Թոմ Գալահեր

Թոմաս Պատրիկ Գալահեր (անգլ.՝ Thomas Patrick Gallagher, սեպտեմբերի 11, 1940(1940-09-11), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 8, 2018(2018-07-08), Wall Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի պետծառայող և դիվանագետ։ ԱՄՆ-ի արտասահմանյան ծառայության պատմության մեջ առաջին աշխատակիցը, որը բացահայտորեն խոստովանել է իր համասեռամոլ կողմնորոշումը 1976 թվականին։ Նրա ներդրումը դիվանագիտության մեջ նշվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պարգևով՝ Էլինոր Դոդսոն-Թրաջենի անվան մրցանակով (2012)[1]։

Թոմ Գալահեր
 
Կրթություն՝Մոնմութ համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Կարմիր Բանկ կաթոլիկ ավագ դպրոց
Մասնագիտություն՝դիվանագետ
Ծննդյան օրսեպտեմբերի 11, 1940(1940-09-11)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օրհուլիսի 8, 2018(2018-07-08) (77 տարեկան)
Վախճանի վայրWall Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ

Անձնական կյանք

Ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի Մանհեթենում՝ իռլանդական ծագում ունեցող ամերիկացիներ վարորդ Թոմաս Գալախերի և սպասուհի Մերի Ջոզեֆ Գալախերի ընտանիքում[2]։ Նրա ծնողները աշխատել են Նյու Ջերսի նահանգի Դիլ քաղաքում։ Այդ քաղաքում է անցել Գալախերի մանկությունը։ Նախնական կրթությունը ստացել է Էսբերի Պարկ քաղաքի կաթոլիկ դպրոցում։ Ուսումը շարունակել է Ռեդ-Բանկ քաղաքի կաթոլիկ միջնակարգ դպրոցում[3]։ 1962 թվականին ավարտել է Մոնմուտի համալսարանը՝ քաղաքագիտության բակալավրի աստիճանով։ Ավելի ուշ պաշտպանել է մագիստրոսի աստիճան՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում[4][5]։

1966 թվականին ամուսնացել է Քերոլայն Ուորելի հետ։ Չնայած ամուսինների միջև լավ հարաբերություններին, 1972 թվականին ամուսնալուծվել են։ Այդ ժամանակ էլ Գալախերը դադարել է թաքցնել իր համասեռամոլ կողմնորոշումը։ 2017 թվականին նա երկրորդ անգամ ամուսնացել է Ամին Դուլկոմոնիի հետ։ Ամուսնու հետ ապրել է Տինտոն Ֆոլս քաղաքում։ Թոմաս Գալեխերը մահացել է 2018 թվականի հուլիսի 8-ին Նյու Ջերսի նահանգի Ուոլլ-Թաունշիփ քաղաքում[4][5]։

Կարիերա

Մոնմուտի համալսարանն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Խաղաղության կորպուս և հումանիտար առաքելությամբ ուղարկվել Եթովպիա[6]։ 1965 թվականին ընդունվել է Պետական դեպարտամենտ և Սաուդյան Արաբիայում անցել դիվանագիտական ծառայության։ Տեղափոխվել է Նիգերիա՝ դիվանագիտական ծառայության։ Այնուհետև Էկվադորում՝ ԱՄՆ-ի Գուայակիլ քաղաքում, ստացել է գլխավոր հյուպատոսի պաշտոն[4][5][7]։

Ամուսնալուծությունից հետո, երբ Գալախերը դադարել է թաքցնել իր կողմնորոշումը, սկսել է բացեիբաց արտահայտվել ի պաշտպանություն ԼԳԲՏ իրավունքների։ 1975 թվականին նրան հրավիրել են զեկույցով հանդես գալու Վաշինգտոնում կայացած «Համասեռամոլները և դաշնային կառավարությունը» խորագրով խորհրդաժողովում։ Գալախերը եղել է Պետդեպարտամենտի առաջին ծառայողը, որը բացահայտորեն իրեն ճանաչել է հոմոսեքսուալ։ Նրա դիրքորոշումն այս հարցում հանգեցրել է 1976 թվականին պետական ծառայությունից ազատվելուն՝ անվտանգության ծառայության կողմից ճնշման պատճառով[4][5]։

Թոմ Գալահերը վերադարձել է քաղաքացիական կյանքի։ 1970-ական թվականների վերջից մինչև 1990-ական թվականների կեսերն Լոս Անջելեսում և Կալիֆորնիա նահանգում աշխատել է որպես սոցիալական աշխատող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների համար։ 1994 թվականին վերադարձել է պետական ծառայության և ծառայել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում՝ Իսպանիայում, Բելգիայում, Էրիթրեայում և Սուդանում։ Նրա վերջին աշխատավայրը միջազգային առողջապահության վարչությունում ունեցած պաշտոնն էր։ 2005 թվականին պետական ծառայությունից անցել է թոշակի։ 2012 թվականին արժանացել է Էլինոր Դոդսոն-Թրաջենի անվան մրցանակին։ Ամբողջ աշխարհում ակտիվորեն հանդես է եկել ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության օգտին[4][5]։ 2014 թվականին Մոնմուտի համալսարանի մրցանակի հանձնման ելույթի ժամանակ Գալախերն ասել է. «Համասեռամոլությունը շարունակում է պատժվել մահվամբ աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում։ Սաուդյան Արաբիայի գիտնականները քննարկում են, թե արդյոք իսլամը կդառնա ավելի ուղղափառ՝ համասեռամոլներին քարկոծելով, այլ ոչ թե նրանց գլխատելով։ Բրունեյը, Նիգերիան, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան և Ուգանդան վերջերս խոշոր քայլեր են ձեռնարկել։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»[4]։

Ծանոթագրություններ