Սեբեոս

Սեբեոս եպիսկոպոս Բագրատունի (նաև՝ Եւսեբեոս, Սեբիոս, 6-րդ դար - 7-րդ դար), հայ պատմիչ, հայ եկեղեցու եպիսկոպոս։ Գրի է առել 6 - 7–րդ դարերի պատմությունը՝ այն հասցնելով մինչև 661 թվականը։ Եղել է բարձրաստիճան հոգևորական, մասնակցել Ներսես Գ Տայեցու գումարած Դվինի 645 և 648 թվականների ժողովներին[1]։

Սեբեոս եպիսկոպոս Բագրատունի
Սեբեոսի պատմության հրատարակության առաջին էջը, Սանկտ-Պետերբուրգ, 1879․
Ծնվել է6-րդ դար
Վախճանվել է7-րդ դար
Մասնագիտությունքահանա և պատմաբան
Լեզուգրաբար

Կենսագրություն

Սեբեոսի մասին կենսագրական տեղեկությունները բացակայում են. հայտնի չեն նրա ծննդյան և մահվան հստակ թվականները։ Միջնադարյան հայ մատենագիրներ՝ Ասողիկը, Սամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Անեցին և Մխիթար Այրիվանեցին հաղորդում են Սեբեոս անունով պատմիչի մասին, ով գրել է պատմություն հունական կայսր Հերակլի մասին՝ «Պատմութիւն Հերակլի»[2]։ Պատմիչ Ուխտանեսը հիշատակում է այդ նույն աշխատությունը, սակայն առանց Սեբեոս անվանումը նշելու։ Այն հարցերին, թե ով է եղել Սեբեոսը և ինչ ծավալի աշխատություն է եղել նրա Պատմությունը, հիշյալ աղբյուներում չեն նշում։ Մինչ այս պահը առկա կենսագրական փաստերը վերցված են Պատմության մեջ եղած ցուցումներից։ Սեբեոսը ճանապարհորդել է Միջագետքում, որտեղ Մար Աբաս Կատինայի աշակերտներից ձեռք է բերել «Մարաբասյան մատյանը»։ Պարսից Խոսրով թագավորի պալատում հանդիպել է Չինաստանից եկած դեսպաններին, նրանցից լսել Մամիկի ու Կոնակի զրույցը[1]։ Ըստ Ներսես Ակինյանի, 617 թվականին Սմբատ Բագրատունի Վրկանից մարզպանի նշխարները Տիզբոնից տեղափոխել է Կոգովիտի Դարույնք ամրոցը։ 645 թվականին Դվինի եկեղեցական ժողովի մասնակիցների մեջ եղել է նաև Սեբեոս Բագրատունյաց եպիսկոպոսը[3]։ Ենթադրվում է, որ նա էլ հենց Հերակլի մասին գրողն է։ Քանի որ պատմությունը վերջանում է 661 թվականով, իսկ մինչ 628 թվականը նա եղել է Խոսրով Ապրուեզի (590-628) պալատում, ուրեմն ծնված պետք է լինի 6-րդ դարի վերջերին, իսկ պատմությունը գրել է մոտ 70 տարեկան հասակում[1]։

Սեբեոսի «Պատմություն»-ը

7-րդ դարը հայտնի է համաշխարհային պատմական նշանակություն ունեցող մի շարք իրադարձություններով. Պարսկա-բյուզանդական պատերազմներ, Երուսաղեմի գրավումը պարսիկների կողմից (614 թվական), արաբների նվաճողական քաղաքականությունը և նրանց առաջին արշավանքներ, Սասանյան Պարսկաստանի անկումը, Բյուզանդական տիրապետության նվաճումը արաբների կողմից և այլն։ Սակայն պարսկական, հունական, լատինական, ասորական, արաբական կամ այլ գրականություններ այս դարում չեն ստեղծել պատմագրական ժանի աշխատություններ, որում ամփոփված լինեին վերոնշյալ դեպքերի նկարագրությունները։ Համաշխարհային պատմագրության մեջ միակ բացառությունը հանդիսանում է «Սեբեոսի պատմությունը», որի հեղինակը ժամանակակից և ականատես է եղել դարաշրջանի այդ դեպքերին։ Պատմությունը մեզ է հասցրել Հարավային Կովկասի, Իրանի, Միջին Արևելքի և Բյուզանդիայի քաղաքական կյանքին վերաբերող նշանակալից տեղեկություններ[4]։

Այսպիսով, «Սեբեոսի պատմության» շնորհիվ հայ մատենագրությունը գրավում է առաջնակարգ դեր համաշխարհային պատմագրության ասպարեզում։ «Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն» մեծարժեք երկի հնագույն ձեռագրում (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ №2639) հեղինակի անունը և գրքի վերնագիրը բացակայում են։ Աշխատանքի պատվիրատուն հավանաբար եղել է Վարազտիրոց Բագրատունին։ Երկը բաղկացած է երկու բաժնից։ Առաջին բաժինը, որ բաղկացած է վեց գլխից (Ա-Զ), նվիրված է Հայաստանի հնագույն պատմությանը՝ Հայկ Նահապետից մինչև Արշակունիների թագավորության անկումը։ Այստեղ տեղ են գտել Հայոց նախնիների մասին վիպասանությունները, ժամանակագրական կարգով համառոտակի թվարկված են հայոց, պարսից և հունաց թագավորների տիրակալության տարիները, ներկայացված է Մամիկոնյան տոհմի ծագման վարկածը։ Ուսումնասիրողների մեծ մասը վաղուց եկել են այն եզրակացության, որ այս բաժինը պատկանում է այլ հեղինակի գրչին, բայց թյուրիմացաբար տեղ է գտել Սեբեոսի երկում, և պայմանականորեն հեղինակ է համարվել Անանունը։

Սեբեոսի բնագիրը սկսվում է «Է» գլխից՝ 5-րդ դարի կեսերի իրադարձությունների նկարագրությամբ և ավարտվում 661 թվականի դեպքերով (46 գլուխ)։ Աշխատության ժամանակագրությունը հիմնված է թագավորների իշխանության տարիների վրա։ Փաստացիորեն, նա շարունակում է Ղազար Փարպեցուն, որի նկարագրած դեպքերի շրջանակը կրկնելուց հետո անցնում է արդեն 6-րդ դարի դեպքերին։ Հեղինակն այն անվանել է «Մատեան ժամանակեան»։ Հեղինակն օգտվել է Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Եվսեբիոս Կեսարացու երկերից։ Հեղինակը 7-րդ դարի դեպքերը ներկայացրել է իբրև ժամանակակից և ականատես։ Այստեղ հեղինակը ներկայացնում է 5-7-րդ դարերի պարսկա-բյուզանդական պատերազմների, արաբների քաղաքական ասպարեզ իջնելու, նրանց արշավանքների ու նվաճումների, Սասանյան Պարսկաստանի անկման և այլ իրադարձությունների հենքի վրա։ Այստեղ ներկայացվում է երկրի քաղաքական, տնտեսական, իրավական դրությունը, վեր են հանված հայ ժողովրդի հերոսական մաքառման բազում դրվագներ, հայկական պետականության վերականգնման համար մղվող պայքարի մանրամասներն ու գործիչների բնութագրումները։ Դավանանքի հարցում հեղինակը կանգնած է հակաքաղկեդոնականության, ազգային եկեղեցու, հայրենի երկրի և ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերում, նա դատապարտել է հայերին քաղկեդոնականություն պարտադրելու կայսրության բռնի փորձերը[1]։

Սեբեոսի երկի այս բաժինը բացառիկ պատմագրական արժեք ունի Հայաստանի 6-7-րդ դարերի պատմության համար։ Հատուկ ուշադրություն է դարձված հայ և օտար գործիչների քաղաքական, ռազմական և դիվանագիտական հարաբերություններին, մանրամասն նկարագրված են Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության տիրապետությունը թոթափելու և անկախ հայկական թագավորություն ստեղծելու համար հայ նախարարների գործադրած ջանքերը, Սմբատ Բագրատունու, Թեոդորոս Ռշտունու և այլոց հերոսական պայքարը։

Պատմության մեջ մեծ տեղ են գրավում փաստաթղթերի (նամակներ, պայմանագրեր և այլն) պատճենները։ Կարևոր են Սասանյանների դեմ ապստամբություն կազմակերպող Վահրամ Մեհրևանդակի (Չուբին) նամակները Մուշեղ Մամիկոնյանին և վերջինիս պատասխան-նամակները։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ պարսիկ ապստամբ նախարարը խոստանում է հայերին տալ անկախ թագավորություն՝ Արշակունյաց ժամանակաշրջանի ամբողջական սահմաններով։ Բացառիկ նշանակություն ունի հայոց իշխան Թ. Ռշտունու և խալիֆայության ներկայացուցիչ Մուավիայի միջև կնքված դաշինքի պատճենը[1]։

Մեջբերելով պարսից Խոսրով II Ափարվեզ արքային գրած Մավրիկիոս (Մորիկ) կայսեր նամակը՝ Սեբեոսը բացահայտել է նրանց հայաջինջ քաղաքականությունը.

Ազգ մի խոտոր և անհնազանդ են, ասէ, կան ի միջի մերում և պղտորեն։ Բայց եկ, ասէ, ես գիմս ժողովեմ և ի Թրակե գու- մարեմ, և դու զքոյդ ժողովէ և հրամայէ յԱրևելս տանել*։ Զի եթէ, մեռան ին՝ թըշ,- նամիք մեռանին․ և եթէ սպանանեն՝ զթշնամիս սպանանեն․ և մեք կեցցուք խաղաղութեամբ։ Զի եթէ դոքա յերկրի իւյեանց լինիցին՝ մեգ հանգչել ոչ լինի»
- «Պատմութիւն», էջ 86, 197

Սեբեոսի երկն արժեքավոր աղբյուր է նաև բյուզանդագիտության, արաբագիտության, իրանագիտության համար։ Տեղեկություններ կան աղվանների, ասորիների, եգերացիների, թետալացիների, հեփթաղների, հնդիկների, հոների, հրեաների, մազքութների, մարերի, վրացիների, քուշանների և այլ ժողովուրդների ու ցեղերի մասին։ Սեբեոսի երկից օգտվել են Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ), Մխիթար Անեցին, Վարդան Արևելցին, Սիմեոն Ապարանցին և ուրիշներ[1]։

Պատմության մեջ առկա են նաև վիպական տարրը, ավանդական պատումները և զրույցները, որոնք գեղարվեստական երանգ են հաղորդել աշխատությանը։Սեբեոսի լեզուն մոտ է դասական հայերենին, և նա միշտ զուսպ է և խուսափում է լեզվական ավելորդ պաճուճանքներից։ Այն հստակ է, կանոնավոր, երբեմն ստանում է գեղարվեստական երանգ։ Օրինակ, Պարսից սրքա Խոսրով II Ափարվեզի մասին բաժինը սկսվում է հանգավորված․

ժամանակեան,
պատմութիւն թագավորական,
վէպ արիական,
վանումն տիեզերական,
հէն Սասանական,
յԱպրուէզն Իասրովեան։

Այս և նման կտորները հայերեն առաշին հանգավոր շարադրանքներից են։ Սեբեոսի երկն առաջին անգամ հրատարակել է Թադեոս Միհրդատյանը՝ «Պատմութիւն ի Հերակլն» վերնագրով, 1851 թվականին։

Թարգմանություններ

Աշխատությունը եվրոպական պատմագիտության մեջ

  • Գերմանացի անվանի գիտնական Հ. Հյուբշմանը համալսարանական դասախոսի իրավունք ստանալու համար մրցանակաբաշխության է ներկայացրել «Սեբեոսի Պատմությանը» նվիրված հետազոտություն և այդ Պատմության արաբական արշավանքներին վերաբերող գլուխների թարգմանությունը։
  • Պարսկա-բյուզանդական պատերազմների ուսումնասիրությամբ զբաղվող Է. Գերլանդը «Սեբեոսի Պատմությունն» օգտագործել է դոկտորական դիսերտացիայի համար ընտրած իր ուսումնասիրությունում։
  • Իտալացի բյուզանդագետ Անժելո Պերնիչեն կայսր Հերակլի պատմությունը շարադրելիս, ի թիվս հունական, պարսկական, լատինական, ասորական, ղպտական աղբյուրների, օգտագործել է նաև «Սեբեոսի Պատմությունը»։ Իր օգտագործած աղբյուրների շարքում առաջին դերը հատկացրել է հենց այս աշխատությանը։
  • Սկզբնաղբյուրը նյութ է հանդիսացել նաև ֆրանսիացի (Է. Դյուլորյե, Վ. Լանգլուա, Ֆ. Մակլեր), անգլիացի (Յ.Բ. Բյուրի), գերմանացի (Յ. Մարկվարտ), ռուս (Գ. Լասկին, Վ. Բոլոտով, Յու. Կուլակով) և բազմաթիվ այլ գիտնականներին[4]։

Հրատարակություններ

Գրականություն

  • Greenwood im, En ries on ‘ he His ory of Sebeos’ (pp. 139–144); ‘ he Le er of Leo III in Ghewond’ (pp. 203–208); ‘Movsēs Daskhuran s‘i’ (pp. 261–267) and ‘Ghewond’ (pp. 866–871); in Chris ian-Muslim Rela ions. A Bibliographical His ory vol. 1 (600-900), ed. D. homas and B. Roggema, (Leiden, 2009) ISBN 900416975X ISBN 978-9004169753
  • Պատմութիւն, աշխատասիր․ Գ․ Աբգարյանի, Ե․, 1979։ Գրկ Մալխասյան Ս․, Սեբեոսի պատմությունը և Մ․ Խորենացի, Թ․, 1893։
  • Աբգարյան Գ․ Վ․, «Սեբեոսի Պատմությունը» և Անանունի առեղծվածը, Երևան, 1965։
  • Անանյան Պ․, Սեբեոսի Պատմության գրքի մասին քանի մը լուսաբանություններ, Վենետիկ, 1972։
  • Mapp Н․, О начальной истории Армении Анонима, «Византийский Временник», 1894;
  • Адонц Н․, Начальная история Армении у Себеоса в её отношениях к трудам Моисея Хоренского и Фавста Византийского, «Византийский Временник», т․ 8, 1901․

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սեբեոս հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։