Հակահերոս

Հակահերոս, գրական կերպար, որը զուրկ է հերոսական գծերից (ինչպիսիք են իդեալիզմը, քաջությունը և բարոյականությունը[1][2][3][4][5]) կամ օժտված է ակնհայտ բացասական գծերով, բայց չնայած դրան՝ կենտրոնական դիրք է զբաղեցնում գրական կամ այլ ստեղծագործության մեջ[6]։ Հակահերոսին մոտ հասկացություններ են տրիկստերը և բայրոնյան հերոսը[7]։

Հմայիչ խաբեբա Օստապ Բենդերը՝ հակահերոս Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի գրքերից

Հակահերոսը չի նույնանում չարագործի կամ անտագոնիստի՝ պրոտագոնիստի հակառակորդի հետ։ Դրական գծերով օժտված չարագործին երբեմն անվանում են հակաչարագործ[8]։ Չնայած նրան, որ հակահերոսը երբեմն կարող է կատարել գործողություններ, որոնք բարոյապես ճիշտ են, միշտ չէ, որ դա ունենում է ճիշտ դրդապատճառներ, հաճախ նա գործում է հիմնականում անձնական շահերից ելնելով կամ վարվում է այնպես, ինչը դեմ է ընդհանուր ընդունված էթիկայի կանոններին[9]։

Հասկացության պատմություն

Արդեն հին դիցաբանության հանդիպում են երկիմաստ, բարոյապես «գորշ» հերոսներ, հատկապես տրիկստերներ, ինչպիսիք են Լոկին սկանդինավյան ժողովուրդների, Պանը հույների կամ Պեկը կելտերի մոտ։ Ամենավաղ հակահերոսը Հոմերոսի Թերսիտեսն է[10]:197–198։ Այս գաղափարը հայտնաբերվել է նաև դասական հունական դրամայում[11], հռոմեական սատիրայում և Վերածննդի գրականության մեջ, ինչպես, օրինակ, «Դոն Կիխոտը»[11][12] և խաբեբայապատումները[13]։ Հակահերոսներ կարելի է գտնել բանահյուսության, ժողովրդական հեքիաթների, առակների մեջ, որտեղ հաճախ հանդիպում են զավեշտական հակահերոսներ՝ վախկոտ, հիմար, ժլատ։

Որոշակի պահ, երբ հակահերոսը հայտնվել է որպես գրական այլաբերություն, հնարավոր չէ նշել։ Antihero տերմինն սկսել է կիրառվել 1714 թվականին։ Ժամանակի ընթացքում հակահերոսը զարգացել է՝ փոխվելով (ինչպես հերոսի հասարակական հասկացության տեսանկյունը) Ֆաուստից և Շեքսպիրի Ֆալստաֆից դեպի Ֆիլիպ Թեյլորի «ավազակի խոստովանությունները»[14]։ 19-րդ դարում գրական ռոմանտիզմը նպաստել է հակահերոսի նոր տիպերի տարածմանը[15][16], ինչպիսին է գոթական նմանակը[17]։

Դասական գրականությունում

Հակահերոս է վաշխառու Գոբսեկը՝ Օնորե դը Բալզակի համանուն ստեղծագործության կերպարներից մեկը։ Նա առանձնանում է ագահությամբ, խորամանկությամբ և ցինիզմով։ Բացի այդ, ենթադրություն կա, որ նա ծովահեն է եղել։ Միևնույն ժամանակ, Գոբսեկը կարող է ընթերցողի մոտ համակրանք առաջացնել իր գործարար խորաթափանցության, ձեռներեցության և ողջախոհության շնորհիվ։

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի դասական գրականության բնորոշ հակահերոսը եղել է բայրոնյան հերոսը՝ կասկածող ու ըմբոստ ավելորդ մարդը։ Նման հակահերոսներ էին նաև Եվգենի Օնեգինը Պուշկինի համանուն ստեղծագործությունից և Ռոդիոն Ռասկոլնիկովը Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպից[18]։

Հեքլբերի Ֆինին (1884) անվանել են ամերիկյան մանկական գրականության առաջին հակահերոսը[19]։ Սոմերվիլի և Ռոսսի «Իսկական Շառլոտը» (1894) ստեղծագործության կերպարներից Շառլոտ Մալենը նկարագրվել է որպես հակահերոսուհի[20][21][22]։

19-րդ դարի երկրորդ կեսի ռուս գրականության մեջ հակահերոսը հանդես է գալիս որպես մարդ, ում գոյությունն անիմաստ է, անուրախ, ենթակա է միջավայրի կարծրատիպերին և սեփական եսասիրական մղումներին։ Այդ արքետիպը հատուկ մարմնավորում է ստանում, օրինակ, Չեխովի և Դոստոևսկու ստեղծագործությունների կերպարներում, ինչպիսիք են Բելիկովը, Սվիդրիգայլովը, Լուժինը[14]։

Դոստոևսկին, որը գրական շրջանառության մեջ է դրել «антигерой» տերմինը («Գրառումներ ընդհատակից», ռուս.՝ «Записки из подполья», 1864), դրանում տեսել է հակապատկերի և միևնույն ժամանակ ավանդական դրական հերոսների անկատար «մրցակցի»։ Հակահերոսն իր սուր ռեֆլեքսիայով և զգայունությամբ ձգտում է իդեալին, բայց ունակ չէ իր ճնշող միջավայրի հերոսական ներքին հաղթահարման։ Հակահերոսը շարունակում է արևմտյան գրականության բայրոնյան կերպարների և ռուս գրականության «ավելորդ մարդկանց» (Օնեգին, Պեչորին) գիծը, բայց սոցիալական նվաստացման և անձեռնմխելիության հատկանիշների ավելացմամբ, ինքնամերկացման մոտիվների ուժեղացմամբ և «իրերի կարգավորման» կոչով[6]։

«Հակահերոս» հասկացությունը երբեմն վերագրվում է 20-րդ դարի երկրորդ կեսի արևմտյան մոդեռնիստական գրականության կերպարին՝ սովորական, անդեմ մարդուն, որը, ի տարբերություն 19-րդ դարի դասական արձակի «փոքր մարդու», ոչ այնքան հեղինակի կարեկցանքի առարկա է դառնում, որքան իր թշնամական աշխարհում գրողի կորստյան և օտարացման արտահայտիչը։ Նեոավանգարդիստական արձակում և դրամատուրգիայում նման կերպարը վերջնականապես վերածվում է իռացիոնալ և անհեթեթ ուժերի կիրառության անանուն կետի[6][14]։

Խորհրդային ժամանակաշրջանի ռուս գրականության մեջ հակահերոսների շարքին կարելի է դասել Ալեքսանդր Վամպիլովի («Բադի որս» (ռուս.՝ «Утиная охота») դրամա, 1967), Անդրեյ Բիտովի («Պուշկինյան տուն» (ռուս.՝ «Пушкинский дом») վեպ, 1971, հրատ.՝ 1978)՝ «պաշտոնական» իրականության մեջ չներգրավվող բարոյապես երկակի հերոսներին։ Հետխորհրդային գրականության նորագույն հակահերոսներից մեկը Վլադիմիր Մականինի «Անդեգրաունդ, կամ Մեր ժամանակի հերոսը» վեպի (ռուս.՝ «Андеграунд, или Герой нашего времени», 1998) գլխավոր հերոսն է, որը բազմաթիվ հեղինակային տրամադրությունների արտահայտիչն է «վերակառուցման» և «հետվերակառուցման» դարաշրջանում[6]։

Փոփ մշակույթում

Ալեքսը՝ «Լարովի նարինջ» ֆիլմի և վեպի գլխավոր հակահերոսը

Հակահերոսը լայն տարածում է ստացել ժամանակակից արևմտյան զանգվածային մշակույթում, օրինակ՝ կոմիքսներում։ 20-րդ դարի կեսերի Pulp-ամսագրերի և նուար-դետեկտիվների շնորհիվ հայտնի են դարձել Սեմ Սփեյդի նման կերպարները։ Սերջիո Լեոնեի «սպագետտի-վեստերնները» ներկայացրել են ինքնադատաստանի ենթարկող թափառականի (այսպես կոչված «Անանուն մարդ», որին մարմնավորել է Քլինթ Իսթվուդը), որի անբարյացկամ վարքը տարբերվել է այլ հերոսական հատկանիշներից։ Որպես կանոն, հակահերոսն այստեղ ներկայացվում է որպես բացասական հատկություններ ունեցող կերպար, որոնք ավանդաբար վերագրվում են սրիկաներին կամ ոչ հերոսներին, բայց, այնուամենայնիվ, ունի նաև բավական հերոսական հատկանիշներ, որպեսզի արժանանա հանդիսատեսի համակրանքին[14]։ 20-րդ դարի գրականության մեջ հակահերոսների մյուս դասական օրինակներից են Ալեքսը Էնթոնի Բյորջեսսի «Լարովի նարինջ» վեպից[23], Թայլեր Դուրդենը Չակ Պալանիկի «Մարտական ակումբ» վեպից, Գլեբ Ժեգլովը Վայներ եղբայրների «Գթասրտության դարաշրջան» վեպից[24] և այլն։

Հակահերոսը բնորոշ է պլուտոսյան վեպին։ Նման ստեղծագործություններում պրոտագոնիստը հանցագործություններ է կատարում, որոնք բարոյական արդարացում չեն ստանում հեղինակի կողմից։ Սակայն հերոսը, միևնույն ժամանակ, հանդես է գալիս որպես տրիկստեր և արժանանում է ընթերցողի համակրանքին ոչ թե իր բարոյական հատկանիշների, այլ խելքի, ճարպկության և վճռականության շնորհիվ։ Այս տիպի հակահերոսների դասական օրինակներ են Ռեյնեկե աղվեսը «Վեպ աղվեսի մասին» ստեղծագործությունից, Չիչիկովը Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպից, Օստապ Բենդերն Իլֆի և Պետրովի գրքերից, Արսեն Լյուպենը։ Հանցագործ-հակահերոսի մյուս տեսակը ներկայացված է քրեական վեպում և քրեական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կնքահայրը»[25], «Սպիով դեմքը»[26], «Կառլիտոյի ուղին», Քվենտին Տարանտինոյի («Քրեական ընթերցվածք», «Նողկալի ութնյակը», «Կատաղած շներ») և Գայ Ռիչիի («Խաղաթղթեր, փող, երկու փող», «Մեծ խաղագումար») բազմաթիվ ֆիլմերում։ Այստեղ հեղինակները չեն ցանկանում ոչ արդարացնել գլխավոր հերոսի հանցագործությունը, ոչ էլ համակրանք առաջացնել նրա նկատմամբ, այլ միայն ցույց են տալիս նրան՝ որպես քրեական աշխարհի տիպիկ ներկայացուցիչ։ Ոճով դրան նման Grand Theft Auto խաղերի շարքում խաղացողը կառավարում է հակահերոս գանգստերին։

Սուպերհերոսական կոմիքսներում հաճախ հանդիպում են հակահերոսական կերպարներ, ինչպիսիք են Դեդփուլը, Ռորշախը, դատավոր Դրեդը, Կուղխը, որոնք պայքարում են չարագործների և սուպերչարագործների դեմ՝ կիրառելով ծայրահեղ դաժան մեթոդներ[27][28]։

Հակահերոսներ հանդիպում են նաև մանկական գրականության մեջ։ Օրինակ, Նիկոլայ Նոսովիի գրքերի հերոս Անգետիկը հակահերոս է, նրա թերությունները և հիմար արարքները ծառայում են որպես բացասական օրինակ երեխաների համար[29], միևնույն ժամանակ՝ նա բավականին դրական կերպար է չարագործ լինելու համար։ Ոմանք[30] հակահերոս են համարում նաև Աստրիդ Լինդգրենի գրքերի հերոս պարծենկոտ Կառլսոնին։

Ազդեցությունը հասարակական բարոյականության վրա

Խորհրդային դերասան և ռեժիսոր Գեորգի Բուրկովը, իր օրագրում անդրադառնալով 1980-ական և 1990-ական թվականների սահմանագծին հակահերոսների մեծ թիվը, այսպես է մեկնաբանում այդ միտումը[31].

Չարի մեջ ամենասարսափելին ինքնարդարացումն է։ Կրկնակի սարսափելի է, երբ անարժան մարդու արդարացմամբ զբաղվում է արվեստը։ Այսօր էկրանին հայտնվում են շատ, այսպես կոչված, հակահերոսներ, և, ավաղ, շատ հաճախ այդ ֆիլմերի հեղինակներն ասես հանդիսատեսին ասում են՝ նայեք, նա այսպիսին է, որովհետև․․․ Եվ ներկայացնում են արդարացումների մի ամբողջ համակարգ, կարճ ասած՝ հանգամանքներն են մեղավոր։ Դա, իմ կարծիքով, վտանգավոր դիրքորոշում է։ Արվեստը պետք է մարդու մեջ խիղճ արթնացնի․ այդ ժամանակ է այն բարի է։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Антигерой // Литературная энциклопедия терминов и понятий / Под ред. А. Н. Николюкина. — Институт научной информации по общественным наукам РАН: Интелвак, 2001. — 1596 с. — ISBN 5-93264-026-X
  • Daniel Marshall. The Cinema Anti-Hero // ATHENA PressPUB Company, 2003. ISBN 1-84401-067-8, 9781844010677
  • David Simmons. The Anti-Hero in the American Novel: From Joseph Heller to Kurt Vonnegut // American Literature Readings in the Twenty-First Century. Palgrave Macmillan, 2008. ISBN 0-230-60323-8, 9780230603233
  • Lilian R Furst, James Darrell Wilson. The Anti-hero: his emergence and transformations // Studies in the literary imagination; vol. 9, no. 1. Dept. of English, Georgia State University, 1976
  • Живолупова Н. В. «Записки из подполья» Ф. М. Достоевского и субжанр «исповеди антигероя» в русской литературе второй половины 19-го — 20-го века: Монография. — Нижний Новгород: Дятловы горы, 2015. — 736 с.
  • Simmons, David (2008). The Anti-Hero in the American Novel: From Heller to Vonnegut. Palgrave Macmillan. ISBN 978-0230603233.