Հակահեղափոխություն

Հակահեղափոխություն, հասարակական պրոցես, հակադրվում է ցանկացած տեսակի հեղափոխությանը։ Տվյալ երևույթի ժամանակ իշխանությունից զրկված (զրկվող) դասակարգերը փորձում են վերականգնել կամ պահպանել ստատուս քվոն։

Կարմիր բանակը հարձակվում է կրոնշտադտյան հակաբոլշևիկյան ուժերի վրա (մարտ, 1921)

Պատմության ընթացքում տիրապետող դասակարգերը մեծ մասամբ երբեք կամովին չեն զիջում իշխանությունը, այդ իսկ պատճառով էլ ամեն մի հեղափոխության անխուսափելիորեն ուղեկցվում է հակահեղափոխության այս կամ այն դրսևորմամբ։ Հեղափոխության և հակահեղափոխության հակամարտությունը դասակարգային պայքարի օբյեկտիվ օրինաչափություն է համարվում, և յուրաքանչյուր առանձին դեպքում այդ հակամարտության ելքը նախապես հայտնի չէ, հիմնականում կախված լինելով հակամարտ կողմերի ուժերի հարաբերակցությունից, հակառակորդին ճիշտ որոշելու և ուժերը համախմբելու նրանց կարողությունից, հաճախ նաև արտաքին միջամտությունից։ Երբեմն հակահեղափոխությունը հաղթում է, և հեղափոխությունը պարտվում (օրինակ՝ 1848-1849 թվականների հեղափոխությունը Գերմանիայում, 1871 թվականի Փարիզի կոմունան, 1930-ական թվականներին դեմոկրատական հեղափոխությունը Իսպանիայում, 1970-ական թվականների սկզբի դեմոկրատական հեղափոխությունը Չիլիում և այլն)։ Ռեստավրացիան երբեմն լինում է լրիվ, այսինքն՝ ամբողջությամբ վերականգնվում է հեղափոխությունից առաջ գոյություն ունեցած կացութաձևը։ Երբեմն հեղափոխական ցնցումն այնքան ուժեղ է լինում, որ թեև տեղի է ունենում վերադարձ դեպի նախկին կացութաձևը, բայց տվյալ երկրի կառավարման համակարգում պահպանվում են հեղափոխությամբ ձեռք բերված տեղաշարժերը։

Հակահեղափոխությունը (ինչպես և հեղափոխությունը) դրսևորվում է տարբեր ձևերով՝ զինված դիմադրություն, քաղաքացիական պատերազմ, խռովություններ, դավադրություններ, սաբոտաժ և դիվերսիա, օտարերկրյա ներխուժում, շրջափակում։ Հակահեղափոխությունն օգտվում է նաև հեղափոխական դասակարգերի և կուսակցությունների սխալներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 61