Փոքրասիական տրիտոն

Փոքրասիական տրիտոն
Փոքրասիական տրիտոն
Փոքրասիական տրիտոն
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԵրկկենցաղներ (Amphibia)
ԿարգՊոչավոր երկկենցաղներ (Caudata)
ԸնտանիքՍալամանդրներ (Salamandridae)
ՑեղOmmatotriton
ՏեսակՓոքրասիական տրիտոն (O. vittatus)
Միջազգային անվանում
Ommatotriton vittatus
Gray, 1835
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Փոքրասիական տրիտոն (Triturus vittatus), պոչավոր երկկենցաղների կարգի սալամանդրների ընտանիքի մողես, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Տարբեր գիտնականների կողմից դասվում է Triturus կամ Omma-totriton ցեղերին։

Ընդհանուր բնութագիր

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 1,5-8,8 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության։ Էգերը գորշավուն են, մեջքի երկայնքով հաճախ ունենում են մուգ գույնի կետիկներ։ Ողնաշարի ուղղությամբ ձգվում է լայն, շեկ զոլ։ Արուների մեջքի գորշադեղնավուն, բրոնզագույն երանգով ընդհանուր գունավորման վրա կա սև խալերից կազմված նախշ։ Պարանոցի, վերջույթների և պոչի խալերն ավելի խոշոր են։ Ներքևի 2 եզրային շարքերի խալերը միանալով՝ ձևավորում են զուգահեռ երկայնակի սև զոլեր, որոնց արանքում կա սպիտակ զոլ։ Հարսանեկան շրջանում արուների մեջքի վրա ձևավորվում է բարձր, մարմնի երկարության 1/4-ին հասնող, խիստ կտրտված կատարանման լողաթաղանթ, որը կազմված է 15 ատամիկներից։ Պոչի ստորին մակերեսով ձգվում է սղոցաձև լողաթաղանթ (կատար)։ Մեջքային կատարի յուրաքանչյուր ատամիկ կրում է երկայնակի սև զոլ։ Այս շրջանում արուների պոչի ստորին մասը ձեռք է բերում թանաքագույն երանգ։ Կոկորդը և գլխի ստորին մասը սպիտակ են՝ սև բծերով։ Էգերի մեջքային կատարը բացակայում է։ 2 սեռերի որովայնը սպիտակավունից վառ նարնջագույն է, աչքի բիբը՝ ոսկեգույն, վերին և ստորին մասերում կա մեկական սև բիծ[1][2]։

Կենսակերպ

Վարում է գլխավորապես մթնշաղային ու գիշերային կենսակերպ։ Սնվում է հիմնականում մանր անողնաշարավորներով։ Ձմեռում է ցամաքում՝ աշնան վերջից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում գարնանը։ Բեղմնավորումը ներքին է. էգը հավաքում է սպերմատոֆորը արուի հետ անմիջական հպման ընթացքում։ Էգը ձվերը կպցնում է տերևներին կամ ստորջրյա այլ առարկաների։ Թրթուրը ծնվում է ձվադրումից 12-30 օր հետո։ Կերպարանափոխությունը տեղի է ունենում ամռան վերջից աշնան սկիզբը։ Հայտնի են թրթուրների ձմեռման դեպքեր և կերպարանափոխված (ևեոտենիկ) ձև։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու փափկամարմիններին ու միջատներին։

Տարածվածություն

Տարածված են Իսրայելում, Լիբանանում, Սիրիայում, Փոքր Ասիայում, Արևմտյան Կովկասում։

Տարածվածությունը Հայաստանում

ՀՀ-ում հայտնի է միայն Լոռու մարզում՝ Ախթալա, Օձուն և Դսեղ գյուղերի շրջակայքում։ Բնակվում է հոսող ու կանգուն ջրավազաններում և ափամերձ վայրերում՝ ծովի մակարդակից 900-1200 մ բարձրության վրա։

ՀՀ-ում որսվում է մեծ քանակներով, ինչի հետևանքով կարող է անհետանալ։ Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ։

Պահպանություն

Հայտնի են տեղային ռելիկտային պոպուլյացիաներ Հայաստանի հյուսիսում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը բնության մեջ կազմում է 1500–1800 առանձնյակ։

Թվաքանակի վրա բացասականորեն են ազդում անտառահատումները, մանր ջրավազանների ոչնչացումը և անասունների գերարածեցումը։ Պոպուլյացիային սպառնացող վտանգներից է զանգվածային ապօրինի որսը՝ տրիտոններին տերարիումների սիրահարներին վաճառելու նպատակով։

Գրանցված է Բեռնի կոնվենցիայի II հավելվածում[3]

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրասիական տրիտոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրասիական տրիտոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։