Իտիրո Հատոյամա

Իտիրո Հատոյամա (ճապ.՝ 鳩山 一郎, հունվարի 1, 1883(1883-01-01)[1][2][3], Higashi-Gokenchō, Ushigome-ku - մարտի 7, 1959(1959-03-07)[4][1][2][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[4]), ճապոնացի քաղաքական գործիչ, 1954-1956 թվականներին Ճապոնիայի վարչապետ։ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը։

Իտիրո Հատոյամա
 
Կուսակցություն՝Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն, Ռիկկեն Սեյուկայ, Japan Democratic Party?, Liberal Party? և Liberal Party–Hatoyama?
Կրթություն՝Տոկիոյի կայսերական համալսարան և Առաջին բարձրագույն դպրոց
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանքբապտիստություն
Ծննդյան օրհունվարի 1, 1883(1883-01-01)[1][2][3]
ԾննդավայրHigashi-Gokenchō, Ushigome-ku
Վախճանի օրմարտի 7, 1959(1959-03-07)[4][1][2][…] (76 տարեկան)
Վախճանի վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա[4]
ԹաղվածYanaka Cemetery
Քաղաքացիություն Ճապոնիա
ՀայրԿաձուո Հատոյամա
ՄայրՀարուկո Հատոյամա
ԱմուսինԿաորու Հատոյամա
ԶավակներԻտիրո Հատոյամա
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ
Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն

Կենսագրություն

Ընտանիք

Հատոյաման ծնվել է 1883 թվականի հունվարի 1-ին Տոկիոյում։ Նրա հայրը՝ Կաձուո Հատոյաման, Ճապոնիայի խորհրդարանի պատգամավոր էր, իսկ մի ժամանակ՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ։ Մայրը՝ Հարուկո Հատոյաման, Տոկիոյի Կերիցու Կանանց համալսարանի հիմնադիրն էր։ Որպես ընտանիքում ավագ որդի՝ Իտիրո Հատոյաման գնացել է հոր հետքերով և սովորել Տոկիոյի կայսերական համալսարանում, որն ավարտել է 1907 թվականին[5]։ 1908 թվականին նա ամուսնացել է Մութ օվկիանոսի միությունից (Գենյոսյա) խորհրդարանի պատգամավորի ավագ դստեր հետ։ Ճապոնիայի 93-րդ վարչապետը՝ Յուկիո Հատոյաման, նրա թոռն է։

Քաղաքական գործունեություն

Իր քաղաքական գործունեությունը Հատոյաման սկսել է 1912 թվականին, երբ ընտրվել է Տոկիոյի քաղաքային ժողովի պատգամավոր։ 1915 թվականին նա դարձել Է Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռիկեն Սեյուկայից (ճապ.՝ 立憲政友会)։ 1927-1929 թվականներին նա եղել է Թանաքա Գիիտիի կառավարության նախարարների կաբինետի քարտուղարության պետը[5]։ Հատոյաման 1931-1934 թվականներին զբաղեցրել է Լուսավորության նախարարի պաշտոնը։ 1933 թվականին Ճապոնիայում սկսվել է «մտքի նկատմամբ վերահսկողությունը», և Հատոյաման՝ որպես նախարար, բազմիցս նպաստել է լիբերալ դասախոսների հեռացմանը, ինչի համար սկսել է ակտիվորեն քննադատության ենթարկվել կրթության ազատության սահմանափակման համար[5]։ 1942 թվականին նա ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և եղել Մեծ Ճապոնիայի քաղաքական ասոցիացիայի անդամ։

Պատերազմից հետո Հատոյաման հիմնել Է Լիբերալ կուսակցություն՝ դառնալով նրա առաջին նախագահը և նրա հետ հաղթելով 1946 թվականին Ներկայացուցիչների պալատի ընտրություններում։ Նույն թվականին օկուպացիոն իշխանությունների կողմից մաքրման ժամանակ Հատոյաման զրկվել է ցանկացած քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ պատերազմի ժամանակ Ճապոնիայի կառավարության հետ համագործակցելու համար։ Կուսակցության նախագահի պաշտոնը ստիպված են եղել հանձնել Սիգերու Իոսիդային, որը հետագայում վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մի քանի տարի։

Հատոյամայից բոլոր արգելքները հանվել են 1951 թվականին։ Միևնույն ժամանակ նա տարանջատվել է Իոսիդայից, որի արտաքին քաղաքականությունն ուղղված էր առավելապես ԱՄՆ-ի հետ փոխգործակցությանը։ 1954 թվականին նա իր կողմնակիցների հետ հիմնել է ժողովրդավարական կուսակցություն և դարձել կուսակցության նախագահ։ Կուսակցության ծրագրում ընդգծվում էր ճապոնական քաղաքականության անկախության և ինքնուրույնության, բոլոր երկրների, այդ թվում՝ Խորհրդային Միության հետ կապեր հաստատելու նրա ձգտումը[5]։

Գործունեություն կառավարությունում

1954 թվականին Իոսիդան հրաժարական է տվել, և իշխանության եկել դեմոկրատական կուսակցությունը։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Հատոյաման թուլացրել է Ճապոնիայի վրա Միացյալ Նահանգների ազդեցության աստիճանը և վերսկսել է դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Միության հետ։

1955 թվականին տեղի է ունեցել սոցիալիստական կուսակցությունների ձախ և աջ թևի միավորումը, և ստեղծվել Ճապոնիայի Միասնական սոցիալիստական կուսակցությունը։ Դրան ի պատասխան՝ լիբերալներն ու դեմոկրատները նույնպես ստիպված էին միավորվել, ինչի արդյունքում նույն տարվա նոյեմբերին ստեղծվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։ Չնայած նրան, որ Հատոյաման նոր կուսակցությունում անվերապահ առաջնորդ չէր, 1956 թվականի ապրիլին նա ընտրվել է կուսակցության նախագահ[5]։

Հատոյաման ակտիվորեն կապեր էր հաստատում Խորհրդային Միության հետ։ Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի հարաբերությունների վերականգնման մասին առաջին բանակցությունները տեղի են ունեցել դեռևս 1955 թվականին Լոնդոնում, սակայն անարդյունք են ավարտվել։ Երկրորդ անգամ խորհրդային և Ճապոնական ներկայացուցիչները հանդիպել են 1956 թվականի հուլիսին Մոսկվայում, սակայն այդ ժամանակ էլ չեն կարողացել համաձայնության գալ։ Այդ ժամանակ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում կազմակերպվել են խմբավորումներ, որոնք պահանջում էին չեղարկել կամ զգալիորեն թուլացնել ճապոնական կառավարության քաղաքականությունը Խորհրդային Միության հետ հարաբերությունները վերականգնելու համար։ Շուտով նրանց հաջողվել է հասնել կառավարության հրաժարվելուն խաղաղ պայմանագրի կնքումից, և նրանք սկսել են պահանջել հենց վարչապետի հրաժարականը։ Այն ժամանակ Հատոյաման հայտարարել էր, որ հրաժարական կտա միայն այն ժամանակ, երբ կատարի իր նախընտրական խոստումները և նորմալացնի հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ։

1956 թվականի աշնանը Հատոյաման, որն այդ ժամանակ արդեն ծանր հիվանդ էր և տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով, որոշում է կայացրել ինքնուրույն մեկնել Մոսկվա։ Ուղևորության արդյունքը դարձել է 1956 թվականի հոկտեմբերի 19-ին Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի միջև հարաբերությունների վերականգնման մասին Մոսկովյան հռչակագրի ստորագրումը խորհրդային վարչապետ Նիկոլայ Բուլգանինի հետ։

Ճապոնիա վերադառնալուց հետո 1956 թվականի դեկտեմբերին Հատոյաման հրաժարական է տվել՝ կատարելով իր խոստումը։ Վարչապետի պաշտոնում նրան փոխարինել է Տանձան Իսիբասին։

Ուշ տարիներ

Հատոյամայի առողջությունն արդեն թույլ չէր տալիս նրան ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, չնայած նրան առաջարկվել է ղեկավար պաշտոն «Ճապոնիա-ԽՍՀՄ» հասարակությունում, բայց արդեն չի հասցրել մասնակցել նրա գործունեությանը[5]։

Մահացել է 1959 թվականի մարտի 7-ին Տոկիոյում՝ 76 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտիրո Հատոյամա» հոդվածին։