ԱՄՆ-ի արտաքին քաղաքականություն Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, սկզբնավորվել է դեռևս պետության ձևավորման առաջին տարիներին, սակայն ընդարձակվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո։ Սառը պատերազմի տարիներին ամերիկյան արտաքին քաղաքականությունը փորձում էր կասեցնել ԽՍՀՄ-ի ազդեցության տարածումը` աջակցելով հակախորհրդային ուժերին և հովանավորելով Իսրայելին` խորհրդային աջակցություն ստացող արաբական երկրների դեմ պայքարում։ Մերձավոր Արևելքում ունեցած ազդեցության առումով ԱՄՆ-ը եկավ փոխարինելու Միացյալ Թագավորությանը, որը 1960-1970-ական թվականներին Պարսից ծոցի երկրների անվտանգության երաշխավորն էր համարվում։ ԱՄՆ-ի այս քայլը նպատակ ուներ վերահսկողության տակ վերցնել ծոցի նավթային ռեսուրսները[1]։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությունը ընդունեց հակաահաբեկչական բնույթ։

Հերթապահություն իրականացնող ամերիկյան զինվորներ Իրաքում

ԱՄՆ-ը ունի դիվնագիտական հարաբերություններ Մերձավոր Արևելքի բոլոր պետությունների հետ. բացառություն է միայն Իրանը, որտեղ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո իշխանության էր եկել հակաամերիկյան կառավարություն։ ԱՄՆ-ի կառավարության վերջին շրջանի մտահոգությունները Մերձավոր Արևելքում կապված են Արաբ-իսրայելական հակամարտության լուծման և զանգվածային խոցման զենքերի տարածման կանխման հետ[2]։

Պատմություն

Մերձավոր Արևելքի նավթագազային խողովակաշարերի քարտեզ

Առաջին Համաշխարհային պատերազմից առաջ ԱՄՆ-ի առնչությունները Մերձավոր Արևելքի հետ շատ սահմանափակ էին, չնայած առևտրային կապեր գոյություն ունեին դեռևս 19-րդ դարի սկզբներից։ Նախագահ Էնդրյու Ջեքսոնը 1833 թվականին պաշտոնական կապեր հաստատեց Օմանի և Մուսկատի սուլթանի հետ։ Սուլթանը ԱՄՆ-ին դիտարկում էր որպես հավասարակշռող ուժ Բրիտանիայի աճող ազդեցությունը կասեցնելու համար։ ԱՄՆ-ի և Պարսկաստանի միջև առևտրային հարաբերությունները սկսվել են 1857 թվականին. սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Բրիտանիան հրաժարվեց համանման պայմանագիր կնքել Պարսկաստանի հետ 1851 թվականին[3]։

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համեմատությամբ, որոնք հասցրել էին գաղութացնել ողջ Մերձավոր Արևելքը Օսմանյան կայսրությանը պարտության մատնելուց հետո, ԱՄՆ-ը շարունակում էր վայելել ժողովրդականություն Մերձավոր Արևելքում[4]։ Իրականում «ամերիկացիները համարվում էին լավ մարդիկ` եսասիրությունից և երկերեսանիությունից զուրկ, որոնք հատուկ էին եվրոպացիներին[5]»: Ամերիկյան միսիոներները բերում էին դեղամիջոցներ և ստեղծել էին կրթական հաստատություններ ամբողջ տարածաշրջանում։ Ավելին, նրանք բերել էին նաև նավթի արդյունահանմամբ զբաղվող հմուտ և փորձառու ինժեներներ[6]։ Սրանք էին ԱՄՆ-ի առնչությունները Մերձավոր Արևելքի հետ մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմը։ ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի համագործակցության կարևոր օրինակներ են 1928 թվականին ստորագրված «Կարմիր գծի պայմանագիրը» և 1944 թվականին ստորագրված «Անգլո-ամերիկյան նավթային համաձայանգիրը»։ Երկու պայմանագիրն էլ օրինական կերպով ամրագրում էին ԱՄՆ-ի շահերը Մերձավոր Արևելքի էներգակիր ռեսուրսների արդյունահանման վերահսկողության հարցում[7]։ «Կարմիր գծի պայմանագիրը» 1920-ական թվականներին կնքված պայմանագրերից մեկն էր, որը նպատակ ուներ սահմանափակել նավթի մատակարարումները և ապահովել ամերիկյան ընկերությունների առաջնայնությունը համաշխարհային շուկայում նավթի գնի վերահսկման հարցում[8]։ Այս պայամանգիրը ուղղորդող դեր ուենցավ հետագա երկու տասնամյանկենրում նավթի արդյունահանման զարգացման համար։ «Անգլո-ամերիկյան նավթային համաձայանգիրը» հիմնված էր երկու պետությունների միջև ընթացած բանակցությունների վրա, որոնք վերաբերում էին ՄԵրձավոր Արևելքում նավթի վերահսկողությանը։ Ահա ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի խոսքը ուղղված Բրիտանիայի դեսպանին 1944 թվականին.

Պարսկական նավթը ... ձերն է։ Մենք կիսում ենք Իրաքի և Քուվեյթի նավթը։ Իսկ Սաուդյան Արաբիայի նավթը մերն է[9]։
Նախագահ Ռուզվելտի հանդիպումը թագավոր Իբն Սաուդի հետ Յալթայի կոնֆերանսի ժամանակ

1944 թվականի օգոստոսի 8-ին կնքված այս պայմանագիրը ՄԵրձավոր Արևելքի նավթի բաժանումն էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև։ Համաձայն քաղաքագետ Ֆրեդ Լոուսոնի` «Անգլո-ամերիկյան նավթային համաձայանգիրը» ձեռքբերում էր ԱՄՆ-ի համար, քանի որ ապահովում էր բոլոր օրինական իրավունքները, որոնք ապահովում էին ստորագրողների միջև հավասար հնարավորություններ նավթային շրջանների վերահսկողության հարցում[10]։

Մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտը ԱՄՆ-ը սկսեց Մերձավոր Արևելքը դիտարկել որպես «ռազմավարական տեսանկյունից ամենակարևոր տարածաշրջանը աշխարհում»[11]։ Նոմ Չոմսկին այն նաև համարում է «համաշխարհային պատմության ամենամեծ նյութական պարգևներից մեկը»[11]։ Դա էր պատճառը, որ մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտը ԱՄՆ-ը ուղղակիորեն ընդրգկվեց մերձավորարևելյան տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Այդ ժամանակ տարածաշրջանը գտնվում էր սոցիալական, տնտեսական և քաղաքական խոշոր փոփոխությունների փուլում, որն էլ հանգեցրեց ճգնաժամի։

Պատմաբան Ջեք Ուաթսոնը բացատրում է, որ «Եվրոպացիները չէին կարող պահել այս տարածքների վերահսկողությունն արաբական ազգայնականության դեմ հանդիման»[12]։ Ուաթսոնը ապա նշում է, որ «մինչև 1946 թվականի վերջերը Պաղեստինը միակ մանդատային տարածքն էր, բայց այն առաջացրեց մեծ խնդիր»[13]։ Իրականում այս ազգայանական քաղաքական միտումները միտված էին բախվելու ԱՄՆ-ի մերձավորարևելյան շահերին, որոնք, համաձայն քաղաքագետ Լուիս Ֆոքեթի, վերաբերում էին Խորհրդային Միության` նավթային տարածքներ մուտքին և Պաղեստինում Հրեական պետության ստեղծման նախագծին[14]։ Արաբիստ դեսպան Ռայմոնդ Հեյրը նկարագրում է Երկրորդ Համաշխարհային պատերազմը որպես «մեծ բաժանում» ԱՄՆ-ի` Մերձավոր Արևելքի հետ ունեցած առնչություններում, քանի որ այս երեք շահերը ավելի ուշ ծառայելու էին որպես հիմք և պատճառ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներխուժումների համար, և որը նաև դարձավ ապագա մի քանի հակամարտությունների պատճառ ԱՄՆ-ի և ՄԵրձավոր Արևելքի միջև[5]։

Իսրայելի ստեղծում

1947 թվականին ԱՄՆ-ը և Թրումանի վարչակազմը, ներքաղաքական ճնշումների ազդեցության ներքո, առաջ էին մղում Արաբա-իսրայելական հակամարտության լուծման գործընթացը, և 1948 թվականի մայիսին Իսրայել պետությունը դարձավ իրականություն։ Այս գործընթացը տեղի ունեցավ ոչ առանց բախումների և մարդկային կորուստների։ Այնուամենայնիվ, «առաջին պետությունը, որը դիվանագիտական առումով ճանաչեց Իսրայելը, ԱՄՆ-ն էր. ԽՍՀՄ-ը և որոշ Արևմտյան պետություններ հետևեցին այդ օրինակին, բայց ոչ մի արաբական պետություն չճանաչեց Իսրայելը»[15]։

Սիրիա. 1949 թվական

Սիրիան դարձավ անկախ պետություն 1946 թվականին, բայց 1949 թվականի մայիսի հեղափոխությունը վերջ դրեց երկրում քաղաքացիական իշխանությանը։ Հեղափոխությունը ղեկավարում էր բանակի հրամանատար Զաիմը։ Վերջինս առնվազն վեց անգամ հանդիպել է Կենտրոնական հետախուզական վարչության գործակալների հետ հեղափոխությանը նախորդող մեկ ասմվա ընթացքում։ Զաիմը խնդրել էր ֆինանսական օգնություն և զինուժ, բայց հայտնի չէ` ստացել էր աջակցություն, թե` ոչ։ Սակայն փաստ է, որ իր իշխանության օրոք նա ընդունել է մի շարք որոշումներ, որոնք մեծապես նպաստում էին ԱՄՆ շահերին։ Նա հաստատեց Տրանս-արաբական խողովակաշարի իրականացումը. սա ամերիկացիների կողմից ստեղծված նախագիծ էր Սաուդյան Արաբիայի նավթը Միջերկրական ծովի նավահանգիստներ հասցնելու համար։ Զաիմը նաև բարելավեց հարաբերությունները ԱՄՆ-ի` տարածաշրջանային դաշնակիցների` Թուրքիայի և Իրանի հետ։ Նա 1949 թվականին ստորագրեց զինադադարի պայմանագիր Իսրայելի հետ` պաշտոնապես ավարտելով 1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմը և նաև Հրաժարվեց Հաթայի նահանգի նկատմամբ ունեցած հավակնություններից. այս նահանգը սուր հակամարտության պատճառ էր Սիրիայի և Թուրքիայի միջև։ Սակայն Զաիմի իշխանությունը երկար չտևեց։ Նա իշխանությունից հեռացվեց օգոստոսին` շուրջ չորս ու կես ամիս կառավարելուց հետո[16][17][18][19]։

Սուեզի ճգնաժամ

President Eisenhower press conference about the crisis, 9 August 1956 Նախագահ Էյզենհաուերի մամլո ասուլիսը 1956 թվականի օգոստոսի 9-ին

Այսօր համաշխարհային նավթի շուրջ մեկ քառորդը տեղափոխվում է Սուեզի ջրանցքով[20]։

Չնայած 1954 թվականին ԱՄՆ-ից ստացել էր մեծ ծավալի ռազմական օգնություն, Եգիպտոսի առաջնորդ Ջամալ Աբդլ Նասերը հոգնել էր պետության մեջ ամերկյան ազդեցությունից։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը ներպետական քաղաքական հարցերին նա համարում էր գաղութարարություն[21]։ Իրականում, ինչպես նշում է քաղաքագետ Բլեքմենը. «Նասերը հակասական վերաբերմունք ուներ ԱՄՆ-ի նկատմամբ։ 1952-1954 թվականներին նա ջերմ հարաբերություններ ուներ ամերիկյան պաշտոնյաների հետ և Վաշինգտոնում դիտարկվում էր որպես խոստումնալից և չափավոր արաբ առաջնորդ։ Սակայն 1955 թվականին ԽՍՀՄ-ի հետ կնքած պայմանգրերից հետո Կահիրեի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները նշանակելիորեն սառեցին։ Նախագահ Էյզենհաուերի կեցվածքը Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսրայելի` 1956 թվականին հոկտեմբերին Եգիպտոսի վրա կատարած հարձակումից հետո րոպեական երախտագիտության զգացում առաջացրեց Նասերի մոտ, սակայն Էյզենհաուերի դոկտրինի հետևողական զարգացումը պարզորեն միտված էր Նասերին զսպելուն[22]։ Սուեզի ճգնաժամը փաստեց Բրիտանական ազդեցության թուլացման և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի աստիճանանբար գերիշխող դիրքի ձևավորման մասին»[23]։ Ըստ էության Էյզենհաուերի դոկտրինի առանցքը ԽՍՀՄ ազդեցության տարածմանը դիմակայելն էր[24]։

Նույն ժամանակահատվածում, երբ Հորդանանում ազգայնական հակակառավարական ցույցեր սկսվեցին, ԱՄՆ-ը որոշեց ծովային բատալիոն ուղարկել Լիբանան` չբացառելով Հորդանան ներխուժելու հավանականությունը։ Փորձելով պահել ամերիկամետ Հուսեյն թագավորի իշխանությունը` ԿՀՎ-ն գաղտնի կերպով սկսեց միլիոնավոր դոլարների օգնություն ցուցաբերել Հուսեյն թագավորին։ Նույն տարում ԱՄՆ-ը աջակցում էր իր դաշնակիցներին Լիբանանում, Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում[25]։ Սակայն 1958 թվականը բարդ տարի էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար. 1958 թվականին Սիրիան և Եգիպտոսը ձևավորեցին «Միացյալ արաբական պետություն», Լիբանանում սկսվեցին հակառակավարական և հակաամերիկյան ցույցեր, որոնք հարկադրեցին նախագահ Շամունին օգնություն խնդրել ԱՄՆ-ից[26]։

Վեցօրյա պատերազմ և Սև սեպտեմբեր

1967 թվականի հունիսին Իսրայելը մղում էր պատերազմ Եգիպտոսի, Հորդանանի և Սիրիայի դեմ Վեցօրյա պատերազմում։ Պատերազմի արդյուքնում Իսրայելը գրավեց Արևմտյան ափը, Գոլանի բարձունքները և Սինայի թերակղզին։ ԱՄՆ-ը աջակցում էր Իսրայելին զինամթերքով, իսկ մինև 1970-ական թվականները նաև ֆինանսապես։ 1970 թվականի սեպտեմբերի 17-ին Հորդանանի զորքերը ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ հարձակվեցին Պաղեստինի ազատագրման կազմակերպության պարտիզանական ճամբարի վրա։ ԱՄՆ-ը «Անկախություն» ավիակիր նավը և վեց կործանիչներ ուղարկեց Լիբանանի ափերի մոտ և պատրաստեց զորքերը Թուրքիայում հարձակմանն աջակցելու համար։

Սաուդյան Արաբիա

Նախագահ Օբաման Սալման թագավորի հետ

Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը ռազմավարական դաշնակիցներ են[27][28][29], բայց հարաբերությունները լարվեցին սեպտմեբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո[30]։ 2015 թվականի մարտին նախագահ Բարաք Օբաման հատարարեց, որ հրահանգել է ամերիկան զինուժին լոգիստիկ և հետախուզական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային Եմենում ռազմական ներխուժման համար[31]։ «Human Rights Watch» կազմակերպության զեկույցը պնդում է, որ ամերկյան արտադրության ռումբեր են կիրառվել հարձակումների ժամանակ, որոնց նաև զոհ են գնացել բազում խաղաղ բնակիչներ. և որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է[32]։

Աֆղանստան և Պակիստան

Աֆղանստանը և Պակիստանը, թեպետ գտնվում են Հարավային Ասիայում, համարվում են Մեծ Մերձավոր Արևելքի մաս։ ԱՄՆ-ի ներխուժումը Աֆղանստան և Պակիստան տեղի ունեցավ Քարթերի կառավարման ժամանակ` Աֆղասնտանում ԽՍՀՄ ներխուժումից հետո։ ԱՄՆ-ի հարաբերությունները վերոհիշյալ երկու պետությունների հետ սերտորեն կապված է ահաբեկչության դեմ պայքարի հետ։ Վերջին ժամանակներում երկու պետությունների քաղաքական իրադրությունը փակված է գործողությունների մեկ թատերաբեմով, որն ամերիկյան տերմինաբանության մեջ կոչվում է «ԱֆՊակ»[33]։

Թուրքիայի 2016 թվականի հեղաշրջման փորձ

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ. այն նախաձեռնված էր Թուրքիայի զինված ուժերի շրջանակներում ընդդեմ պետական ինստիտուտների, որի առանցքը նախագահ Էրդողանի հեռացումն էր իշխանությունից։ Թուրքիայի կառավարությունը մեղադրեց հեղաշրջման կազմակերպիչներին Գյուլենական շարժման հետ ունեցած կապերի համար. վերջինս ներկայացվում է որպես ահաբեկչական կազմակերպություն Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորությամբ։ Գյուլենը թուրք գործարար է և հոգևոր գործիչ, ապրում է Փենսիլվանիայում։ Էրդողանը մեղադրում է նրան հեղաշրջման փորձի հետևում կանգնած լինելու համար և մեղադրում է նաև ԱՄՆ-ին նրան ապաստան տալու համար։ Էրդողանը մեղադրում է նաև ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ժոզեֆ Վոթելին[34] հեղաշրջման ծրագրողներին աջակցելու համար[35]։

Ծանոթագրություններ

Գրականության ցանկ

  • Baxter, Kylie, and Shahram Akbarzadeh. US foreign policy in the Middle East: The roots of anti-Americanism (Routledge, 2012)
  • Cramer, Jane K., and A. Trevor Thrall, eds. Why Did the United States Invade Iraq? (Routledge, 2013)
  • Fawcett, Louise. International relations of the Middle East (Oxford University Press, 2013)
  • Hemmer, Christopher. Which lessons matter?: American foreign policy decision making in the Middle East, 1979-1987 (SUNY Press, 2012)
  • Jacobs, Matthew F. Imagining the Middle East: The Building of an American Foreign Policy, 1918-1967 (2011)
  • O'Sullivan, Christopher D. FDR and the End of Empire: The Origins of American Power in the Middle East (2012)
  • Petersen, Tore. Anglo-American Policy toward the Persian Gulf, 1978–1985: Power, Influence and Restraint (Sussex Academic Press, 2015)
  • Pillar, Paul R. Intelligence and US Foreign Policy: Iraq, 9/11, and Misguided Reform (Columbia University Press, 2014) 432p
  • Pollack, Kenneth. Unthinkable: Iran, the bomb, and American strategy (2014)

Արտաքին հղումներ