուծման նկատմամբ։Ծեր էրիթրոցիտները կորցնում են ճկունությունը, որի հետևանքով ենթարկվում են հեմոլիզի։ Տարբերում են էրիթրոցիտների ֆիզիոլոգիական և ախտաբանական հեմոլիզներ։ Ֆիզիոլոգիական հեմոլիզը կատարվում է լյարդի կուպֆերյան բջիջներում, փայծաղում և արյունատար անոթների ներսում։

Էրիթրոցիտները մարդու օնտոգենեզում

Նորածինների մոտ նրանց քանակը հասնում է 7,5 միլիոն-ի, ինչը կապված է երեխայի թթվածնային պակասի հետ, հատկապես ծնվելու պահին։ Թթվածնի մատակարարման պորտալարային ձևից թոքային շնչառության անցնելիս երեխայի էրիթրոցիտների քանակն աստիճանաբար կանոնավորվում է։ Մեծ քանակությամբ էրիթրոցիտների քայքայումը պատճառ է դառնում հեմոգլոբինի վերածմանը բիլիռուբին գունակի, որն էլ դեղնացնում է երեխայի մաշկը։ Մեկ շաբաթական երեխայի 1մմ3-ում մոտ 1 միլիոնով այն պակասում է, վեց ամսականում հասնում է 4,5 միլիոն-ի։ Նորածնի արյան մեջ սկզբնական շրջանում հայտնաբերվում են մեծ քանակությամբ կորիզավոր էրիթրոցիտներ։ Ծնվելուց մեկ օր անց նման էրիթրոցիտների թիվը 1մմ3-ում հասնում է 600-ի։ Մեկ շաբաթականների մոտ 160-ի, 30-40 օրական երեխաների մոտ սրանք արդեն գրեթե չեն հանդիպում։ Էրիթրոցիտների քանակի ավելացումը (էրիթրոցիտոզ) կարող է լինել ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում, ‎ֆիզիկական աշխատանքի ժամանակ, հղիության ընթացքում, քաղցած ժամանակ։

Ձևավոր տարրերի քանակը
Ձևավոր տարրերՔանակը
Էրիթրոցիտներ4-ից 5 միլիոն.
Լեյկոցիտներ4.000–11.000
 Գրանուլոցիտներ 
 Նեյտրոֆիլներ2.500–7.500
Էոզինոֆիլներ40–400
Բազոֆիլներ10–100
Լիմֆոցիտներ1.500–3.500
Մոնոցիտներ200–800
Թրոմբոցիտներ300.000

Գրականություն

  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ.Ն. Խուդավերդյանի և Վ.Բ. Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 95