Սեպուհ Սիմոնյան

հայ հեղինակ-կատարող, երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սեպուհ Սիմոնյան (1978, Հալեպ, Սիրիա), ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, ստեղնաշարահար և պրոդյուսեր[1], Լոս Անջելեսում ձևավորված Capital Cities ինդի փոփ խմբի երկու անդամներից մեկը։

Սեպուհ Սիմոնյան
Ծնվել է1978
Հալեպ, Սիրիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երգիչ
Գործիքներստեղնաշարային գործիքներ և վոկալ
ԼեյբլCapitol Records
ԱնդամակցությունCapital Cities

Կենսագրություն

Սիմոնյանը ծնվել է 1978 թ. Հալեպում, Սիրիա[2]։ Ունի լիբանանահայ ծնողներ[3][4], որոնց նախնիները Հայոց ցեղասպանությունից փրկվածներ էին։ Հայրական պապը Կիլիկիայից էր (այժմ՝ Թուրքիայի Չուքուրովա շրջանը)[2][5]։ Սիմոնյանի ծնողները Բեյրութից են՝ Լիբանանից, սակայն, ինչպես երգիչն է ասում, քաղաքացիական պատերազմի պատճառով, նրա մայրը ստիպված էր փախչել, և ի վերջո ապագա երգիչը ծնվեց Սիրիայում[6]։ Այնուհետև՝ Սեպուհի ծնվելուց կարճ ժամանակ անց, ընտանիքը վերադարձավ Լիբանան, որտեղ մնաց մինչև 1985 թ.։ Այնուհետև, քաղաքացիական պատերազմի պատճառով, նրանք վերջնականապես տեղափոխվեցին ԱՄՆ[7]։

Սիմոնյանը մեծացել է ԱՄՆ-ի Լոս Անջելես շրջանում[3]։ Նրա ընտանիքը միշտ եղել է ներգրավված ԱՄՆ հայկական համայնքում[8]։ Ինքը՝ Սեպուհ Սիմոնյանը, 1990-ականների վերջին հայկական «Ասպարեզ» պարբերականի անգլալեզու բաժնում աշխատել է որպես խմբագրի օգնական[9]։ Նա ավարտել է Գլենդելի ավագ դպրոցը[2][10]։ Սեպուհը Կալիֆորնիայի Պետական Համալսարանի (Նորթրիջ) սաներից է[11], որտեղ երաժշտություն է ուսանել[10]։

Երաժշտական գործունեությունը

Սիմոնյանն իր առաջին երաժշտական խումբն ունեցավ ընդամենը 15 տարեկանում[12]։ 2004 թվականին[13] Սիմոնյանը՝ որպես մենակատար և ստեղնաշարահար, ու Ռայան Ուելքրը՝ որպես կիթառահար և բեքվոկալիստ[14], ձևավորում են "Aviatic" ռոք խումբը[11]։

Սիմոնյանը հանդիպել է Ռայան Մերչենթին 2008 թ. "Craigslist" (Արձագանքի) միջոցով, երբ փնտրում էր երաժշտական պրոդյուսերի աշխատանք[15]։ Ի սկզբանե նրանք աշխատում էին որպես հեղինակներ և գրում էին երգեր այլ խմբերի համար[16]։ 2010 թ. ձևավորվեց նրանց դուետը՝ "Capital Cities" ինդի փոփ խումբը[12]։

Ծանոթագրություններ