Հայ-վրացական սահման

Հայ-վրացական սահման (վրաց.՝ სომხეთ-საქართველოს საზღვარი), Հայաստանի և Վրաստանի միջև իրավականորեն չհստակեցված, փաստացի շփման գիծ[1]։ Այն պաշտոնապես դեռևս հստակեցված և համաձայնեցված չի կողմերի միջև[1]։ Ունի 219 կմ երկարություն (136 մղոն) և անցնում է արևմուտքում Թուրքիայի հետ շփման գծի հատման կետից մինչև արևելքում Ադրբեջանի հետ շփման գծի հատման կետ։

Նկարագրություն

Սահմանն արևմուտքում սկսվում է Թուրքիայի հետ սահամանային հատման կետից և ցամաքային ճանապարհով շարունակվում մինչև Ադրբեջանի հետ սահմանային հատման կետ՝ մի շարք անկանոն գծերով, և արևելքում գտնվող փոքր հատվածով՝ Դեբեդ գետի երկայնքով։ Սահմանի արևմտյան, ավելի լեռնային հատվածում կա երկու լիճ, որոնք գտնվում են սահմանին բավականին մոտ՝ Մադաթափա (Վրաստանում) և Արփի (Հայաստանում)։

Պատմություն

19-րդ դարի ընթացքում Կովկասը հակամարտության գոտի էր դարձել անկում ապրող Օսմանյան կայսրության, Պարսկաստանի և Ռուսաստանի միջև․ վերջինս ընդարձակվում էր դեպի հարավ[2]։ Ռուսաստանը 1801 թվականին պաշտոնապես բռնակցել է Քարթլի-Կախեթիի արևելավրացական թագավորությունը, իսկ այնուհետև Իմերեթի արևմտավրացական թագավորությունը 1804 թվականին։ 1800-ական թվականների ընթացքում Ռուսաստանն իր հարավային սահմանները ընդարձակել է դեպի հարավ՝ ի հաշիվ Պարսկաստանի և Օսմանյան կայսրության[3]։ Ռուս-պարսկական պատերազմի (1804-1813) և դրան հաջորդած Գյուլիստանի պայմանագրի արդյունքում Ռուսաստանը ձեռք է բերել ժամանակակից Ադրբեջանի տարածքի մեծ մասը և ժամանակակից Հայաստանի հարավային Սյունիքի մարզի տարածքները[4][5]։ Ռուս-պարսկական պատերազմից (1826-1828) և Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկաստանը ստիպված Ռուսաստանին է զիջել Նախիջևանը և մնացած հայկական տարածքները[5][6]։ Ռուսաստանը իր վրացական և հայկական տարածքներից կազմավորել է Թիֆլիսի, Քութայիսիի և Երևանի նահանգները։

Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության վիճելի տարածքների քարտեզը, որի վրա Լոռվա վիճելի մարզը նշված է վարդագույն գույնով

1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո Հարավային Կովկասի ժողովուրդները 1918 թվականին հռչակել են Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության անկախությունը, ինչից հետո օսմանյան թուրքերի հետ սկսվել են խաղաղ բանակցություններ[7][8]։ Ներքին տարաձայնությունները հանգել են նրան, որ 1918 թվականի մայիսին Վրաստանը դուրս է եկել միության կազմից, իսկ շուտով դրան հաջորդել են Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն երեք հանրապետությունների միջև սահմանները եղել են վիճարկելի[9]։ Բաթումի հաշտության պայմանագիրը 1918 թվականի հունիսին վերջ է դրել ԱԺԴՀ-ի և Օսմանյան կայսրության միջև ընթացող ռազմական գործողություններին։ Երբ 1918 թվականի հոկտեմբերին օսմանյան թուրքերը լքել են ժամանակակից Լոռու մարզի տարածքը, այդ տարածքը վիճելի է դարձել Հայաստանի և Վրաստանի միջև, որի հիմնական մասը նախկին Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի և Ախալքալաքի գավառների մեջ էր մտնում[10][11]։ Վրաստանը հայտարարեց, որ նախկին Թիֆլիսի նահանգի հարավային սահմանները պետք է ձևավորեն Հայաստանի և Վրաստանի նոր միջպետական սահմանը, մինչդեռ Հայաստանը հայտարարեց, որ սահմանը պետք է վերաձևակերպվի այնպես, որ տեղերում արտացոլի էթնիկ իրադրությունը[11]։ Սահմանային հարցի կարգավորման խաղաղ բանակցությունների անհաջողությունից հետո հոկտեմբերին տեղի ունեցան բախումներ, ինչին դեկտեմբերին հաջորդեց կարճատև պատերազմ[9][11]։ 1919 թվականի հունվարի 17-ին անգլիացի Ուիլյամ Մոնտգոմերի Թոմսոնի միջնորդությամբ կնքվեց հաշտություն, և վիճելի շրջանը հայտարարվեց չեզոք գոտի՝ մինչև հետագա խաղաղ բանակցությունները[9][11]։ Դրանից հետո Հայաստանն ու Վրաստանը մտան ժամանակակից արևելյան Թուրքիայի՝ Կարսի տարածքի մեջ՝ միացնելով ցամաքային տարածքներ և հետագայում առաջացնելով տարածքի սեփականության շուրջ վիճելի հարցեր;

Այս հարցը վիճելի դարձավ նաև այն ժամանակ, երբ 1920 թվականին ռուսական կարմիր բանակը ներխուժեց Ադրբեջան և Հայաստան՝ վերջ դնելով երկու երկրների անկախությանը, ապա 1921 թվականի փետրվար-մարտին խորհրդայնացվեց նաև Վրաստանը։ Թուրքիան, օգտվելով Հայաստանի արևելքում հողեր գրավելու հնարավորությունից, ներխուժեց Հայաստան, իսկ Վրաստանը Հայաստանի համաձայնությամբ զորքեր մտցրեց Լոռիի չեզոք գոտի, որպեսզի թույլ չտա, որ այն հայտնվի Թուրքիայի ձեռքում[11], սակայն դա չէր առաջացնում ոչ մի նոր իրավունք Լոռու չեզոք գոտու հանդեպ։ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի սահմանը վերջնականապես ձևակերպվեց 1921 թվականի հոկտեմբերին Կարսի պայմանագրով, որն այդպիսով ամրագրեց հայ-վրացական սահմանի արևմտյան սահմանը[11]։ Երբ 1921 թվականի սկզբին երկու երկրներում հաստատվել են խորհրդային իշխանություններ, նրանք հանդես են եկել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի վերջնական սահմանազատման օգտին՝ Լոռու չեզոք գոտին բաժանելով երկու մասի (հիմնականում հօգուտ Հայաստանի) և սահմանելով ներկայիս սահմանը, պայմանավորվածությունը վերջնական տեսքի բերվեց 1921 թվականի նոյեմբերի 6-ին[9][12]։ 1922 թվականին բոլոր երեք պետություններն ընդգրկվեցին Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետության մեջ՝ ԽՍՀՄ կազմում, որի կազմում մնացին մինչև 1936 թվականին առանձնանալը[11]։

Հայաստանի և Վրաստանի խորհրդային հանրապետությունների սահմանը 1926 թ. Բորչալիի շրջանի հյուսիսային մաս, ՀՍՍՀ մաս:

Սահմանը դարձավ միջազգային սահման 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից և նրա կազմի մեջ մտնող հանրապետությունների անկախացումից հետո[9]։ 1994 թվականին երկու երկրներն էլ սկսեցին իրենց սահմանի սահմանազատման աշխատանքները։ Վրաստանում գոյություն ունի հայկական մեծ փոքրամասնություն, հատկապես կենտրոնացած Սամցխե-Ջավախքի սահմանային նահանգում[13][14]։ Սակայն ոչ հայկական, ոչ էլ վրացական կառավարությունները չեն պնդել, որ իրենց միջև հին խորհրդային սահմանը վերականգնվի[11]։

Սահմանին կից բնակավայրեր

Հայաստան

Վրաստան

Սահմանահատում

Տես նաև

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ