Կոմմագենե

Կոմմագենե, Կումմախա, Կամմուխու, Կամախ, հելլենիստական շրջանի հայկական թագավորություն Եփրատի արևմտյան ափին (այժմ՝ Թուրքիայի Մալաթիա իլի (վիլայեթի) մեջ)։ Սահմաններն էին՝ հյուսիսից՝ Տավրոսի լեռնաշղթան, արևմուտքից՝ Ամանոսի լեռներն ու Կիլիկիան, հարավից՝ Ասորիքը, արևելքից՝ Եփրատը։ Գլխավոր քաղաքը Սամոսատն էր (ներկայումս՝ Սամսատ, Ադիամանի նահանգում)։

Կոմմագենեի արքայական դրոշը

Պատմություն

Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը

Կոմմագենեն Ք. ա. II հազարամյակի վերջին Փոքր Ասիայի արևելքում և Ասորիքի հյուսիսում առաջացած ուշ հեթիթական (հաթական, խեթական) պետություններից էր՝ լուվիական բնակչությամբ։ Ընկնելով հայ-ասորեստանյան հակամարտությունների ոլորտը, Կոմմագենեն բազմիցս ապավինել է Ուրարտուի հզորությանը՝ պաշտպանվելով Ասորեստանի ոտնձգություններից։ Աքեմենյանների օրոք Կոմմագենեն կազմել է հայկական սատրապության, ապա Երվանդունիների հայկական պետության մասը։ Ք. ա. 3-րդ դարի առաջին կեսին ստեղծվել է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ պետությունը, որտեղ թագավորել են Երվանդունի Սամոսն (Ք. ա. 3-րդ դարի կես) ու Արշամը (Ք. ա. 240—220-ական թթ.)։ Ք. ա. 3-րդ դարի վերջին Կոմմագենեն անջատվել է Ծոփքից ու ենթարկվել Սելևկյաններին։ Կոմմագենեի կառավարիչ Պտղոմեոսի օրոք Կոմմագենեն վերականգնել է իր անկախությունը։ Կոմմագենեում հաջորդաբար իշխել են Սամոս Բ-ն, Միհրդատ Կալլինիկոսը, Անտիոքոս Ա-ն։ Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի օրոք Կոմմագենեն մտել է հայկական պետության կազմի մեջ։ Ք. ա. 1-ին դարի երկրորդ կեսին Կոմմագենեում հաստատվել է Հռոմի գերիշխանությունը։ 72 թվականին գահընկեց անելով Կոմմագենեի վերջին թագավոր Անտիոքոս IV Ֆիլոպապպոսին՝ Հռոմի կայսր Վեսպասիանոսը Կոմմագենեն միացրել է Ասորիք պրովինցիային։ Միջնադարում Կոմմագենեն դարձել է ասորական լեզվի և գրականության զարգացման օջախներից մեկը։ Կոմմագենեի մշակութային կենտրոնների հետ է կապված հայ գրերի գյուտը։ Արաբա-բյուզանդական պատերազմների ժամանակ Կոմմագենեի տարածքն ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։ 11-րդ դարում Կոմմագենեի տարածքը մտել է Փիլարտոս Վարաժնունու իշխանապետության մեջ, ապա մինչև 14-րդ դարի վերջը ենթարկվել Կիլիկիայի հայկական պետության ազդեցությանը։

Բնակչություն և մշակույթ

Ք. ա. I հազարամյակի երկրորդ կեսից մինչև 1915 թվականը Կոմմագենեում ապրել է հայ բնակչություն։ Կոմմագենեի տարածքը հարուստ է ուշ խեթական, հելլենիստական դարաշրջանի և միջնադարյան (ասորական, հայկական) հուշարձաններով։ Կոմմագենեի Երվանդունի թագավորների հիմնած քաղաքների (Սամոսատ, Սամոկերտ, Արշամաշատ, Արսամեա) ու սրբավայրերի մնացորդները կարևոր աղբյուր են արևելյան, հատկապես՝ Հայաստանի հելլենիստական շրջանի քաղաքաշինության, ճարտարապետության, քանդակագործության ու կրոնական պատկերացումների մասին։

Արքայացանկ

ԹագավորԿառավարման տարիններՏարածքՆշումներ
Սամոս Ա Երվանդունիմ.թ.ա. 260 - 240ԿոմմագենեԵրվանդ Գ-ի որդի, հիմնադրել է Սամոսատ քաղաքը
Արշամմ.թ.ա. 240 - 220Ծոփք և ԿոմմագենեՍամոսի որդին, կառուցել է Արշամաշատ մայրաքաղաքը
Քսերքսես Երվանդունիմ.թ.ա. 220 - 212Ծոփք և ԿոմմագենեԱրշամի որդին
Աբդիսարմ.թ.ա. 212 - 200Ծոփք և ԿոմմագենեՔսերքսեսի որդին
Պտղոմեոս Կոմմագենացի, սատրապմ.թ.ա. 200 - 163ԿոմմագենեԵրվանդ Դ-ի որդին, Արշամի թոռը
Պտղոմեոս Կոմմագենացի, թագավորմ.թ.ա. 163 - 130ԿոմմագենեԵրվանդ Դ-ի որդին, Արշամի թոռը
Սամոս Բմ.թ.ա. 130 - 109ԿոմմագենեՊտղոմեոսի որդին
Միհրդատ Ա Կալլինիկուսմ.թ.ա. 96 - 70ԿոմմագենեՍամոս Բ-ի որդի
Անտիոքոս Ա Կոմմագենացիմ.թ.ա. 70 - 38ԿոմմագենեՄիհրդատ Ա-ի որդի
Միհրդատ Բ Կոմմագենացիմ.թ.ա. 38 - 20ԿոմմագենեԱնտիոքոս Ա-ի որդի
Անտիոքոս Բ Կոմմագենացիմ.թ.ա. 20 - 20ԿոմմագենեԱնտիոքոս Ա-ի որդի
Միհրդատ Գ Կոմմագենացիմ.թ.ա. 20 - 12ԿոմմագենեՄիհրդատ Բ-ի որդի
Անտիոքոս Գ Կոմմագենացիմ.թ.ա. 12 - 17ԿոմմագենեՄիհրդատ Գ-ի որդի
Անտիոքոս Դ Կոմմագենացի17/38 - 72ԿոմմագենեԱնտիոքոս Գ-ի որդի

Գրականություն

  • Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971, բաժին, Երևան
  • «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1956
  • Humann K., Puchstein O., Reisen in Kleinasien und Nordsyrien, B., 1890
  • Honigmann E., Kommagene - Paulys Real encyclopädie der classischen alterumswissenschaft. Supplementband IV, Stuttgart, 1924, S. 983
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 543