Հավատքի ազատություն


Հավատքի ազատություն, համայնքի կամ անհատի ազատություն իր դավանանքի հարցում։ Մարդը ինքն է որոշում հետևի՞ որևէ դավանանքի, թե՞՝ ոչ[1]։

Մարդիկ աղոթում են Հինդու աստվածության Բրահմա աստծուն, Բանկգկոկի Երավան տաճարում։

Հավատքի ազատությունը համարվում է մարդու հիմնական իրավունքներից մեկը։ Եթե որևէ պետության սահմանադրությամբ ամրագրված է որևէ կրոն, ապա դա չի նշանակում, որ այլ կրոն դավանողները հետապնդվելու են[2][3]։

Հավատքի ազատությունը կարելի է տարբեր կերպ ընկալել։ Այն իրավունք է տալիս մարդուն հավատալ այն, ինչ ինքն է ցանկանում։ Այն հնարավորություն է տալիս անհատին նաև չունենալ հավատք։ Կարելի է մեկնաբանել նաև այսպես․ ունենալ հավատք, չի նշանակում հրապարակային դա ցույց տալ, կամ պարտադիր որևէ պաշտամունքային վայր գնալ։

Պատմություն

Միներվան՝ որպես իմաստության խորհրդանիշ, պաշտպանում է բոլոր կրոնների հավատացյալներին (Դանիել Խոդովիեչկի 1791)

Պատմականորեն կրոնի ազատությունը օգտագործվել է աստվածաբանական տարբեր համակարգերի հանդուրժողականության համար։ Մինչդեռ հավատքի ազատությունը սահմանվել է որպես անհատի գործողությունների ազատություն։ Սակայն այս ազատությունը տարբեր աստիճան է ունեցել։ Չնայած նրան, որ շատ երկրներ իրենց օրենսդրությամբ ընդունել են կրոնի ազատությունը, սակայն հասարակությունը դա քարկոծել է կամ պատժիչ միջոցներ է ձեռնարկվել։ Նման օրինակ կարելի է բերել իսլամադավան հասարակությանը։

Մարդու և Քաղաքացու իրավունքների հռչակագիրը (1789)

Դեռևս Մ․թ․ա․ 550 թվականին, երբ Կյուրոս Մեծը ստեղծեց Աքեմենյան կայսրությունը, մա թույլատրեց հավատքի ազատություն կայսրության ողջ տարածքում, որն ստացավ Կյուրոսի մագաղաթ անվանումը[1][2]։

Հավատքի ազատության իրավունք եղել է նաև Հին Հնդկաստանվ՝ Մաքուրիա կայսի օրորք՝ Ք․ա․ 3-րդ դարում։ Իսկ հին հռոմեացիները հանդուրժում էին տարբեր ազգերի կրոնները։ Նրանք իրենց հպատակներին թույլ էին տալիս շարունակել երկրպագել իրենց աստվածներին։ Չնայած այստեղ եղել են ժամանակներ, երբ քրիստոնյաները հալածվել են։ Հենց նույն Հռոմեական կայսրությունում էլ եղել են ժամանակներ, երբ Քրիստոնեությունը եղել է իշխող կրոն և հալածվել են մյուս կրոնները[4][5]։

1981 թվականի նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց հռչակագիր՝ Կրոնի կամ հավատքի հիման վրա անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին։ Այս հռչակագիրը ճանաչում է կրոնի ազատությունը, որպես մարդու հիմնարար իրավունք`միջազգային իրավունքի մի շարք այլ գործիքների համաձայն[6]։

Այնուամենայնիվ, միջազգային հանրության կողմից ընդունված կրոնի ազատության իրավունքը երաշխավորող ամենակարևոր պարտադիր իրավական գործիքները Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան է, որի հոդված 14-ում գրված է հետևյալը. «Մասնակից պետությունները հարգում են երեխայի իրավունքը մտքի, խղճի և կրոնի ազատությունը։ Պետությունները պետք է հարգեն ծնողների և, հարկ եղած դեպքում, օրինական խնամակալների իրավունքներն ու պարտականությունները, երեխային ուղղորդություն տրամադրեն իր իրավունքի իրացման գործընթացում։ Սեփական կրոնի կամ համոզմունքների դրսևորման ազատությունը կարող է ենթակա լինել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պաշտպանելու հասարակական անվտանգությունը, կարգը, առողջությունը կամ բարքերը, կամ այլոց հիմնական իրավունքներն ու ազատությունները»[7]։

Արդի բանավեճեր

Աստվածաբանական ոչ աստվածաբանական և աթեիստական համոզմունքներ

1993 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարեց, որ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածը «պաշտպանում է թեմատիկ, ոչ աստվածաբանական և աթեիստական հավատալիքները, ինչպես նաև՝ որևէ կրոն կամ հավատք չունենալու իրավունք»[8]։ Հանձնաժողովը նաև նշեց, որ «կրոն կամ հավատ ունենալու կամ ընդունելու ազատությունը անպայման ենթադրում է կրոն կամ հավատք ընտրելու ազատություն, ներառյալ՝ ներկայիս կրոնը կամ հավատը մեկ ուրիշով փոխարինելու կամ աթեիստական հայացքներ ընդունելու իրավունքը»։ Կոնվենցիայի ստորագրող կողմերին արգելվում է «ֆիզիկական ուժի կամ պատժամիջոցների կիրառման սպառնալիք կիրառելը՝ հավատացյալներին կամ ոչ հավատացյալներին պարտադրելու համար» իրենց հավատալիքները վերափոխելու կամ փոխակերպելու համար։ Չնայած դրան՝ փոքրամասնությունների կրոնները դեռ հետապնդվում են աշխարհի շատ մասերում[9][10]։

Աշխարհիկ լիբերալներ

Ադամ Սմիթը՝ կրոնի ազատության ջատագովներից մեկը

Ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերը անգլիական հասարակության մասին իր «Գրություններ անգլիացիների մասին» գրքում նշել է, որ բազմազան հասարակության մեջ կրոնի ազատությունը խորապես կարևոր է այդ երկրում խաղաղության պահպանման համար։ Դա կարևոր էր նաև հասկանալու համար, թե ինչու այդ ժամանակ Անգլիան ավելի բարեկեցիկ երկրի էր, պակաս կրոնական հանդուրժող եվրոպական հարևանների համեմատ[11]։

Ադամ Սմիթը «Ազգերի հարստություն» գրքում նշում է, որ պետք է թույլ տալ, որ մարդիկ ազատորեն ընտրեն իրենց կրոնը, քանի որ դա օգնում է կանխել քաղաքացիական անկարգությունները և նվազեցնել անհանդուրժողականությունը։ Քանի դեռ կան բավականաչափ տարբեր կրոններ և կրոնական աղանդներ, որոնք գործում են հասարակության մեջ, ապա պետք է հարգել այդ հավատքի հետևորդների իրավունքները։

Սմիթը նաև նշում է, որ օրենքները, որոնք կանխում են կրոնական ազատությունը և ձգտում են պահպանել ուժը և հավատը որոշակի կրոնի վրա, շուտով միայն ծառայելու են այդ կրոնի թուլացմանն ու կոռումպացվածությանը, քանի որ նրա առաջնորդներն ու քարոզիչները դառնում են դժգոհ, անջատված և անգործունակ[12]։

Երեխաների իրավունքները

Գերմանիայում գործող օրենքը սահմանում է «կրոնական մեծամասնություն» տերմինը (Religiöse Mündigkeit)՝ անչափահասների համար նվազագույն տարիքը, որպեսզի հետևեն իրենց կրոնական համոզմունքներին՝ անկախ իրենց ծնողների հավատքի։ 14 տարեկան և ավելի երեխաներն ունեն անսահմանափակ իրավունք որևէ կրոնական համայնք մուտք գործելու կամ դուրս գալու համար։ 12-14 տարեկան երեխաներին չի թույլատրվում ստիպել փոխվել այլ համոզմունքի։ Իսկ 10-12 տարեկան պետք է ստանան կրոնական դաստիարակություն՝ նախքան կփոխեն իրենց հավատքը[13]։

Նմանատիպ օրենքներ կան Ավստրիայում[14] և Շվեյցարիայում[15]։

Կրոնի ազատության միջազգային օր

Հոկտեմբերի 27-ը համարվում է հավատքի ազատության միջազգային օր՝ ի հիշատակ Բոստոնի նահատակների մահապատժի։ 1659–1661 թվականների ընթացքում Մասաչուսեթսի ծոցում պուրիտանների կողմից մահապատժի ենթարկված մի խումբ քյուքերների[16]։

Իսկ ԱՄՆ-ն հռչակեց կրոնի ազատության օր հունվարի 16-ը[17]։

Արդի մարտահրավերներ

2011 թվականին ԱՄՆ-ի Կրոնի ազատության միջազգային կազմակերպությունը իր՝ տարեկան զեկույցում նշել է, որ աշխարհում դեռ կան այնպիսի պետություններ, որտեղ ոտնահարվում է մարդկանց՝ կրոնի ազատության իրավունքը։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է այդ երկրներում աշխատանք տանի։ Այդ պետություններն են՝ Բուրման, Չինաստանը, Եգիպտոսը, Իրանը, Նիգերիան, Հյուսիսային Կորեան, Պակիստանը, Սաուդիան Արաբիան, Սուդանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Վիետնամը։ Առավել ուշադրության են արժանի հետևյալ երկրները՝ Աֆղանստանը, Բելառուսը, Կուբան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լաոսը, Ռուսաստանը, Սոմալին, Տաջիկստանը, Թուրքիան և Վենեսուելան[18]։

Ծանոթագրություններ