Շորթբրեդ

Շորթբրեդ (անգլ.՝ shortbread) կամ շորթի (անգլ.՝ shortie), շոտլանդական ավանդական թխվածքաբլիթ, որը հիմնականում պատրաստում են շաքարից, սերուցքային կարագից և ցորենի ալյուրից։ Ի տարբերություն շատ այլ թխվածքաբլիթների և հացաբուլկեղենի՝ շորթբրեդը չի պարունակում խմորիչ կամ կերակրի սոդա։

Շորթբրեդ
Ենթատեսակբիսկվիտ, թխվածք և սննդամթերք
Առաջացման երկիր Շոտլանդիա
 Shortbread Վիքիպահեստում

Շորթբրեդը ասոցացվում է շոտլանդական Ամանորի տոնակատարությունների հետ։ Որոշ շոտլանդական ապրանքանիշներ արտահանում են այս թխվածքաբլիթներն ամբողջ աշխարհով։

Պատմություն

Շորթբրեդի պատրաստման եղանակը ստեղծվել է XIII դարաշրջանում Շոտլանդիայում, այս թխվածքաբլիթը հայտնվել է Հին միության գոյության ընթացքում շոտլանդացի հրուշակագործների և ֆրանսիացի հրուշակագործների միջև մշակութային փոխանակման շնորհիվ[1]։ Այդ ժամանակաշրջանում շորթբրեդը հիմնականում թխում էին մեծ շրջանի տեսքով, իսկ հետո կտրատում եռանկյունաձև և համեմում քեմիոնով[2]։

Առաջին անգամ բաղադրատոմսը հրապարակվել է 1736 թվականին տիկին Մակլիտոկի կողմից[3][4]։

Շորթբրեդը թանկ էր և դրա պատճառով պատրաստվում էր միայն տոնակատարությունների ժամանակ, ինչպիսին են Ամանորը և Հոգմանայը (շոտլանդական նոր տարին)։ Ինչպես նաև թխվածքաբլիթը պատրաստում էին հարսանիքների համար[5][6][7][8][9][10]։

Անվանում

Շորթբրեդը այդպես են անվանել իր փխրուն կառուցվածքի պատճառով (short բառը, բացի իր հիմնական «կարճ» իմաստից ունեցել է մեկ այլ նշանակություն՝ «անառաձգական»)[11]։ Այդպիսի կառուցվածքի պատճառն էր ճարպերի մեծ քանակի պարունակությունը[12]։

Բրիտանական անգլերենում «շորթբրեդ» և «շորթի» հասկացությունները (անգլ.՝ shortcake) հոմանիշներ են։ Շորթքեյքը հիշատակվում է Շեքսպիրի «Վինձորի ուրախ կանայք» պիեսի մեջ, որը հրապարակվել է 1602 թվականին[13]։

Ամերիկյան անգլերենում «շորթբրեդ» և «շորթքեյք» բառերը համարվում են տարբեր ուտեստների անվանումներ։ Շորթքեյքեի պատրաստման ընթացքում օգտագործում են բուսական ճարպ (սերուցքային կարագի փոխարեն)։ Ինչպես նաև շորթքեյքը պարունակում է խմորիչ, որը հաղորդում է թխվածքաբլիթին ավելի փափուկ կառուցվածք։ Հիմնականում շորքեյքի մեջ ավելացնում են մրգեր կամ հատապտուղներ։

Տարատեսակներ

Կա շորթբրեդ թխվածքաբլիթների երեք դասական տեսակ՝

  • Պետտիկոուտ տեյլս (petticoat tails), թխվում է մեծ շրջանի տեսքով, որը հետո բաժանում են եռանկյունաձև մասերի։
  • Շորթբրեդ ռաունդս (shortbread rounds), փոքր չափի շրջանաձև թխվածքաբլիթ։
  • Շորթբրեդ ֆինգերս (shortbread fingers), երկարավուն ուղղանկյան տեսքով թխվածքաբլիթ։

Ծանոթագրություններ