Օլգա Կորբուտ

Օլգա Վալենտինովնա Կորբուտ (բելառուս․՝ Вольга Валянцінаўна Корбут, մայիսի 16, 1955(1955-05-16)[3][4][5], Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), բելառուս խորհրդային մարմնամարզուհի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1972)։

Օլգա Կորբուտ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Вольга Корбут
Մականուն(ներ)՝The Sparrow from Minsk[1] և Vrabia din Minsk[2]
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ ԽՍՀՄ և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 16, 1955(1955-05-16)[3][4][5] (69 տարեկան)
Ծննդավայր՝Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Մարզիչ(ներ)՝Ռենալդ Կնիշ
152 սմ
Քաշ՝39 կգ

Կենսագրություն

Օլգա Կորբուտը ծնվել է 1955 թվականի մայիսի 16-ին Բելառուսական ԽՍՀ Գրոդնո քաղաքում։ Մարմնամարզությամբ զբաղվել սկսել է 1963 թվականին, երբ սովորում էր երկրորդ դասարանում. հաճախել է Յարոսլավ Իվանովիչ Կորոլի մարմնամարզության խմբակ։ 10 տարեկան հասակում՝ 1965 թվականին, սկսել է մարզվել Ռենալդ Կնիշի մոտ։ Օլգա Կորբուտի մարզական առաջին լուրջ հաջողությունը եղել է 1970 թվականին, երբ նա դարձել է հենացատկի ԽՍՀՄ չեմպիոն և ընդգրկվել է երկրի հավաքականի կազմում։ Հանդես է եկել Զինված ուժերի օգտին։ 1977 թվականին Օլգա Կորբուտն ավարտել է Գրոդնոյի պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով մարզիչ-ուսուցչի մասնագիտություն[6]։

Մարզական մարմնամարզության պատմության մեջ հայտնի է Լյուդմիլա Տուրիշչևայի ու Օլգա Կոբուրտի հակամարտությունը։ Տուրիշչևան ներկայացնում էր հին ակադեմիական մարմնամարզական դպրոցը, իսկ Օլգա Կորբուտը՝ սպորտում ձևավորված նոր ուղղությունները՝ ռիսկային տարրեր, ատլետիզմ և պատանեկություն։ 1972 թվականին Մյունխենում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Օլգա Կորբուտը ցուցադրել է մարմնամարզական նորարարական տարրեր և արժանացել հանդիսատեսի համակրանքին։ Սակայն բացարձակ առաջնությունում նա զիջել է Տուրիշչևային[6][7]։ Բացարձակ առաջնության շրջանակներում զուգափայտերի վրա վարժություններ կատարելիս Օլգա Կորբուտը թույլ է տվել կոպիտ սխալ և արդյունքում չի գրավել մրցանակային տեղ[8]։

1976 թվականին Օլգա Կորբուտը ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Մոնրեալում անցկացված Օլիմպիական խաղերին, որտեղ թիմային առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի, իսկ գերանի վրա կատարած վարժություններում՝ արծաթե մեդալի։

1991 թվականին Օլգա Կոբուտը բնակություն է հաստատել է ԱՄՆ-ում[9] և ստացել ամերիկյան քաղաքացիություն[10]։

1972 թվականի Օլիմպիական խաղերից հետո Օլգա Կորբուտը դարձել է հեռուստաաստղ և 1973 թվականին հյուրախաղերի է հրավիրվել ԱՄՆ։ Հյուրախաղերն անցել են մեծ հաջողությամբ. դրանց հետ է կապվում ԱՄՆ-ում սկիզբ առած մեծ հետաքրքրությունը մարմնամարզության նկատմամբ։

1974 թվականին Օլգա Կորբուտի կենսագրության հիման վրա նկարահանվել է «Ծամիկներով հրաշքը» գեղարվեստական ֆիլմը, որտեղ նա ինքն է կատարել մարզական վարժությունները (գլխավոր դերում նկարահանվել է Իրինա Մազուրկևիչը)։

Օլգա Կորբուտն իր մարզական կարիերան ավարտել է 1976 թվականի Օլիմպիական խաղերից հետո։ 1977 թվականին նա ավարտել է Գրոդնոյի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1978 թվականին ամուսնացել է հայտնի երգիչ, «Песняры» խմբի մենակատար Լեոնիդ Բորտկևիչի հետ։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Ռիչարդը։ 22 տարի տևած համատեղ կյանքից հետո նրանք բաժանվել են 2000 թվականին[11]։

«Կորբուտի օղակ»

Օլգա Կորբուտն առաջինն է կատարել յուրատիպ մի վարժություն, որ հետագայում նրա անունով կոչվել է «Կորբուտի օղակ»[12]։ Մարմնամարզուհին կանգնում է զուգափայտերից ավելի բարձրի վրա և կատարում է հետ սալտո՝ ձեռքերը դրած ձողերի վրա։Այդ վարժությունը կատարվել է Մյունխենում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ։

Հետագայում այդ վարժությունը կատարելագործվել է Ելենա Մուխինայի կողմից։ Ներկայում «Կորբուտի օղակը» չի կատարվում պաշտոնական մրցությունների ժամանակ, քանի որ արգելված է ըստ կանոնների (մարմնամարզուհին չի կարող ոտքերով կանգնել զուգափայտերի վերին հատվածին)[13]։

Ձեռքբերումներ

  • Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն.
    • 1972 - թիմային առաջնություն, գերան, ազատ վարժություններ,
    • 1976 - թիմային առաջնություն,
  • Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն (1972 - զուգափայտեր, 1976 - գերան),
  • 1974 թվականին դարձել է հենացատկի աշխարհի չեմպիոն,
  • 1970 և 1974 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն թիմային առաջնությունում,
  • ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայի հաղթող և ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1975 թվական), ԽՍՀՄ բազմակի չեմպիոն,
  • 1973 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր բացարձակ առաջնությունում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Կորբուտ» հոդվածին։