Յանինա

Յանինա (հուն․՝ Ιωάννινα ή Γιάννενα), քաղաք Հունաստանի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում է ծովի մակարդակից 480 մ բարձրության վրա՝ Յանինա լճի ափին, Սալոնիկից 209 կմ հարավ-արևմուտք, Աթենքից 311 կմ հյուսիս-արևմուտք։ Համանուն դիմի վարչական կենտրոնն է։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը 65,574 մարդ է։ Ունի 17,355 կմ² մակերես։

Բնակավայր
Յանինա
հուն․՝ Ιωάννινα
ԵրկիրՀունաստան Հունաստան
Առաջին հիշատակում879[1]
Մակերես403 կմ²
ԲԾՄ470 մետր
Բնակչություն64 896 մարդ (2021)[2]
Հեռախոսային կոդ26510
Փոստային դասիչ45000–45999
Պաշտոնական կայքioannina.gr
Յանինա (Հունաստան)##
Յանինա (Հունաստան)

Պատմություն

Միջին դարեր

«Լավ ամրացված քաղաքը», որ Հուստինիանոս Ա-ն կառուցել է անտիկ Էվրիոսի (Εύροια) բնակիչների համար, որոշ հետազոտողներ կապում են Յանինայի հետ[3]։ Չկան հնագիտական գտածոներ, որոնք կհաստատեն այս տեսակետը[4]։ Յանինայի մասին առաջին վկայությունը հայտնվել է 879 թվականին Նաֆպակտոսի առաջնորդարանի կիրարկմամբ[5]։ Աննա Կոմնենեն Յանինան հիշատակել է երեք անգամ՝ չտալով, սակայն, ոչ մի պարզաբանում։

1082 թվականին քաղաքը ժամանակավորպես անցել է նորմաններին՝ Բոհեմունդի գլխավորությամբ։ 1204 թվականից հետո Վենետիկը հայտնել է Յանինայի նկատմամբ իր իրավունքների մասին, սակայն քաղաքի նկատմամբ վերահսկողությունն անցել է Էպիրոսի բռնապետությանը, իսկ 1225 թվականին կազմավորվել է Յանինա թեմը։ 1259 թվականին ՝ Պելագոնիայի ճակատամարտից հետո, այն գրավվել է նիկեյական զորքերի կողմից, սակայն դեռևս տևական ժամանակ մնացել է Էպիրոսի տիրապետության տակ։ 1318 թվականին այն գրավվել է Բյուզանդիայի կողմից, ինչից հետո քաղաքի կարգավիճակը բարձրացվել է մետրոպոլիտի կարգավիճակի[6]։

1319 թվականի փետրվարին բյուզանդական կայսր Անդրոնիկոս II Ավագը հրատարակել է «Ոսկե բուլլա», որտեղ թվարկվել են Յանինայի բնակիչների արտոնությունները, որոնցով հաստավում էր քաղաքական ավանդույթների ու կալվածքների անձեռնմխելիությունը։ «Ոսկե բուլլան» առանձնահատուկ փաստաթուղթ է, որը հաստատում է քաղաքի անկապտելի իրավունքները։

1348 թվականին մոտ Յանինան հայտնվել է Սերբիայի թագավորության հիմնադիր Ստեֆան Ուրոշ IV Դուշանի տիրապետության տակ, իսկ 1355 թվականին անցել է Սիմեոն Դուշանին։

1366-1367 թվականներից սկսած՝ Յանինան կառավարել է Ֆոմա Պրելյուբովիչը, որի դաժան տիրակալության մասին պատմում են Յանինայի տարեգրությունները։ Ալբանացիների դեմ պայքարում Պրելյուբովիչը 1380 թվականին օգնության է դիմել թուրքերին։ Սակայն քաղաքացիները, որ սարսափած էին ալբանացիների հարձակումներից, Կառլո I Տոկոյին ընդունել են իրենց տիրակալ, և վերջինս իր ամառային նստավայր է դարձրել այն։ Նրա մահից հետո՝ 1430 թվականին, Յանինան հանձնվել է թուրքերին։

1611 թվականին ապստամբ հույները՝ հոգևորական Դիոնիսոս Փիլիսոփայի գլխավորությամբ, քաղաքն ազատագրել են թուրքերից, սակայն ապստամբությունը ճնշվել է։ Ներկայումս քարանձավի մոտ, որտեղ տանջանքի են ենթարկել Դիոնիսոսին, նրա պատվին կանգնեցված է կոթող։

19-20-րդ դարեր

Յանինայի հանձնումը Կոնստանտինոս I արքային

1788 թվականին քաղաքը դարձել է սուլթանի վասալ Ալի փաշայի նստավայրը, որն անջատողական ծրագրեր էր մշակում և իր կյանքի վերջում կապ էր պահում հույն էթերականների հետ։ Ալի փաշայի կոլորիտային կերպարը և այդ ժամանակաշրջանի Յանինան հիշատակվում է Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպում։ 1821 թվականին Հունաստանի անկախության պատերազմի հետ սուլթանական զորքերը պաշարել են Ալի փաշային, որտեղ էլ գլխատել են։

1913 թվականին Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ քաղաքի մատույցներում մղված համառ պայքարի արդյունքում Յանինան ազատագրվել է հունական բանակի զորքերի կողմից և կրկին դարձել հունական։ Վճռական ճակատամարտը կայացել է փետրվարի 19-ին։ Բիզանի ամրոցի անկումից հետո արդեն վճռվել է Յանինայի ճակատագիրը։ Փետրվարի 21-ին Մահմեդ Եսատ փաշան բանագնաց է ուղարկել քաղաքը հանձնելու առաջարկով։ Յանինայում հուներին է հանձնվել 25,000 մարդ։ Փետրվարի 22-ին այստեղ հանդիսավոր ձևով մուտք է գործել Հունաստանի Կոնստանտինոս I արքան[7]։

1944 թվականի օկուպացման ժամանակ հրեական համայնքը տեղափոխվել է մահվան ճամբարներ։

Ճարտարապետություն

Յանինայի ամրոց

Յանինայի ամրոցը գտնվում է քաղաքի արևելյան մասում՝ մի թերակղզում, որը ողողվում է Յանինա լճի ջրերով[4]։

1082 թվականին քաղաքը գրավել է Բոհեմունդ I-ը և այն ամրացրել։ Այս ժամանակաշրջանից պահպանվել են ամրոցի արևելյան պաշտպանական շինությունը, որը կոչվում է «Իչ կալե» (թուրքերեն՝ İç Kale, բառացի՝ ներքին աշտարակ), բոլորակ աշտարակը, որ հայտնի է «Բոհեմունդի աշտարակ» անունով և արևելյան մասում համանման մի աշտարակի հիմքը[4][8][9]։

Ամրոցի հյուսիսարևելյան շինությունում, որ հայտնի է «Էպանո գուլաս» (επάνω γουλάς) անունով, գտնվել են բյուզանդացի տիրակալի նստավայրը և Սուրբ Հովհաննես Մկրտչի վանքը[4]։

1204 թվականին Յանինա են փախել Կոստանդնուպոլսի բնակիչները, որը գրավել էին Խաչակրաց չորրորդ արշավանքի ասպետները։ Միքայել I Կոմնին Դուկի կառավարման շրջանում (1205-1215) ընդարձակվել են ինչպես քաղաքային, այնպես էլ նաև հյուսիսարևելյան ամրոցի պատերը[4]։

Ֆոմա Պրելյուբովիչի կառավարման շրջանում (1366-1384) ավելացվել են պաշտպանական լրացուցիչ շինություններ, որոնցից է Ֆոմայի աշտարակը[4]։

15-րդ դարում, երբ Յանինան նվաճել են թուրքերը, եկեղեցու տեղում մզկիթ է կառուցվել[4]։

1618 թվականին ամրոցի հյուսիսարևելյան ամրությունում Սուրբ Հովհաննես Մկրտչի վանքի փոխարեն կառուցվել է Ասլան փաշայի մզկիթը[10]։ Այստեղ են գտնվում 17-րդ դարի սկզբին կառուցված թյուրբեն, 17-րդ դարի կեսերի մեդրեսեն[4][10]։ Հարևանությամբ գտնվում է 13-րդ դարի բյուզանդական բաղնիք, 17-րդ դարասկզբի համամ ու օսմանյան շրջանի գրադարան[4]։

Սուֆարի Սարայ
Օսմանյան շրջանի գրադարան

Ամրոցը վերակառուցվել ու ամրացվել է Ալի փաշայի կառավարման շրջանում (1788-1822)։ 1788 թվականին Ալի փաշան Իչ կալեում կառուցել է իր նստավայրը[4]։ 1795 նա կառուցել է Ֆետիխիե մզկիթը, իսկ 1815-1820 թվականներին հյուսիսարևելյան ամրության մոտ զորանոց՝ Սուֆարի Սարայ (Σουφαρί Σαράι), որտեղ ներկայումս գործում է պետական արխիվի մի ճյուղը՝ Էպիրոսի պատմական արխիվը (Ιστορικό Αρχείο Ηπείρου)[11]։ Իչ կալեում է գտնվում Ալի փաշայի գերեզմանը, իսկ նրա նստավայրը քանդվել է 1870 թվականին[4]։

1918 թվականին Իչ կալեում կառուցվել է կառուցվել է եկեղեցի։

1933 թվականին ամրոցի հյուսիսարևելյան հատվածում է տեղակայվել Քաղաքային թանգարանը (Δημοτικό Μουσείο)։ 1913 թվականին Իչ կալեում է գտնվում ռազմական հոսպիտալը, իսկ 1995 թվականից՝ Յանիանայի բյուզանդական թանգարանը (Βυζαντινό Μουσείο Ιωαννίνων)[4][10]։

Կրթություն

1828 թվականին հիմնադրվել է Զոսիմասի դպրոցը։

1964 թվականին այստեղ բացվել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի մասնաճյուղը, որի բազայի վրա էլ 1970 թվականին հիմնադրվել է Յանինայի համալսարանը (հուն․՝ Πανεπιστήμιο Ιωαννίνων)։ Թանգարանի մասնաշենքը գտնվում է Յանինայից 6 կմ հարավ՝ Դուրուտիսում։ Այն կոչվում է Գեորգիոս Դուրուտիսի անունը, ում պատկանել է Սուրբ Գեորգի Պերիստերասի եկեղեցու հարակից տարածքը[12]։

Յանինայում գործում է Էպիրոսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնաճյուղը (հուն․՝ Τεχνολογικό Εκπαιδευτικό Ίδρυμα Ηπείρου), որի կենտրոնն Արտա քաղաքում է։

Բնակչություն

ՏարեթիվԲնակչություն, մարդ
199162346[13]
200167384[13]
201165574

Աստղագիտության մեջ

Յանինայի պատվին է կոչվել (383) Յանինա աստերոիդը։

Սպորտ

Հունաստանի առաջնությունում քաղաքը ներկայացնում է «ՊԱՍ» ֆուտբոլային ակումբը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ