Գրու Հարլեմ Բրունթլան
Գրու Հարլեմ Բրունթլան (նորվ.՝ Gro Harlem Brundtland, ապրիլի 20, 1939[1][2][3][…], Բերում, Ակերսհուս), նորվեգացի հասարակական և քաղաքական գործիչ։ 1981-1996 թվականների ընթացքում երեք անգամ ընտրվել է Նորվեգիայի վարչապետ, 1974-1979 թվականներին եղել է Նորվեգիայի բնապահպանության նախարարը։ 1998-2003 թվականներին զբաղեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնը։ 2007 թվականի մայիսի 1-ից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դեսպանն է կլիմայի փոփոխության հարցերով։
Կենսագրություն
Գրու Հարլեմը ծնվել է 1939 թվականի ապրիլի 20-ին նորվեգացի բժիշկ, քաղաքական գործիչ Նորվեգական բանվորական կուսակցության անդամ Գուդմունդ Հարլեմի ընտանիքում։ Մայրը Շվեդիայի հպատակ է եղել։ 1960 թվականին Գրուն ամուսնացել է Արնե Ուլաֆ Բրունթլանի հետ։ 1963 թվականին բժշկության դոկտորի աստիճանով ավարտել է Օսլոյի համալսարանը, իսկ 1965 թվականին ընդհանուր առողջապահության մագիստրոսի կոչումով` Հարվարդի համալսարանը։ 1966-1969 թվականներին աշխատել է բժիշկ Նորվեգիայի առողջապահական համակարգում։ 1969 թվականից աշխատել է բժիշկ Օսլոյի հասարակական դպրոցների առողջապահության ծառայությունում։
Քաղաքական գործունեություն
Ինչպես և հայրը, Գրու Հարլեմը ևս Նորվեգական բանվորական կուսակցության անդամ է։ 1974-1979 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի բնապահպանության նախարարի պաշտոնը։
1981 թվականին նա դառնում է կուսակցության ղեկավար և ստանում վարչապետի պաշտոն, քանի որ իր կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն էր կազմում։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է փետրվարի 4-ից մինչև 1981 թվականի հոկտեմբերի 14-ը։ Նա դարձել է առաջին կին վարչապետը Նորվեգիայում։ 1986 թվականի մայիսի 9-ից մինչև 1989 թվականի հոկտեմբերի 16-ը նա կրկին զբաղեցրել է այդ պաշտոնը։ Նախարարների այդ կաբինետն աչքի է ընկել կանանց մեծ թվով. 18 նախարարներից 8-ը կին են եղել։ 1990 թվականի նոյեմբերի 3-ին Գրու Հարլեմը երրորդ անգամ է դառնում վարչապետ։ 1992 թվականին նա թողնում է պաշտոնը` տեղը զիջելով Տուրբյորն Յագլանդին։ 1994 թվականին Գրու Հարլեմն արժանացել է Կառլ Մեծի մրցանակին Եվրոպայի միավորման գործում իր ներդրումների համար։ 1996 թվականին թողել է վարչապետի պաշտոնը և հեռացել քաղաքականությունից։
Գրու Հարլեմը ներկա է եղել Բիլդերբուրգյան ակումբի հավաքույթներին, Մադրիդյան ակումբի անդամ է։
Վարչապետի պաշտոնում Գրու Հարլեմը հայտնի է եղել իր մուլտիմշակութային քաղաքականությամբ` կողմ լինելով մշակութային տարբերությունների պահպանմանն ու զարգացմանը։ 2011 թվականի հուլիսի 22-ի Անդերս Բրեյվիկը, հարձակում գործելով Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարի վրա, հայտարարել է, որ իր գլխավոր նպատակն է եղել սպանել Գրու Հարլեմին։ Սակայն Գրուին հաջողվել է զերծ մնալ նրա հարձակումից, քանի որ դեպքից մի քանի ժամ առաջ լքել էր Ուտյոա կղզին[14]։
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
1983 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելյարը Գրու Հարլեմին հրավիրել է ղեկավարելու ՄԱԿ-ի` շրջակա միջավայրի պահպանության միջազգային հանձնաժողովը, որը զբաղվում էր կայուն զարգացման մշակմամբ և հասարակական լայն ու բաց քննարկումներով։ Իր ունեցած նշանակալից դերի համար հանձնաժողովը հաճախ անվանել են «Բրունթլանի հանձնաժողով»։ 1987 թվականին հանձնաժողովը հրապարակել է «Մեր ընդհանուր ապագան» զեկուցումը, որ հայտնի է «Բրունթլանի հաշվետվություն» անունով։ Այն նվիրված է եղել կայուն զարգացման միասնական օպտիմալ տարբերակ ընտրելուն։ Հանձնաժողովը «21-րդ դարի օրակարգ» ծրագրի շրջանակներում 1992 թվականին մասնակցել է «Երկրի գագաթնաժողովի» անցկացմանը։
1998 թվականի մայիսին Գրու Հարլեմ Բրունթլանը ընտրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն։ Նա անդամակցել է մակրոտնտեսության և առողջապահության հանձնաժողովին, որը գլխավորել է Ջեֆրի Սաքսը։ Գրուն պայքարել է բռնության դեմ` այն համարելով հասարակական առողջապահության հիմնախնդիր, գլխավորել է ծխելու դեմ միջազգային պայքարը։ Նրա ղեկավարությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դարձել է առաջին խոշոր գործատուն, ով աշխատանքի ընդունման նախապայման է դրել ծխելու վնասակար սովորույթից զերծ լինելը։ 2003 թվականին Scientific American ամսագիրը Բրունթլանին հռչակել է տարվա քաղաքական առաջնորդ սուր անակնկալ շնչառական համախտանիշի դեմ պայքարում։ 2003 թվականի հուլիսի 21-ին թողել է պաշտոնը։
2004 թվականին բրիտանական The Financial Times թերթը Գրու Հարլեմին դասել է վերջին 25 տարիների առավել ազդեցիկ գործիչների շարքում, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը Հովհաննես Պողոս II-ից, Միխայիլ Գորբաչովից և Մարգարետ Թետչերից հետո։
2006 թվականին որպես ազդեցիկ քաղաքական գործիչ հետևել է ՄԱԿ-ի` առևտրի և զարգացման համագումարի աշխատանքներին։ 2007 թվականի մայիսի 1-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Գրու Հարլեմ Բրունթլանին նշանակել է գլխավոր քարտուղարի` կլիմայի փոփոխության հարցերով հատուկ դեսպան։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրու Հարլեմ Բրունթլան» հոդվածին։ |