Պացցիներ
Պացցիներ (իտալ.՝ Pazzi), միջնադարյան ազնվական ընտանիք Ֆլորենցիայում։ Պացցիները զբաղվել են բանկային գործունեությամբ։ 1478 թվականին տեղի ունեցած Պացցիների դավադրությունից հետո նրանց ընտանիքը արտաքսվել է Ֆլորենցիայից, իսկ նրանց ունեցվածքը` բռնագրավվել։ Պացցի ընտանիքի անդամները ստիպված են եղել փոխել իրենց ազգանունները։
Պացցիներ Pazzi | |
---|---|
ազնվական տոհմ | |
Երկիր | Ֆլորենցիայի հանրապետություն |
Տարածաշրջան | Տոսկանա |
Հիմնադիր | Պացցո դե Ռանիերի |
Ազգանուն | Պացցի և դե Պացցի |
Անդամներ | Յակոբո դե Պացցի (1260), Անդրեա դե Պացցի, Յակոբո դե Պացցի (1478), Ռենատո դե Պացցի (1478), Ֆրանչեսկո դե Պացցի (1478), Գուլիերմո դե Պացցի, Մարիա Մագդալենա դե Պացցի (1478) |
Ընտանիքի պատմություն
Ընտանիքի պատմությունը սկսվել է Պացցո դե Ռանիերիից, ով 1099 թվականին, Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ մասնակցել է Երուսաղեմի պաշարմանը։ Նա իր հետ Սուրբ Հարության տաճարից Ֆլորենցիա է բերել կայծքարային ապարներ, որոնք օգտագործվել են Սուրբ շաբաթվա ընթացքում կրակ վառելու համար[1][2]։ 19-րդ դարի կեսերին այս լեգենդի ճշմարտացիությունը հարցականի տակ է դրվել Լուիջի Պասերինի Օրսինի դե Ռիլիի կողմից[1]։
Ընտանիքի առաջին ականավոր անդամը Յակոբո դե Պացցի իլ Վեչիոն է, ով 1260 թվականին՝ Մոնտապերտիի ճակատամարտի ժամանակ եղել է Գվելֆերի հեծելազորի հրամանատար։ Նրա որդին Պացցինո դի Յոկոբո դե Պացցին եղել է Սև Գվելֆ և եղել է Չարլզ դե Վալոիսի հետևորդը[3]։
Անդրեա դե Պացցին եղել է Ֆրանցիսկյան միաբանության անդամ[2]։
1464 թվականին նրա որդի Յակոբո դե Պացցին դառնում է ընտանիքի առաջնորդ։
1460 թվականին Գիլելմո դի Անտոնիո դե Պացցին ամուսնանում է Լորենցո Մեդիչիի քրոջ` Բիանկա Մեդիչիի հետ[3]։ Նրանց որդի Կոզիմո Պացցին 1508 թվականին դառնում է Պիզայի արքեպիսկոպոս[4]։
1477-1478 թվականներին տեղի ունեցած Պացցիների դավադրության կազմակերպողներից մեկը համարվում է Ֆրանչեսկո Պացցին, որի ձախողումից հետո, նա, Յակոբո Պացցին և Յակոբոյի եղբայր` Ռենատո Պացցին մահապատժի են ենթարկվում[4]։
Ռաֆայել Պացցին եղել է քարոզիչ և մահացել է 1512 թվականին Ռավեննայի ճակատամարտի ժամանակ[5]։
Մարիա Մագդալենա Պացցին եղել է կարմելիտ և միստիկ[6]։ 1669 թվականին նա կանոնականացվել է[7]։
Պացցիների դավադրություն
1477 թվականի սկզբին Ֆրանչեսկո Պացցին (Հռոմում Պացցիների բանկի կառավարիչը), Ջիրոլամո Ռիարոն (Ֆրանչեսկոյի զարմիկը և Սիքստոս IV պապի «ընկերը») և Ֆրանչեսկո Սալվիատին, ում Հռոմի պապը դարձրել էր Պիզայի արքեպիսկոպոս, որոշում են սպանել Լորենցո դե Մեդիչիին և նրա եղբորը՝ Ջուլիանոյին, որպեսզի Մեդիչիների ընտանիքին այլևս չկառավարի Ֆլորենցիան[2]։ Նրանք ունեցել են Սիքստոսը պապի համաձայնությունը[8]։ Սպանության փորձը տեղի է ունեցել 1478 թվականի ապրիլի 26-ին Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարում՝ պատարագի ժամանակ։ Ջուլիանոն մահանում է, Լորենցոն՝ վիրավորվում, սակայն հասցնում է փախչել[8]։ Սալվիատին, Պերուջայից եկած վարձու մարդասպանների հետ միասին չի կարողանում գրավել պալացցո Վեկկիոն[2]։ Դավադրության հեղինակներից շատերը, նաև Ֆրանչեսկո Պացցին, շուտով ձերբակալվում, ապա մահապատժի են ենթարկվում (նրանց կախում են պալացցո Վեկկիոի պատուհաններից)[2]։ Յակոբո դե Պացցին, ընտանիքի գլուխը, կարողանում է փախչել Ֆլորենցիայից սակայն շուտով նրան բռնում են ու ետ են բերում քաղաք, որտեղ նրան տանջում են և կախում են Սալվիատիի արդեն քայքայվող դիակի կողքին։ Նրան թաղել են Սանտա Կրոչեում, սակայն նրա դիակը հանել, քարշ տալով քաղաքի փողոցներով բերել են պալացցո Պացցիի դիմաց, ապա գցել Առնո գետը[2]։
Պացցիները աքսորվել են Ֆլորենցիայից, իսկ նրանց հողերն ու ունեցվածքը՝ բռնագրավվել, անվան և զինանշանի օգտագործումը արգելվել։ Նրանց անունը ջնջվելէ քաղաքի գրանցամատյանից և բոլոր շենքերը, որոնք կրել են նրանց անունը անվանափոխվել են[2]։ Նրանց վահանը, որի վրա դելֆիններ էին պատկերված, ոչնչացվել է։ Պացցի անուն կրողներին ստիպել են փոխել այն։ Գիլելմո դե Պացցին, ով Լորենցո Մեդիչիի քրոջ՝ Բիանկայի ամուսինն էր, տնային կալանքի տակ է հայտնվում, իսկ հետագայում արտաքսվում և զրկվում քաղաք մտնելուց[4]։
1494 թվականին Պիեռո դե Մեդիչիի տապալումից հետո Պացցի ընտանիքի անդամները Ֆլորենցիա վերադառնալու իրավունք են ստանում[4]։
Պացցիի մատուռ
Պացցի մատուռի ճարտարապետը Ֆիլիպո Բրունելեսկիին է[9]։ Շինարարությունը սկսվել է 1442 թվականին Սանտա Կրոչի Ֆրանցիսկյան եկեղեցում[10]։ Բարձր Վերածննդի դարաշրջանի ճարտարապետական ոճին համապատասխան ձևավորումը զուսպ է։ Գմբեթը կիսագնդաձև է, որն ավարտվել է Բրունելեսկու մահից հետո՝ ըստ նրա պլանի։
Պալատներ Ֆլորենցիայում
- Պալացցո Պացցի. ընտանիքի հիմնական նստավայրը, որը կառուցվել է 1462-1472 թվականներին Յակոբո դե Պացցիի պատվերով, Ջուլիանո դե Մայանոի նախագծով։ Շենքը եռահարկ է՝ ցոկոլային հարկը կոպիտ տաշված քարով շարված, պատուհանների եզրերը՝ սվաղով նախշազարդված (զգացվում է Բրունելսկու ազդեցությունը)։ Կենտրոնական բակը երեք կողմից շրջապատված է կամարաշարքով։
- Պալլացո Պացցի (իտալ.՝ Palazzo Pazzi dell'Accademia Colombaria). պատկանել է Պացցի ընտանիքին։ Ձեռք է բերվել 1476 թվականին Գուլիելմո և Ջիովանի Պացցիներիի կողմից։ Դավադրությունից հետո այն բռնագրավվել է։ Ավելի ուշ, Պացցիները գնել է տները և վերականգնել ֆասադը (որոշ աղբյուրներ վերագրում են Ամանատիին, 16-րդ դարի երկրորդ կես)։ 1830-ական թվականներին եղել է Կոլումբարիայի ակադեմիայի նստավայրը, որից էլ ստացել է իր անունը։
- Պացցիի մատուռ
- Պալացցո Պացցի
- Պալլացո Պացցի Ամանատի