Վիքիպեդիայի հուսալիություն

Վիքիպեդիայի հուսալիությունը համեմատած այլ հանրագիտարանների և մասնագիտացված աղբյուրների հետ գնահատվել է տարբեր եղանակներով, ինչպիսիք են՝ վիճակագրության միջոցով պատմական օրինակների համեմատական վերլուծությունը, Վիքիպեդիային խմբագրման գործընթացին հատուկ թույլ և ուժեղ կողմերն ուսումնասիրությունը[1]։ Վերջերս հակասական խմբագրումները, Վիքիպեդիայի կեսնագրական հոդվածներում կեղծ, զրպարտիչ և կողմակալ տվյալներ ավելացնելը լայն տարածում են ստացել[2][3]։

Վանդալիզմ Վիքիպեդիայի հոդվածում։ Ձախ կողմի բաժինը չվնաստված, նորմալ տարբերակն է, իսկ աջ կողմում վնաստված տարբերակը։

Nature ամսագրը 2005 թվականին համեմատել է Վիքիպեդիայի գիտական հոդվածները Բրիտանիկա հանրագիտարան հոդվածների հետ, ըստ ամսագրի՝ Վիքիպեդիայի ճշգրտության մակարդակը մոտ էր Բրիտանիկա հանրագիտարանի ճշգրտությանը[4]։ Բրիտանիկա հանրագիտարանը վիճարկել է Nature-ը հետազոտությունը[5], սակայն Nature ամսագիրը հետագայում պատասխանել է վիճարկմանը և՛ պաշտոնական պատասխանով, և Բրիտանիկա հանրագիտարանի հիմնական առարկությունները կետ առ կետ հերքելով[6]։ 2008-2012 թվականներին գիտական և բժշկական, ինչպես օրինակ՝ ախտաբանության[7], թունագիտության[8] ուռուցքաբանության[9],, դեղանյութերի[10] և հոգեբուժության[11], թեմաներով հոդվածների համեմատությունը գիտական աղբյուրների հետ ցույց տվեց, որ Վիքիպեդիայի խորությունն ու լուսաբանումը բարձր մակարդակի են։ Ընթեռնելիության վերաբերյալ մտահոգությունների մասին հետազոտություններ են հրատարակել Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միությունը[12], Հոգեբանական բժշկություն ամսագիրը (2012)[11], իսկ Գաստրոէնտերոլոգիայի և լիարդաբանության եվրոպական ամսագիրը հրատարակել է հուսալիության մտահոգությունների մասին հետազոտություն[13]։

Վիքիպեդիան բաց է անանուն և համագործակցված խմբագրման համար, այսպիսով հուսալիության վերաբերյալ գնահատականներում սովորաբար քննվում է կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկության ջնջման արագությունը։ IBM-ի հետազոտողների 2003 թվականի աշխատանքը ցույց տվեց, որ «վանդալիզմը սովորաբար վերացվում է չափազանց արագ, և օգտատերերի մեծ մասը չի տեսնում դրա հետևանքները»[14], ըստ նրանց՝ «Վիքիպեդիան ունի ինքնաբուժման զարմանալի արդյունավետություն»[15]։

Հրատարակվել են նաև որոշ օրինակներ, որտեղ կեղծ տեղեկությունը Վիքիպեդիայի հոդվածում մնացել է երկար ժամանակ։ 2005 թվականի մայիսին մի անանուն խմբագիր ստեղծել է Ջոն Սայգենթալերի մասին հոդված, որը պարունակում էր որոշ զրպարտիչ տվյալներ[16]։ Սխալ տեղեկությունը հոդվածում մնացել էր չորս ամիս։ Ֆրանսերեն Վիքիպեդիայում մի հոդված նկարագրում էր «Léon-Robert de L'Astran»–ին որպես 18–րդ դարի հակաստրկային նավի սեփականատեր, ինչը հանգեցրեց նրան, որ նախագահի թեկնածու Սեգոլեն Ռուայալը գովաբանի նրան։ Սակայն հետագայում մի ուսանողի հետաքննությունը ցույց տվեց, որ հոդվածը խաբեություն է և de L'Astran–ը երբեք գոյություն չի ունեցել[17]։

Ծանոթագրություններ