Շառլ Գարնիե
Շառլ Գարնիե (ֆր.՝ Jean-Louis-Charles Garnier, նոյեմբերի 6, 1825[1][2][3][…], Փարիզ[4] - օգոստոսի 3, 1898[1][2][5][…], Փարիզ[4]), էկլեկտիկայի դարաշրջանի ֆրանսիացի ճարտարապետ, արվեստի պատմաբան, բոզ-ար ոճի գաղափարախոս։
Շառլ Գարնիե ֆր.՝ Charles Garnier | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Jean Louis Charles Garnier |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1825[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Մահացել է | օգոստոսի 3, 1898[1][2][5][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[4] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1848) |
Ուշագրավ աշխատանքներ | Գրանդ-Օպերա |
Պարգևներ | |
Charles Garnier Վիքիպահեստում |
Կյանքը
Ծնվել և մեծացել է Փարիզում` Մուֆտար փողոցում (ֆր.՝ rue Mouffetard): Նրա հայրը եղել է դարբին Սեն Կալեից (Saint-Calais), ունեցել է սեփական ձեռնարկություն, ուր վարձով ձիակառքեր է տրամադրել։ 1824 թվականին ամուսնացել է կայսրական բանակի սպայի դուստր Ֆելիպսի Կոլլի հետ (Félicie Colle):
1838 թվականին Գարնիեն սովորել է Ռասինի փողոցում գտնվող նկարչության դպրոցում։ 1840 թվականից աշխատել է Լավեյլի վարպետանոցում, որը պարտքերի պատճառով շուտով փակվում է։ Ավելի ուշ Գարնիեն ուսանում է Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի արվեստանոցում, իսկ 1842 թվականին ընդունվում է Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, ուր 1848 թվականին արժանանում է Հռոմեական մրցանակի գրան պրիի։ Դիպլոմային աշխատանքի թեման եղել է «Արվեստների և արհեստների համադրման նախագիծը պատկերասրահային-ցուցահանդեսային նախագծերում»։ Հունվարի 17-ից մինչև 1849 թվականի դեկտեմբերի 31-ը սովորել է Հռոմի ֆրանսիական ակադեմիայում, այնուհետև երկար ժամանակ ճամփորդել է Հունաստանում։
Փարիզ վերադառնալուց հետո Գարնիեն նախագծել է մի քանի ոչ մեծ ծրագրեր, որոնք կառուցվել են կարճ ժամանակում։ 1854 թվականին նշանակվել է Սեն Ժակ աշտարակի վերականգնողական աշխատանքների հսկիչ։ 1860 թվականին ստացել է փարիզյան երկու շրջանների ճարտարապետի պաշտոն։ Գարնիեն քիչ հայտնի է եղել մինչև 1861 թվականը, երբ հաղթել է Փարիզի օպերայի նոր շենքի նախագծի համար հայտարարված մրցույթում։ Գարնիեի` Երկրորդ կայսրության ոճով և հին հռոմեական ճարտարապետության տարրերի միաձուլումով արված նախագիծը 171 աշխատանքների մեջ զբաղեցրել է հինգերորդ տեղը` հնարավորություն ստանալով մասնակցելու մրցույթի երկրորդ փուլին։ Գարնիեի նախագիծը հաղթել է երկրորդ փուլում. 1861 թվականի մայիսին 35-ամյա ճարտարապետը ձեռնամուխ է եղել Գրանդ օպերայի կառուցմանը։ Շենքի կառուցմանը տրամադրված հսկայական միջոցների շնորհիվ` Գարնիեն հնարավորություն է ստացել շենքի առանձին մասերի համար օգտագործել հազվագյուտ և թանկարժեք նյութեր։
1864 թվականին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ 1867 թվականին Գարնիեն ընտրվել է Անգլիական ճարտարապետների թագավորական ինստիտուտի թղթակից-անդամ։ Գրանդ օպերայի կառուցման ավարտից հետո Շառլ Գարնիեն դարձել է ճարտարապետության ականավոր դասախոս, պետական հանձնաժողովների անդամ։ 1874 թվականին ընտրվել է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի անդամ։
Մահացել է 1898 թվականին, թաղված է Մոնպարնաս գերեզմանոցում։
Աշխատանքներ
Գարնիեն ճարտարապետության ու հնագիտության թեմաներով բազմաթիվ հոդվածներ է գրել, որոնք տպագրվել են տարբեր ամսագրերում։ «Էգինա կղզու տաճարի մասին բացատրական թերթիկ» հոդվածը, ինչպես նաև «Տրակտատ թատրոնի մասին» գիրքը ամբողջությամբ նվիրված են թատրոնների կառուցմանը։ «Փարիզյան նոր օպերան» ներկայացնում է ճարտարապետի գլխավոր նախագծի ստեղծման ու կառուցման պատմությունը։
Իրականցված հիմնական նախագծեր
Փարիզում
- Գարնիե օպերա կամ Գրանդ օպերա
- Մարինյի թատրոն (Marigny)
- Գրահրատարակիչների ակումբ, Սեն Ժերմեն բուլվար 117
- Մասնավոր առանձնատուն Դոկտոր Լանսելոյի փողոցում (Docteur-Lancereaux): Ստացել է «Օպերա-տուն» անվանումը։
- Կոմպոզիտոր Ժորժ Բիզեի տապանաքարը Պեր Լաշեզ գերեզմանոցում
- Ժակ Օֆենբախի տապանաքարը Մոնմարտրի գերեզմանոցում (1880)
- «Բերտիե» ատելիե համանուն փողոցում։ Այդտեղ են ստեղծվել դեկորացիաներ օպերայի համար, պահվում են թատերական կոստյումներ։ Ճարտարապետի իրականացրած վերջին նախագիծն է եղել։
Գավառներում
- Կազինո և բժշկական առողջարան Վիտելում (Vittel)
- Եկեղեցի Լա Կապելում
- Նիցայի աստղադիտարան, համատեղ նախագիծ Գուստավ Էյֆելի հետ
Մոնակոյում
- Կազինո, օպերա, Գրանդ հոթել դյո Պարի (Hotel de Paris) Մոնթե Կառլոյում
Իտալիայում, Բորդիգերա քաղաքում
- Տարասանտա եկեղեցի
- Կոմունալ դպրոց, հետագայում` քաղաքապետարան
- Վիլլա Bischoffsheim
- Վիլլա Գարնիե (1872)
- Վիլլա Studio
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Գարնիե» հոդվածին։ |