Մահապատիժով Դիսնեյլենդ

Մահապատիժով Դիսնեյլենդ (անգլ.՝ Disneyland with the Death Penalty), ամերիկացի գրող Ուիլյամ Գիբսոնի հոդվածը Սինգապուրի մասին, նրա առաջին նշանակալից հրապարակախոսական գործը։ Հրատարակվել է Wired ամսագրի` 1993 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսների համարներում[1][2][3]։

Գիշերային Սինգապուր, 2005 թվական

Հոդվածում ներկայացված են հեղինակի դիտարկումները Սինգապուրի ճարատարապետության, մշակույթի, ֆենոմենոլոգիայի մասին։ Գիբսոնի` Սինգապուրում եղած ժամանակ երկրի մշակույթը նրա վրա թողել է մաքուր, ձանձրալի և հարմարվողական քաղաքի տպավորություն։ Հոդվածի վերնագիրը և գլխավոր փոխաբերությունը` «Մահապատիժով Դիսնեյլենդ», հեղինակի հղումն է Սինգապուրին` որպես ավտորիտար պետության։ Գիբսոնի կարծիքով Սինգապուրին պակասում են կրեատիվությունը, բնականությունը, պատմականության հետքերը։ Նա կառավարությունը համարում էր կորպորատիվ, տեխնոկրատ, իսկ դատական համակարգը` դրակոնյան և ոչ ճկուն։ Սինգապուրցիներին հոդվածագիրը բնորոշել է սպառողների հասարակություն` ճաշակի պակասով։ Իր դիտարկումներին դրամատիզմ ավելացնելու համար Գիբսոնը հոդվածը համեմել է տեղական նորություններից վերցրած հատվածներով, որոնք վերաբերում են քրեական գործերին, և հոդվածի սկզբում ու վերջում ներկայացրել է Հարավարևելյան Ասիայի տարբեր օդանավակայանների հակասական նկարագրություններ։

Չնայած այն բանին, որ հոդվածը Գիբսոնի առաջին նշանակալից հոդվածն էր հրապարակախոսության ասպարեզում, այն արժանացել է վայրկենական ու տևական արձագանքների։ Այս հոդվածի պատճառով սինգապուրյան կառավարությունն արգելել է Wired ամսագիրը, իսկ «մահապատիժով Դիսնեյլենդ» արտահայտությունը դարձել է Սինգապուրի փափուկ ավտորիտարիզմը բնութագրող անվանում, որից քաղաք-պետությունը երկար ժամանակ չի կարողանա ձերբազատվել։

Բովանդակություն

Ուիլյամ Գիբսոն, 2008 թվականի լուսանկար

«Մահապատիժով Դիսնեյլենդ» անվանումը վերաբերում է Հարավարևելյան Ասիայում գտնվող Սինգապուր քաղաք-պետությանը, որում մաքրությունը պահպանվում է Գիբսոնի կողմից սարսափով նկարագրված խստությամբ[4]։ Հոդվածը սկսվում է Դիսնեյլենդի մասին փոխաբերությամբ, ապա հեղինակը մեջբերում է ամերիկացի երգչուհի, կոմպոզիտոր Լորի Անդերսոնի այն դիտարկումը, թե «երբեք բնական չի նայվի այն, քանի դեռ մարդիկ մի քիչ կեղտ չեն ավելացրել»։ Այս պնդումը վերաբերում էր Չանգի օդանավակայանի անբասիր մաքրությանը։ Օդանավակայանի նկարագրությանը զուգահեռ` հեղինակը նշում է, որ բնական միջավայրը նույնպես չափազանց ապամշակութային է, և բերում է գոլֆի բազմաթիվ դաշտերի օրինակը։ Սինգապուրյան հասարակությունը թողնում է «անխիղճ պուրիտանական տպավորություն», բնակչությունը վերահսկվում է կառավարության կողմից, որն ավելի շատ մեգաընկերություն է հիշեցնում։ Հասարակության մեջ արմատավորվել են կոնֆորմիզմը և վարքագիծը խախտելու վախը, զարգացած չեն հումորի զգացողությունն ու արվեստի ընդունակությունը։

Գիբսոնը դժվարությամբ է գտնում ժամանակակից ու վիկտորյական դարաշրջանի Սինգապուրների կապը. վերջինից քիչ բան է մնացել։ Փորձելով բացահայտել սինգապուրյան քողարկված սոցիալական մեխանիզմները` հեղինակը իզուր փնտրում է քաղաքային ոգու ներկայությունը։ Առավոտյան զբոսանքների ժամանակ, որը պարտադրվել էր ժամային գոտիների տարբերությունը հաղթահարելու հետևանքով, նա բացահայտել է, որ քաղաք-պետության ֆիզիկական անցյալը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է[2][4]։ Գիբսոնը Սինգապուրի պատմության կարճ ակնարկ է ներկայացնում` սկսելով 1819 թվականին Սթեֆորդ Ռաֆլզի կողմից քաղաքի հիմնադրումից։ Այնուհետև ներկայացնում է ճապոնական օկուպացիան և 1965 թվականին հանրապետության հռչակումը։

Հեղինակը գալիս է այն եզրակացության, որ ժամանակակից Սինգապուրը միակուսակցական պետության և կապիտալիստական տեխնոկրատիայի հաջողակ օրինակ է, որն ամենից առաջ նրա վարչապետ Լի Կուան Յուի գործունեության արդյունք է. վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է 30 տարի[2]։ Նա մեջբերում է South China Morning Post թերթի այն հոդվածների վերնագրերը, որտեղ մանրամասն նկարագրվել է թերթի տնտեսագետ, աստիճանավոր խմբագրի նկատմամբ դատավարությունը, որ բացահայտել էր Սինգապուրի տնտեսական աճի մասին պետական գաղտնիքը[2].:

Երկնաքերներ Ռաֆլզի հրապարակում` քաղաքի գործարար կենտրոնում: Գիբսոնը կարծում է, որ Սինգապուրին պակասում է բնական քաղաքի զգացողությունը:

Գիբսոնը ցավում է, որ Սինգապուրում բացակայում է իրական քաղաքային ոգին, որ նա բնութագրում է «ստեղծագործելու ունակություն»[2][4]։ Նա ներկայացնում է քաղաք-պետության ճարտարապետության հոգե-երկրաբանական ակնարկը, ինչպես նաև նշում է երիտասարդ, գրավիչ, նույնաոճ հագուստով միջին խավի ներկայացուցիչների անվերջ շարքը Սինգապուրի առևտրական կենտրոններում և այն համեմատում է նիստերի մեծ դահլիճի հետ, օրինակ, Ատլանտայում։ Հոդվածագիրը երաժշտական ու գրական խանութների տեսականին համարում է դիմազուրկ` մտածելով, թե արդյոք դրանում մեղավոր է Ոչ ցանկալի քարոզչության բաժանմունքը, որը գրաքննության համար պատասխանատու պետական մի քանի կառույցներից մեկն է։ Բոհեմական մթնոլորտի բացակայության, ապամշակութային միջավայրում Գիբսոնին չի հաջողվում գտնել այլախոհության, անդերգրաունդի, արվարձանների մշակութային հետքեր[2][4]։ Հասարակաց տների փոխարեն կառավարության կողմից թույլատրված «առողջության կենտրոններն» են (իրականում` մերսման սրահներ), իսկ ժամադրությունները պարտադիր կազմակերպում են ամուսնական կառավարական ընկերությունները։ Նա նշում է. «Այստեղ շատ քիչ է այն ամենը, ինչը չի համարվում մտածված, բծախնդրորերն մշակված սոցիալական քաղաքականության արդյունք»[2]։

Որպես ստեղծագործական պակասի ապացույց հոդվածագիրը մատնանշում է նրա բնակիչների գնումները, ապրանքատեսականու միապաղաղությունը, նաև մեկ այլ ձգտում` լավ ուտելը (հեղինակի կարծիքով ուտելիքի տեսականին բավարար է. սպառողները ինչ-որ բան են ունենում տանը պատմելու)[2]։ Ապա նա կրկին վերադառնում է Սինգապուրի չափավոր գորշությանը և բնակչության ինքնավերահսկողությանը, որ տեղի է ունենում օրենքի շրջանակներում։ Լուսաբանելով Սինգապուրի տեխնոլոգիական ձեռքբերումները և նրա` տեղեկատվական տնտեսություն ունենալու ձգտումը` Գիբսոնը միաժամանակ կասկած է հայտնում, թե արդյոք սինգապուրցիներին կբավարարի ճկունությունը` հաշվի առնելով ինքնավերահսկող ու պահպանողական բնույթը, որպեսզի համապատասխանեն զանգվածային թվային մշակույթի` ապագայի պահանջներին «վայրի կիբերտարածքում առանց գրաքննության»[2]։ «Հնարավոր է, Սինգապուրին սպասում է Շվեյցարիայի նման խնամքով մեկուսացած ճակատագիրը, որտեղ կիշխեն կարգ ու կանոնը և հարստությունը լավ գծագրված ապագայում»,— գրել է Գիբսոնը[2]։

Կոուլունի արվարձան, որ գիբսոնը հակադրում է Սինգապուրին։ Նկարված է 1989 թվականին ինքնաթիռից:

Հոդվածի վերջում Գիբսոնը համառոտ ներկայացնում է Սինգապուրի դատական համակարգում կիրառված երկու մահապատիժներից երկուսը։ Նա մեջբերում է «The Straits Times» հրատարակչության գրառումը Մեթ Ռեպին Մամատի գործով` մի մալայացու, որ մահապատժի էր դատապարտվել ապօրինի ճանապարհով մեկ կիլոգրամ կանեփ ներմուծելու փորձի համար։ Այնուհետև հոդվածը շարունակվում է Յոհան վան Դամի գործի մասին տեղեկատվությամբ, ում մոտ հայտնաբերվել էր զգալի քանակությամբ հերոին։ Գիբսոնը կասկած է հայտնում պատժի գերագույն չափի կիրառման վերաբերյալ և սինգապուրցիներին նկարագրում որպես զրոյական հանդուրժողականության կրողներ։ Վան Դամի գործով դատավճռի հրապարակումից հետո Գիբսոնը որոշում է լքել երկիրը։ «Ռեկորդային ժամանակում» նա դուրս է գրվում հյուրանոցից և տաքսիով ուղևորվում օդանավակայան։ Ճանապարհին նա ուշադրություն է դարձնում, որ ոստիկաններ ընդհանրապես չկան, սակայն Չանգի օդանավակայանում նրանց թիվը առավել քան մեծ էր։ Այստեղ Գիբսոնը նկարում է ճմռթված թղթի դեն նետված մի կտոր, որով հարուցում է նրանց զայրույթը։ Հասնելով Հոնկոնգ` նա աչքի ծայրով հասցնում է տեսնել Կոուլուն քաղաքի` քանդման ենթական արվարձանները Կայտակի քաոսային օդանավակայանի թռիչքուղիների վերջում և մտածում է հետևում թողած ախտազերծված, կանոնավոր քաղաքի հետ ունեցած հակասականության մասին։ Հոդվածն ավարտվում է հետևյալ կերպ. «Լքելով Սինգապուրի օդային տարածքը` ես թուլացրի փողկապս»[2]։

Ռեզոնանս

Ի պատասխան հոդվածի հրապարակման` Սինգապուրի կառավարությունն արգելել է «Wired» ամսագրի հրատարակությունը երկրում։ «Մահապատիժով Դիսնեյլենդ» արտահայտությունը համընդհանուր ճանաչում է ձեռք բերել և մեծ գործածություն ստացել` մատնանշելու Սինգապուրը հատկապես երկրի ավտորիտար կառավարման մեթոդի ընդդիմախոսների շրջանում[5][6][7][8][9][10][11]։ Ունենալով ավտորիտար, կոպիտ կառավարման համբավ` քաղաք-պետությունը փորձում է ձերբազատվել այդ պիտակից[12][13]։ «Creative Review»-ը հիացմունքով ողջունել է «նշանավոր մահացու մեկնաբանությունը», մինչդեռ «Նյու Յորք Թայմսի» խմբագրի օգնական Ռեյմոնդ Ուոլթեր Էփլը 2003 թվականին հոդվածով հանդես է եկել ի պաշտպանություն Սինգապուրի. «Նրանք արժանի չեն այդպիսի անփույթ, հիվանդագին արտահայտության»[14][15]։ 2003 թվականին վերանայելով հոդվածը` Գիբսոնն իր բլոգում գրել է.

«Wired»-ի հոդվածը, հնարավոր է, կարողացել է պատմել Սինգապուր պետության հայտնի զազրելի հեղինակության մասին, սակայն նրանում ինձ չի հաջողվել նույնիսկ մոտավոր փոխանցելու այդ քաղաքի գորշությունը, սարսափելի ոգին։ Առևտրական անվերջ կենտրոններ` խանութների կույտերով, որոնցում վաճառվում են նույն ապրանքները, որոնք կա'մ աղբ են, որից Քեյսի Փոլարդը անաֆիլակտիկ շոկի մեջ կհայտնվեր, կա'մ տեղական արտադրանքի ձանձրալի նմանակում։ Դուք ավելի հաճելի ապրանք կգտնեք, եթե նույնիսկ բացառապես Հիթրոուից առևտուր անեք[16]։

«Մահապատիժով Դիսնեյլենդ» հոդվածը 2008 թվականին ներառվել է Սինգապուրի ազգային համալսարանի` «Սինգապուրի զարգացում» թեմայի «Նամակ և քննադատական մտածողություն» դասընթացի մեջ[17]։

Արձագանքներ

Հոդվածը մեծ ազդեցություն է թողել ընթերցողների վրա։ «The Boston Globe» թերթն այն բնորոշել է «Սինգապուրի կառավարման տեխնոկրատ մեթոդների դեմ ուղղված սուր հայացք»[18]։ Հրապարակումը սատարել է պոտմոդեռնիստ քաղաքական աշխարհագրագետ Էդվարդ Սոյան` այն համարելով «հրաշալի ուղևորություն քաղաքային կիբերտարածքով»[19]։ Լրագրող Սթիվեն Փուլը այն համարել է «լիարժեք սարսափելի հաշվետվություն» և հավատացրել, որ հեղինակն ատում է «կորպորատիվ մեծ բիզնեսը»[20]։ Գիբսոնի «Զրոյական պատմություն» վեպի վերլուծական հոդվածում Ջեյմս Պրուդոնը «Դիսնեյլենդը» մատնանշել է որպես Գիբսոնի արվեստի բարձրագույն կետ. «Այս սրամիտ ռեպորտաժը վկայում է հեղինակի հրապարակախոսական տաղանդի, կանխատեսման շնորհի մասին, որ նրան դարձրել են թվային դարաշրջանի գուրու»[21]։

Փիլիսոփա, ժամանակակից տեխնոլոգիաների մասին գրքերի հեղինակ Պիտեր Լադլոուն հոդվածը գրոհ է համարել քաղաքի վրա` հեգնանք համարելով այն փաստը, որ իսկական Դիսնեյլենդը գտնվում է Կալիֆորնիայում` մի նահանգում, ուր «քրեական օրենսգիրքը նախատեսում է մահապատիժ»[22]։ Ուրբանիստական տեսաբան Մարտեն Դելբեկը նշել է, որ ըստ Գիբսոնի, քաղաք-պետության ոչ ինդիվիդուալ բնույթի մեղավորը համակարգչայնացված հսկողությունն է։ Դա, ըստ Դելբեկի, «տեխնոկրատիայի դեմ ուղղված ավանդական, հնաոճ նկատառում է»[4]։ 2004 թվականին Պոլ Ռոն իր հոդվածում մեկնաբանել է. «Պետք է արժանին մատուցել հեղինակին ժամանակի ոգին ըմբռնելու կարողության համար, սակայն Գիբսոնի ռեպորտաժը կոպիտ է»։ Նա մեջբերել է նաև բրիտանացի գիտնական Ջոն Ֆիլիպսին, որ ապրել է Սինգապուրում և պնդել, որ Գիբսոնը «չի կարողացել ինչպես հարկն է ձևակերպել իր քննադատությունը»[23]։

Իր «S,M,L,XL» գրքում ուրբանիստ, ճարտարապետության տեսաբան Ռեմ Կոլխասը ուշադրություն է հրավիրել հոդվածի ծաղրող, հեգնական տոնին` հեղինակին մեղադրելով այն նույն ռեակցիայի համար, որում հայտնվում են «մահացած ծնողները, որոնք սպանվում են իրենց երեխաների կողմից ժառանգությունն անխնա օգտագործելուց»[4][24]։ Կոլխասը պնդում էր, որ Գիբսոնի այդպիսի ռեակցիան ենթադրում է, որ ժամանակակից կյանքի դրական ժառանգությունը կարող է օգտագործվել միայն արևմտյան քաղաքակրթության կողմից, և այն կիրառելու սինգապուրյան փորձը միայն աղավաղման է հանգեցնում[4]։

Սինգապուրցի Տան Վեն Հոնը իր հերթին քննադատական պատասխան է գրել ինչպես Գիբսոնին, այնպես էլ Կոլխասին[25]։

Տես նաև

Ծանոթագրություններ