Հրաձգություն Սազերլենդ Սպրինգսի եկեղեցում

Հրաձգություն Սազերլենդ Սպրինգսում, հրաձգություն Տեխասի Սազերլենդ Սպրինգս բնակավայրի առաջին բապտիստական եկեղեցում՝ Սան Անտոնիո քաղաքից մոտ 56 կմ արևելք։ Հրաձգությունը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 5-ին[5][6]։ Զոհվել է 5-72 տարեկան 26 մարդ, ևս 20՝ վնասվածք ստացել։ Համարվում է ԱՄՆ պաշտամունքային կառույցներում տեղի ունեցած ամենաշատ զոհ ունեցած հրաձգությունը՝ առաջ անցնելով 2015 թվականին Չառլսթոնի եկեղեցու հրաձգությունից[7]։

Հրաձգություն Սազերլենդ Սպրինգսի եկեղեցում
Տեսակզանգվածային կրակոցներ և զանգվածային սպանություն
Երկիր ԱՄՆ
Գրոհի վայրՏեխաս
ՏեղադրանքՍազերլենդ Սպրինգս
Տարեթիվնոյեմբերի 5, 2017[1]
ԶենքAR-15 style rifle?[2]
Զոհվածներ26 մարդ[3]
Վիրավորներ20[3]
Ահաբեկիչների քանակ1[4]
 Sutherland Springs church shooting Վիքիպահեստում

Հրաձգություն

Տեղի ժամանակով ժամը 11։30-ի սահմաններում զինված հանցագործը՝ սև տակտիկական հանդերձանքով և կիսաավտոմատ հրացանով, եկեղեցու դիմացի մայթի գազալցակայանի մոտ դուրս է եկել ավտոմեքենայից և կրակահերթ արձակել եկեղեցու ուղղությամբ[8]։ Փողոցն անցնելով՝ կրակելով, աջ կողմից մոտեցել է եկեղեցուն և ներս մտել՝ շարունակելով կրակել[9]։ Հանցագործը կրակել է AR-15 հրացանից[10][11]։ «Կիսաավտոմատ հրացան» արտահայտությունը լսել է վկաներից մեկը[12]։

Երբ հանցագործը հեռացել է եկեղեցուց, տեղի բնակիչներից մեկը կրակ է արձակել վերջինիս վրա[13] և ամենայն հավանականությամբ վիրավորել[9]։ Հանցագործը գցել է հրացանը և փախուստի դիմել սեփական ավտոմեքենայով։ Բնակիչը կանգնեցրել է անցնող ավտոմեքենաներից մեկը և վարորդի հետ հետապնդել հանցագործին 5-7 րոպե։ Հանցագործը կորցրել է ղեկի կառավարումը և Գվադալուպե շրջանի մերձակայքում դուրս եկել ճանապարհից[14][15]։ Նրան հետապնդող 2 բնակիչների խոսքերով՝ հանցագործն անշարժ է եղել։ Ըստ նրանցից մեկի՝ ժամանած ոստիկանությունն իր հսկողության տակ է վերցրել տվյալ վայրը[16]։ Ոստիկանությունը հանցագործին մահացած է գտել իր ավտոմեքենայում։ Հայտնի չէ, թե ով է կրակոցն արձակել[6][13][17][18]։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Սան Անտոնիոյի գործակալները Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկների բյուրոյի գործակալների հետ դեռևս չեն բացահայտել հրաձգության շարժառիթը[6][9]։

Զոհեր

Զոհվել է 26 և վնասվածք ստացել 20 անձ[19]։ 23 անձ զոհվել է եկեղեցում, 2-ը՝ դրսում, և մեկը՝ հիվանդանոցում[19]։ Զոհվածների տարիքը տատանվում է 5-72-ը[19]։ Կիրակնօրյա պատարագին սովորաբար ներկա է լինում մոտ 50 մարդ[9]։ Զոհերի թվում են նաև մի հղի կին և մի քանի երեխաներ, որոնցից մեկը եկեղեցու քահանայի՝ Ֆրենկ Փոմռոյի 14-ամյա դուստրն է[20][21]։

Զոհերին տեղափոխել են Սան Անտոնիոյի համալսարանական հիվանդանոցի Քոնալի Մեմորիալ բժշկական կենտրոն և Ֆորթ Սեմ Հյուսթոնի Բրուք զինվորական բժշկական կենտրոն[22]։

Հանցագործ

Հանցագործը 26-մյա Դևին Պատրիկ Քելլին է[23], որին ոստիկանությունը նկարագրում է որպես «երիտասարդ, սպիտակամորթ տղամարդ»[9]։ Քելին 2009-2014 թվականներին ծառայել է ԱՄՆ օդային ուժերում։ 2012 թվականին կանգնել է ռազմական դատարանի առջև Հոդված 128-ի միագամից 2 կետով՝ կնոջ և երեխայի վրա հարձակվելու մեղադրանքով[24][25]։ Դատապարտվել է 12 ամսվա ազատազրկման։ 2014 թվականին վատ վարքի պատճառով հեռացվել է զինված ուժերից[26][27][28]։

Քելին բնակվել է Տեխասի Նյու Բրոնֆելս քաղաքում՝ Սազերլենդ Սպրինգսից մոտ 56 կմ հեռավորության վրա։ Ամուսնացել է 2011 թվականի ապրիլին և ամուսնալուծվել՝ 2012 թվականի հոկտեմբերին[29]։ Նախկին զոքանչը Սազերլենդ Սպրինգսից է[30] և Առաջին բապտիստական եկեղեցում ծխի անդամ է[31]։ Ըստ նախնական լրատվական նյութերի՝ հնարավոր է, որ Քելին կապ ունենար եկեղեցի հաճախող մեկ կամ մի քանի անձանց հետ[32]։

Ըստ որոշ զանգվածային լրատվամիջոցների՝ Դևին Քելլին աշխատել է Նյու Բրոնֆելսի Schlitterbahn ընկերությանը պատկանող «Waterpark and Resort»-ում և Տեխասի հանրային անվտանգության վարչության կողմից արտոնագրվել է որպես անվտանգության աշխատակից[33][34][35]

Հոկտեմբերի 29-ին՝ հրաձգությունից մեկ շաբաթ առաջ, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հրացանի լուսանկար[36]։

Արձագանքներ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը հրաձգության ժամանակ Ճապոնիայում է եղել, իր թվիթերյան էջում գրել է․ «Աստված օգնական Սազերլենդ Սպրինգսի ժողովրդին։ Հետաքննությունների դաշնային բյուրոն դեպքի վայրում է։ Ես վերահսկում եմ իրավիճակը Ճապոնիայից»[37][38]։ Թրամփը հրաժարվել է հրաձգության մեջ մեղադրել զենքերին՝ հայտարարելով, որ «Մենք Միացյալ Նահանգներում ունենք առողջ բանականության բազում խնդիրներ, սակայն սա զենքի մեղավորությունը չէ»[39]։

Արձագանքել են նաև Տեխասի նահանգապետ Գրեգ Աբոթը, Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնը և ԱՄՆ սենատորներ Ջոն Քորնին և Թեդ Քրուսը[9][18][40][41]։

Ավելի ուշ Փաքսթոնը հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ առաջարկել է, որպեսզի եկեղեցիներն ունենան զինված, պրոֆեսիոնալ անվտանգության աշխատակիցներ կամ նվազագույնը զինեն ավելի շատ ծխի անդամների, որպեսզի դիմակայեն եկեղեցական հրաձգություններին, որոնք, նրա խոսքերով, եղել են և միշտ էլ կլինեն[42]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ