Քիմիական հատկություններ

Քիմիական հատկությունները նյութերի (քիմիական տարրերի, պարզ նյութերի, քիմիական միացությունների) այն առանձնահատկություններն են, որոնք առնչություն ունեն քիմիական գործընթացների հետ, այսինքն` արտահայտվում են քիմիական ռեակցիաներում և ուղղակի ազդեցություն են ունենում ռեակցիայի ընթացքի վրա[1]։

Քիմիական հատկություններից են այլ նյութերի հետ փոխազդելու հատկությունը, քայքայումը[2] և դիսոցումը։ Քիմիական տարրի հիմնարար քիմիական հատկություններից մեկը նրա էլեկտրաբացասականությունն է։

Ի տարբերություն ֆիզիկական հատկությունների, քիմիական հատկությունների դեպքում նյութերի ռեակցիոնունակությունը չի կարելի համեմատել որևէ չափելի մեծության հետ։ Ռեակցիոնունակության հատկությունը բնութագրելու համար հարկավոր են մի շարք չափանիշներ, որոնցից յուրաքանչյուրը կախված է չափման որոշակի պայմաններից։ Ուստի նյութերի ռեակցիոնունակությունն ընկալվում է ոչ թե որպես անմիջական հատկություն, այլ` քիմիական հետազոտությունների համընդհանուր արդյունք[3]։

Քիմիական հատկությունները կախված են ոչ միայն նրանից, թե ինչ քիմիական տարրերից է կազմված նյութը։ Ռեակցիոնունակությունը կախված է նաև նյութերի մոլեկուլային կառուցվաքծից, (կառուցվածքային իզոմերիա) և տարածական իզոմերիայից (կոնֆորմացիայից)։ Որպես կանոն այն նյութերը, որոնք ունեն նույն կազմությունը և կառուցվածքը, ունեն նույն քիմիական հատկությունները, բացառությամբ այն ռեակցիաների, որոնց ժամանակ այդ նյութերը փոխազդում են մի այլ տարածական կոնֆիգուրացիայի հետ։ Այս տարբերությունը ավելի կարևոր է կենսաքիմիայում։ Օրինակ՝ սպիտակուցի` այլ կենսապես ակտիվ նյութերի հետ փոխազդեցության ունակությունը կարող է կախված լինել փոփոխվելու իր կարողությունից։

Ծանոթագրություններ