Բրահմայական բվեճ

Բրահմայական բվեճ[1][2] (լատին․՝ Athene brama), բվերի ընտանիքի բվեճների ցեղին պատկանող գիշատիչ թռչնատեսակ։ Համարվում է Հարավային Ասիայում լայնորեն տարածված այն թռչուններից մեկը, որը հայտնաբերվել է նույնիսկ մարդկային բնակավայրերում՝ այդ թվում և խոշոր քաղաքներում։ Բրահմայական բվեճների տարածվածության արեալը բավականին ընդարձակ է․ այս թռչունները բնակվում են ոչ միայն Ասիայի հարավային հատվածում, այլ նաև հյուսիսարևելքում և անգամ Իրանի տարածքում։

Բրահմայական բվեճ
Բրահմայական բվեճ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԿարգԲվանմաններ
ԸնտանիքԲվեր
ԵնթաընտանիքԲվեճներ
ՏեսակԲրահմայական
բվեճ
Լատիներեն անվանում
Athene brama
(Temminck, 1821)
Հատուկ պահպանություն
պատկեր

  ցամաք

  ապրելավայր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Չնայած մարդկային ճնշումներին՝ թռչնատեսակը համարվում է Հարավային Ասիայում ամենից շատ հանդիպող թռչուններից մեկը։ Շատ հաճախ մարդածին գործոնները լավ հետևանքներ են ունենում այս թռչունների պոպուլյացիաների պահպանման համար։ Ապրելով մարդկանց հարևանությամբ՝ բրահմայական բվեճներն ունենում են կերի բավարար պաշարներ։ Բացի այդ՝ այս տեսակների բնակության վայրը հնարավորություն է ընձեռում հնարավորինս զերծ մնալ արտաքին միջավայրի թշնամիներից։

Արտաքին տեսք

Բրահմայական բվեճը բվիճակների ցեղի տիպիկ ներկայացուցիչ է, որը մյուս բվեճների պես համեմատաբար ավելի փոքր է, քան սովորական բուն։ Արտաքինից այն շատ նման է իր ցեղակից տնային բվիկին, որը տարվա որոշ ամիսներին չվում է Հինդուստան թերակղզու տարածքով՝ ուր և տարածված են բրահմայական բվեճները[3]։ Թռչունների մարմնի երկարությունը կազմում է 20-21 սմ, իսկ քաշը՝ 100-110[4], ոչ հաճախ նաև 120 գրամ։ Թևերի երկարությունը կազմում է 14,3-17,1 սմ, իսկ պոչինը՝ 6,5-9,3 սմ[3]։

Բրահմայական բվեճների մարմնի վերին հատվածը գորշ շագանակագույն է՝ սպիտակ բծերով։ Հազվադեպ նման գունավորում է նկատվում նաև որոշ առանձնյակների գլխի, մեջքի վերին հատվածի և գոտկատեղի հատվածում։ Մարմնի ստորին հատվածը սպիտակ է՝ մոխրա-շագանակագույն կետերով։ Մեջքի ստորին հատվածի շուրջը նկատվում է սպիտակ «մորթե օձիք»։ Աչքերի շուրջը նկատվում են սպիտակ շրջանակներ, որոնք ձևավորում են բվեճի հոնքերը։ Պոչի վրա կան լայնակի սպիտակ շերտեր։ Բրահմայական բվեճի աչքի ծիածանաթաղանթը վառ դեղին է, իսկ կտուցը՝ դեղնա-կանաչավուն (հաճախ ունի նաև մուգ երանգավորում)։ Որոշ առանձին տեսակների մոտ կտուցի վերին հատվածը կարող է լինել ավելի կանաչավուն, քան ստորինը։ Սնամեջ ոսկորները մինչ մատները պատված են փետուրներով, մատները խառնադեղնավուն են՝ մուգ ճանկերով[3]։

Արու և էգ բվեճների գունավորումը գրեթե չի տարբերվում, սակայն, ինչպես և մյուս գիշատիչ թռչունների, այնպես էլ բրահմայական բվեճի էգը չափերով ավելի խոշոր է, քան արուն։ Սակայն այդ տարբերությունը ոչ միշտ է նկատելի և առկայության դեպքում էլ շատ քիչ է տեսանելի։ Հետևաբար, սեռական դիմորֆիզմը բրահմայական բվեճի արուի և էգի միջև արտահայտված է շատ թույլ։ Ազատ բնության մեջ այս թռչունների ճշգրիտ սեռը կարելի է որոշել զուգավորման շրջանում[5]։

Անվանում

Թռչունների անգլերեն անվանումն է spotted owlet (բառացի թարգմանությամբ՝ «բծավոր բվեճ»)։ Իրականում այս անվանումը լիովին համապատասխանում է վերջիններիս արտաքին տեսքին։ Անգլերեն անվանումը հաճախ հանդիպում է նաև մի շարք ռուսալեզու աղբյուրներում (հետևաբար նաև հայալեզու աղբյուրներում)[6][7][8]։ Բացի այդ, այս թռչուններին հաճախ անվանվում են նաև հարավասիական բվեճ։

Բվեճների լատիներեն անվանումը բաղկացած է երկու հատվածից՝ Athene brama։ «Athene»-ն լատիներենից թարգմանաբար նշանակում է բվեճ, իսկ «brama» նախդիրը տեսակին շնորհել է նիդերլանդացի գիտնական Կոնրադ Տեմինկը, ով տեսակին դասակարգել է 1821 թվականին, որպես Հարավային Ասիայի տիպիկ ներկայացուցիչ։ Հոլանդացի կենդանաբանը այս թռչնատեսակին կոչել է ի պատիվ հինդուիզմի գերագույն աստվածներից մեկի՝ Բրահմայի[9]։

Տարածվածություն

Բրահմայական բվեճը լայնորեն տարածված է Հարավային Ասիա տարածաշրջանում՝ Հնդկաստանի, Պակիստանի, Բանգլադեշի և Նեպալի տարածքում։ Որոշակի թվով բվեճներ բնակվում են նաև Հարավարևելյան Ասիայում։ Տեսակը Շրի Լանկայում չի հանդիպում, չնայած նրան, որ բրահմայական բվեճներն ապրում են նույնիսկ Հնդկաստանի ծայր հարավ՝ Պոլկի նեղուցում, որը գտնվում է կղզուց ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա[3]։ Բրահմայական բվեճների տարածվածության արեալն ընդգրկում է նաև Իրանի հարավ-արևելքը, ինչպես նաև Աֆղանստանի հարակից տարածքները՝ ընդհանուր հաշվով 10 միլիոն կմ քառակուսի տարածք։ Այս տարածքներում բրահմայական բվեճները տեղաբաշխված են բավականին հավասարաչափ[7]։

Թռչունների տիպիկ կենսատոպերն են նոսր անտառները և մացառուտները։ Բրահմայական բվեճները բնակության համար նախընտրում են բաց տարածություններ[10], այդ թվում կիսաանապատներ և նույնիսկ անապատային որոշ հատվածներ[11]՝ ուր և առկա է որոշակի բուսականություն։ Խուսափում է խիտ անտառներից[11]։ Լեռնային շրջաններում հայտնաբերվել է ծովի մակարդակից մինչև 1400 մետր բարձրության վրա։ Բնադրում է ժայռերի քիվերին կամ խորշերում, քարերի կույտերում հաճախ կավե զառիթափ պատերի մեջ։

Հնդկաստանում և Պակիստանում բրահմայական բվեճները համարվում են սինանտրոպիկ կենդանատեսակներ։ Այս թռչունները մի շարք խոշոր քաղաքների (ինչպիսիք են օրինակ Նյու Դելին և Կալկաթան) զբոսայգիների սովորական բնակիչներ են։ Քաղաքային բնակավայրերում բրահմայական բվեճները հանդիպում են բավականին մեծ քանակությամբ՝ հաճախ ծառերի փչակներում, ինչպես նաև տարբեր շինությունների անցքերում։ Հատկանշական է, որ Ֆեյսալաբադի համալսարանի պակիստանցի գիտնականները այս թռչնի կառուցվածքն ուսումնասիրել են անմիջապես համալսարանում[5]։ Բրահմայական բվեճի ճիչը Հնդկաստանի գյուղական գիշերների ամենաբնորոշ հնչյուններից է։

Տեսակներ

Մասնագետներն առանձնացրել են բրահմայական բվեճների 4[12][13] կամ 5[4][14] տարատեսակ, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում է որոշակի արեա[14]

1940-ական թվականներին որոշ հետազոտողներ առանձնացրել են բրահմայական բվեճի ևս մի ենթատեսակ, որը տարածված է Հարավարևելյան Ասիայում (A.b. mayri (Deignan, 1941))[15]:

Տեսակների միջև եղած հիմնական տարբերությունը ընդհանուր գունավորումն է, քանի որ հարավային պոպուլյացիաների թռչունների ընդհանուր փետրածածկն ունի ավելի մուգ երանգներ[16]։ Բացի այդ տարբերություն կա նաև գլխի և մարմնի կետերի դասավորվածության մեջ[17]։

Կենսակերպ

Վարք

Չնայած այն հանգամանքին, որ բրահմայական բվեճը Հարավային Ասիայի ամենատարածված թռչուններից է, որը բնակվում է մարդկանց հարևանությամբ, այնուամենայնիվ մինչ վերջերս այս թռչունը համարվում էր կենսաբանական տեսանկյունից վատ ուսումնասիրված։ 1983 թվականին հնդիկ թռչնաբան Սալիմ Ալիի և ամերիկացի գիտնական Սիդնեյ Ռիպլիի հրատարակած «Հնդկաստանի և Պակիստանի ազգային թռչուններ» հեղինակային աշխատությունում նշված էր, որ այս բվեճի կենսակերպն ու սննդառությունը շարունակում են մնալ քիչ ուսումնասիրված։ Իրավիճակը փոքր-ինչ փոխվեց 1990-2000-ական թվականներին, երբ հնդկական և պակիստանյան փորձագետների մի շարք խմբեր սկսեցին այս թռչունների մանրակրկիտ ուսումնասիրությունը։

Բրահմայական բվեճները սովորաբար ապրում են զույգերով կամ 3-4 առանձնյակներից բաղկացած ընտանեկան խմբերով։ Բրահմայական բվեճը, ինչպես նաև բվանմանների կարգի մյուս թռչունները, հիմնականում վարում են գիշերային կենսակերպ, սակայն բացառված չէ նաև այս տեսակների ցերեկային ակտիվությունը։ Ցերեկային ժամերին բվեճները չեն սնվում և ցուցաբերում են պասիվ կենսակերպ։

Բնակալման վայր

Բրահմայական բվեճները տիպիկ փչակաբնակներ են։ Նրանք բնակալման համար ընտրում են անցքեր և խոռոչներ, որոնք լինում են ինչպես բնական (ծառի փչակ, կիրճեր և այլն), այնպես էլ արհեստական՝ մարդու կողմից ստեղծված (շինվածքներ, կառույցների անցքեր)։

Սննդառություն

Բրահմայական բվեճը գիշատիչ է և ակտիվանում է մութն ընկնելուց հետո։ Երիտասարդ թռչունները սնվում են հիմնականում միջատներով, իսկ հասուն ձևերը կերակրում են բոլոր այն ձագերին, որոնք ի վիճակի չեն կեր հայթայթել։ Այսպիսով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս թռչունները կարճ ժամանակահատվածում կարող են ուտել մեծ թվով միջատներ՝ այդ թվում բզեզներ, խավարասերներ, ճպուռներ, ինչպես նաև տնային մուկ, փոքր դոդոշներ, չղջիկներ և որդեր։ Հետազոտողների համար այնուամենայնիվ անհասկանալի էր, թե ինչպես է բվեճներին հաջողվում որսալ չղջիկներին։ Բրահմայական բվեճների բնում հայտնաբերվել են նաև դոդոշների մնացորդներ (հայտնաբերվել է մինչև տաս դոդոշի մնացորդ)։ Սովորաբար գիշատիչ կենդանիները հեռու են մնում նման երկկենցաղներից, քանի որ վերջիններիս մաշկը հիմնականում պատված է թունավոր գեղձերով։ Բացի այդ, 1980-ական թվականների ավելի վաղ աղբյուրները ոչինչ չեն նշում բվեճների սննդառության մեջ գորտերի առկայության մասին, սակայն հպանցիկ հիշատակում են, որ բրահմայական բվեճն ուտում է նաև գորտեր՝ առանց որևէ գիտական ապացույցի[18]։

Սննդի ընտրությունը մեծապես կախված է նաև միջավայրի պայմաններից։ Ամայի անապատային շրջաններում բվեճների համար սննդի հիմնական միջոց են ծառայում կրծողները[7]։ Նման պայմաններում բվեճները սնվում են նաև փոքրիկ թռչուններով և մողեսներով[18]։ Պակիստանի Ֆեյսալաբադ քաղաքի բվեճներից մեկի վրա կատարված հետազոտություններից հետո պարզ դարձավ, որ միջատները (որոնց թվում գերակշիռ մաս են կազմում բզեզներն ու ուղղաթևավորները) կազմում են բվեճների օրաբաժնի 47 %-ը, փոքր կաթնասունները՝ 28 %-ը (կրծողների հինգ տեսակ՝ մկներ, առնետներ, ավազամկներ), թռչունները՝ 12 %-ը, իսկ սողունները՝ 2 %-ը։ Բվեճների այս տեսակի սննդակարգում ներառված ամենատարածված կրծողները երկուսն են՝ ասիական փափկառնետը և տնային մուկը[19]։ Բվեճները որսում են նաև կակղամորթներ և կարիճներ[14]։ Եվ ի վերջո բրահմայական բվեճները սնվում են որոշ բույսերի կանաչ հատվածներով, որը նպաստում է այս թռչունների մարսողությանը և քնին[19]։

Ըստ էության՝ բվեճները զոհին գտնում են իրենց հետքով՝ նախ և առաջ զննելով մերձակայքը (նման պահվածքը հատուկ է նաև բրահմայական բվեճի հնդկաստանաբնակ մեկ այլ ցեղակցին՝ անտառային բվեճին)։ Բնակավայրերում բվեճները նախընտրում են թառել 5-10 մետր բարձրությամբ լապտերասյուների վրա։ Պակիստանցի հետազոտողների դիտարկումների համաձայն՝ բվեճբերը զոհին բռնելու համար օրվա 63 %-ն անց են կացնում ծառատնկերում[20]։ Թռչունները որոշակի նախապատվություն են տալիս նաև հաղորդալարերի և լապտերասյուների վրա թառելուն, քանի որ գիշերային ժամերին մի շարք միջատներ ձգվում են դեպի լույս, ինչպն էլ հնարավորություն է ընձեռնում գիշատիչներին հեշտությամբ որսալու զոհին[21]։ Հետևաբար կարելի է եզրահանգել նրան, որ բրահմայական բվեճները միջատներին բռնում են ինչպես ցամաքում, այնպես էլ օդում՝ իրենց ճկուն կտուցի շնորհիվ[20]։

Բազմացում

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրահմայական բվեճ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրահմայական բվեճ» հոդվածին։