Սուրեն Վարդանյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Ասատուրի Վարդանյան (1907, Գյուլագարակ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - 1979), խորհրդային հայ էներգետիկ և պետական գործիչ։ 1960 թվականի մարտի 22-ից մինչև 1962 թվականի դեկտեմբերի 6-ը եղել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ[1], 1962 թվականից մինչև 1978 թվականը՝ Հայկական ԽՍՀ էներգետիկայի և էլեկտրաֆիկացման գլխավոր վարչության պետ։ ԽՍՀՄ պատվավոր էներգետիկ, Լենինի և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանների ասպետ[2]։

Սուրեն Վարդանյան
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ
22 մարտի, 1960 թվական - 6 դեկտեմբերի, 1962 թվական
ՆախորդողԳուրգեն Փահլևանյան
 
Կուսակցություն՝Կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Գիտական աստիճան՝տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ազգությունհայ
Ծննդյան օր1907
ԾննդավայրԳյուլագարակ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր1979
Քաղաքացիություն ԽՍՀՄ
 
Պարգևներ
Լենինի շքանշան և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան

Կենսագրություն

Սուրեն Վարդանյանը ծնվել է 1907 թվականի նոյեմբերին Գյուլագարակ գյուղում (ներկայում՝ Հայաստանի Լոռու մարզում), բանվորի ընտանիքում։ Սովորել է տեխնիկումում Թիֆլիսում (ավարտել է 1924 թվականին), ապա Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում։ 1930 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Զեմո Ավչալի հէկում որպես հերթապահ ինժեներ։ 1931 թվականին նշանակվել է Լենինականի հիդրոէլեկտրակայանի տնօրեն, 1932 թվականից եղել է Երևանի № 1 և 2 հիդրոէլեկտրակայանների տնօրեն։ 1936-1937 թվականներին զուգահեռաբար աշխատել է որպես Հայէներգոյի ղեկավար, 1938 թվականից՝ Հայէներգոյի գլխավոր գործակարգավար[2]։

Եղել է Արգելի ջրաէլեկտրակայանի շինարարության պետի տեղակալ։ Հայհիդրոէներգոնախագծի էներգետիկայի բաժանմունքի պետի պաշտոն զբաղեցնելու ընթացքում ղեկավարել է Որոտանի վրա հիդրոէլեկտրակայանների կասկադի կառուցման սխեմայի կազմման աշխատանքները։ Եղել է Կիրովականի (ներկայում՝ Վանաձոր) ցանցային վարչության տնօրեն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի արտադրության պլանավորման կազմակերպման ամբիոնի վարիչ[3]։ Ինչպեսն նաև աշխատել է Հիդրոէլեկտրոնախագիծ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղում[4]։ 1957 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն[2]։

Սուրեն Վարդանյանն զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ։ 1947-1952 թվականներին նա աշխատել է Լենինականի քաղխորհրդում[4]։ Ընտրվել է Լենինականի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ, ապա նախագահ։ 1957 թվականին դարձել է Երևանի քաղխորհրդի նախագահի տեղակալ։ 1960 թվականի մարտի 22-ից մինչև 1962 թվականի դեկտեմբերի 6-ն զբաղեցրել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնը։ Ընտրվել է Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր, եղել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի, Հայաստանի կոմունիստական կուսակցության Երևանի և Լենինականի քաղկոմների բյուրոյի անդամ[2]։

Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում զբաղվել է քաղաքային տրանսպորտի զարգացմամբ և նոր մայրուղիների կառուցմամբ։ Նրա ղեկավարությամբ է կառուցվել Հրազդան գետի կամուրջը, որ միացրել է Լենինի ու Շահումյան շրջանները (ներկայում՝ Երևանի Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները)[2]։

1962 թվականին Սուրեն Վարդանյանը նշանակվել է Հայկական ԽՍՀ էներգետիկայի և էլեկտրաֆիկացիայի գլխավոր վարչության պետ-նախարար։ Այդ պաշտոնում նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի էներգետիկայի զարգացման գործում։ Կառուցվել են Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայանները, Տաթևի և Շամբի ջրաէլեկտրակայանները։ Սուրեն Վարդանյանը հասել է նրան, որ ԽՍՀՄ էներգետիկայի նախարարությունը որոշում կայացնի Հայաստանի ՀԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ[2]։

1978 թվականին Սուրեն Վարդանյանն անցել է թոշակի։ Եղել է միութենական նշանակության թոշակառու։ Մահացել է 1979 թվականին՝ երկարատև հիվանդությունից հետո[4]։

Հիշատակ

1980 թվականին Սուրեն Վարդանյանի անունով է կոչվել Տաթևի ջրաէլեկտրակայանը։ Վերջինիս շենքի պատին տեղադրվել է հուշատախտակ[2]։

Ծանոթագրություններ

Նախորդող
Գուրգեն Փահլևանյան
Երևանի քաղաքային խորհրդի նախագահ
Սուրեն Վարդանյան

22.03.1960 – 06.12.1962
Հաջորդող
Գրիգոր Հասրաթյան