Գրաֆիտ

Գրաֆիտ (հին հունարեն՝ γράφω-ից՝ գրում եմ), միներալ, ածխածնի ալոտրոպ ձևափոխություններից մեկը։ Ունի շերտավոր կառուցվածք։ Ածխածնի ատոմները գտնվում են sp2 հիբրիդային վիճակում։ Գրաֆիտից պատրաստում են մատիտների միջուկը։

Գրաֆիտ

Հատկություններ

Գրաֆիտն ունի բարձր էլեկտրահաղորդականություն։ Ի տարբերություն նույն բաղադրությունն ունեցող ալմաստի՝ կարծրությունը շատ փոքր է՝ 1-2 ըստ Մոոսի սանդղակի։ Խտությունը 2.08-2.23 գ/սմ3 է։

Գրաֆիտը թթուներում չի լուծվում։ Բնության մեջ հանդիպում է կավերի և երկաթի օքսիդների խառնուրդի տեսքով։

Մատիտներ

Գրաֆիտով մատիտներ։

Թղթի վրա հետք թողնելու ընդունակության շնորհիվ է գրաֆիտն ստացել իր անունը, որը 1789 թ. առաջարկել է գերմանացի միներալաբան Աբրահամ Վերները՝ հին հունարենից թարգմանաբար «գրել, նկարել» նշանակող բառից[1]։

Մատիտի միջուկը սովորաբար պատրաստվում է աղացած գրաֆիտի և կավի խառնուրդից։ Այդպիսի բաղադրություն առաջարկել է Նիկոլա-Ժակ Կոնտեն 1795 թ[2][3]։

Մեր օրերում մատիտների արտադրությունը բնական գրաֆիտի փոքր, բայց կարևոր սպառողն է։ 2011 թ. արտադրված 1.1 միլիոն տոննա գրաֆիտի շուրջ 7%-ն օգտագործվել է մատիտների արտադրությունում[4]։

Ցածրորակ ամորֆ կառուցվածքով գրաֆիտ արդյունահանվում և օգտագործվում է հիմնականում Չինաստանում։

Այլ կիրառություններ

Բնական գրաֆիտը հիմնականում օգտագործվում է ցինկածխածնային մարտկոցներում, էլեկտրական շարժիչների խոզանակների արտադրությունում և ունեն նաև մի քանի այլ մասնագիտական կիրառություն։ Օգտագործվում է նաև աղացած վիճակում։Մանրացված գրաֆիտի և ջրի կամ յուղի խառնուրդը օգտագործվում է մեքենաների շփվող մետաղական մասերը յուղելու համար, քանի որ գրաֆիտի շերտերը սահելով նվազեցնում են շփման ուժերը։ Գրաֆիտը լայնորեն կիրառվում է սինթետիկ ալմաստի արտադրության մեջ։ Նկարչական աշխատանքների ժամանակ տարբեր կարծրություն և որակ ունեցող գրաֆիտներն օգտագործվում են տարբեր երանգներ ստանալու համար[5]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 206