Դրումլին

Դրումլին (անգլ.՝ drumlins), սառցադաշտային բերուկներից կազմված բլուր, որը հիմքում ունի արմատական ապարներ։ Սովորաբար լինում են ձգված սառցադաշտերի շարժման ուղղությամբ, և երկար լանջը, որը հակադիր է սառցադաշտի շարժման ուղղությանը, մեղմաթեք, իսկ ներդաշնակող լանջը կտրուկ է և կարճ։

Երկայնակի անտառապատ դրումլիններ Պուերտո Ուիլյամսում՝ Չիլի
Դրումլին Քլու Բեյում՝ Իռլանդիա
Ջեյմսոն Լեյկի դրումլինային դաշտը Վաշինգտոն նահանգում

Ձևաբանություն

Դրումլինները լինում են տարբեր ձևերի և չափերի[1], ներառյալ սիմետրիկև լայնակի ասիմետրիկ ձևերի[2]։ Դրումլինների երկարությունը հասնում է հարյուրավոր մետրերից մինչև 2-3 կմ, բարձրությունը՝ 5-45 մ, իսկ լայնությունը՝ 150-400 մ։

Ծագում

Դրումլինների ծագման վերաբերյալ գոյություն ունի այն կարծիքը, որ սառցադաշտի հատակում տեղի է ունեցել մորենների սառեցում, որի շնորհիվ նրանք պահպանվել են տեղում, աստիճանաբար մեծացել, իսկ նրանց վրայով անցնող սառցադաշտը սեղմելով մորենային կուտակումներին, նրանց մակերևույթը հարթեցրել է։ Հնարավոր են համարում նաև այն, որ դրումլինները կարող են գոյանալ սառցադաշտի եզրային մասերի ճեղքերում էկզարացիոն բերուկների լցման եղանակով, որոնք սառցե քողի հալվելուց հետո բացվել են։ Այդ ընթացքում էլ հենց նրանք ծածկվել են մորենային նստվածքներով։ Դրումլինները սառցադաշտային կուտակումային մյուս ձևերի նման բնորոշ են այն շրջաններին, որոնք ենթարկվել են չորրորդական սառցապատման[3]։

Դրումլինների օրինակներ

Եվրոպա

Դրումլինային ընդարձակ դաշտեր կան Անգլիայում, Շոտլանդիայում և Ուելսում[4], Շվեյցարիայում[5], Լեհաստանում, էստոնիայում, Լատվիայում, Շվեդիայում, Ալպերի հյուսիսային լանջերին՝ Կոնստանս լճի շուրջը, Գերմանիայում, Դանիայում, Ֆինլանդիայում և Գրենլանդիայում։ Դրումլինների լավ օրինակ է Իռլանդիայի Քլու Բեյի շրջանը, որտեղ դրումլինները երևում են ծովից բարձրացած կղզյակների տեսքով՝ «ձվով լի զամբյուղների» նման։ Այստեղ դրումլինները ձգվում են իրար զուգահեռ, երբեմն հարյուրավորներով և անգամ հազարավորներով կուտակված նույն շրջանում։ Այս շրջանները երբեմն հանգեցնում են բարդ ջրային համակարգերի ձևավորման։

Հյուսիսային Ամերիկա

Դրումլիններ տարածված են Նյու Յորք նահանգի Օնտարիո և Կայուգա լճերի միջև ընկած տարածքում[6][7], Քոնեքթիքութ գետի ներքին հովիտներում, արևելյան Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրի Մոնադնոք շրջանում, Միչիգանի կենտրոնական և հարավային շրջաններում[8], Մինեսոտայում[9]։ Մեծ կամ փոքր խմբերով դրումլիններ կան Կանադայի գրեթե բոլոր պրովինսիաներում՝ ներառյալ հարավային Օնտարիոն, ինչպես նաև արևմտյան շրջանները՝ Դունդասի և Գելֆի շրջանները[10]), Կենտրոնական և արևելյան Օնտարիո,Դուրո Դամերի շրջանը, ծայր հյուսիսային և ծայր հարավային շրջանները՝ Ալբերտան, Ամունդսենի ծոցի շրջակայքը Նունավուտում և Ուեսթ Լորենսթաունը Նովա Սկոտիայում[11] :Բոստոն Հարբորի մերձակա կղզիները նույնպես դրումլիններ են, որոնք կղզիներ են դարձել սառցադաշտերի հալվելուց հետո ծովի մակարդակի բարձրացման հետևանքով։

Ասիա

Դրումլիններ կան Ռուսաստանի Տիկսի շրջանում՝ Սախա-Յակուտիայի հանրապետությունում։

Հարավային Ամերիկա

Դրումլինային ընդարձակ դաշտեր կան Պատագոնիայում, օրինակ Պունտա Արենայում և Նավարինո և Գեյբլ կղզիներում՝ Բիգլ նեղուցում։

Անտարկտիդա

2007 թվականին դրումլիններ հայտնաբերվեցին արևմտյան Անտարկտիդայում՝ սառցահոսքերի ուղղությամբ[12]։

Տես նաև

Գրականություն

  • Easterbrook, Don J. (1999). Surface Processes and Landforms, 2nd Edition. Upper Saddle River, New Jersey: Prentice Hall. էջեր 347–350. ISBN 0-13-860958-6.
  • Grotzinger, John; Jordan, Tom (2010). Understanding Earth; 6th Edition. New York, NY: W.H. Freeman and Company. էջեր 586. ISBN 978-1-4292-1951-8.
  • Tarbuck, Edward J.; Frederick K. Lutgens (2002). Earth: An Introduction to Physical Geography. Upper Saddle River, New Jersey: Prentice Hall. էջեր 347–350. ISBN 0-13-092025-8.
  • Trenhaile, Alan (2007). Geomorphology: A Canadian Perspective. Don Mills, Ontario: Oxford University Press. էջեր 183–6. ISBN 0-19-542474-3.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրումլին» հոդվածին։