Բառարան

Բառարան (Բառգիրք, Բառագիրք), որոշակի (հիմնականում այբբենական) կարգով դասավորված բառերի ամբողջություն, համակարգում՝ հանդերձ բացառություններով կամ թարգմանությամբ այլ լեզուների և կամ այլ տեղեկություններով՝ դրանց մասին։ Մասամբ բառարանի նյութ են ծառայում ոչ թե բառերը, այլ դարձվածքները, կայուն բառակապակցությունները, քերականական ձևերը, ձևույթները։ Յուրաքանչյուր բառարան ունի իր բառացանկը (բառամթերքը), կառուցվածքը, նպատակադրումը։

Բառարան

Բառարանի տեսակները

  • Ըստ բառաքանակի (բառացանկի) կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։
  • Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։
  • Ըստ գիտական (բառաքննական) մշակվածությամբ՝ ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը՝ նորմատիվ բառարան։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները։ Բնորոշվում է բառի նշանակության մանրամասն բացատրություններով և գրական վկայություններով, հոմանիշների, ոճերի ընդգրկմամբ, բառապաշարային շերտերի ու քերականական նշումներով[1]։
  • Ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մել լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։ Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև՝ համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։
  • Ըստ բառամթերքի բնույթի, բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության, ինչպես նաև նպատակաուղղվածության՝ բառարանները բաժանվում են երկու խմբի՝ լեզվական (լեզվաբանական, բանասիրական) բառարաններ և հանրագիտական բառարաններ։ Լեզվականները լինում են՝ բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։ Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Կան և այդ երկու տիպի բառարանների սկզբունքների համադրման դեպքեր։ Սա հատկապես լինում է մասնագիտական որոշ բառարաններում, անձնանուններում ու ճյուղային առանձին բառարաններում և այլն։
  • Ըստ բառապաշարային ընդգրկման՝ գրաբարյան, միջինհայերենյան, բարբառագիտական (գավառական), աշխարհաբարյան, հեղինակային (գրողի լեզվի), անձնանունների, հոմանիշների, համանունների, հականիշների, նորաբանությունների, հնաբանությունների, օտար բառերի, մասնագիտական (տերմինաբանական)։
  • Ըստ լեզվական միավորների տիպի՝ արմատական, դարձվածաբանական, քերականական, հապավումների և այլն։
  • Ըստ գլխաբառերի (բառացանկի) դասավորության՝ այբբենական, փնջային (ըստ ազգակից արմատների), շրջուն (օրինակ, հանգաբառարանները)։

Ստեղծվում են նաև վիճակագրական բառարաններ։

Նշված հիմունքները բացարձակ չեն. կան և դրանց համակցումները։ Բառարանագիրները հաճախ ղեկավարվում են համակցված սկզբունքներով. օրինակ, դպրոցական բառարանը կարող է լինել համառոտ կամ ընդարձակ, ուղղագրական կամ ուղղախոսական և այլն։

Բառարանների կառուցվածքը

Թեպետ բառարանի յուրաքանչյուր տեսակ ունի կառուցվածքային իր ուրույն հատկանիշները, այնուամենայնիվ կան նաև ընդհանրական գծեր։ Յուրաքանչյուր բառարան ներկայանում է որոշակի բառացանկով, որի բառաշարքը տեղակայվում է հիմնականում այբբենական կարգով, մասամբ էլ այլ եղանակներով Բառացանկի յուրաքանչյուր բառի վերաբերյալ տրվում է այս կամ այն տեղեկությունը կապված բառարանի բնույթի, նրա նպատակադրման հետ։ Բառը իր այս ինֆորմացիոն տվյալներով կոչվում է բառահոդված։ Բառահոդվածը սկսում է գլխաբառով, ապա տրվում են նրա բառարանագրական նմուշները, որոնք կարող են վերաբերել բառի հնչյունաբանական, ուղղագրական, ուղղախոսական, քերականական, բառակազմական, բառապաշարային, ոճական և այլ առանձնահատկություններին։ Բացատրական բառարաններում բառահոդվածը ներկայանում է մի քանի բաժիններով։ Բառարանագրական նշումներից հետո նրանում տրվում են բառիմաստի բացատրությունը՝ հեղինակային կամ տեքստային օրինակների ցուցադրումով, համապատասխան կայուն բառակապակցությունները, դարձվածքները։ Սովորաբար մեկնաբանվում են համեմատաբար կայունացած իմաստները. խոսքի մեջ բառը երբեմն ստանում է տվյալ իրադրությամբ պայմանավորված այլևայլ պատահական, դիպվածային, ոչ բնորոշ իմաստավորումներ։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 123-125։
  • Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 55։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 299