Լի Վենլյան

չինացի բժիշկ (1986-2020)

Լի Վենլյան ( չինարեն՝ 李文亮 հոկտեմբերի 12, 1986(1986-10-12)[1], Beizhen, Jinzhou, Լյաոնին, Չինաստան - փետրվարի 7, 2020(2020-02-07)[2], Ուհան, Չինաստան[2]), չինացի բժիշկ՝ ակնաբույժ, աշխատել է Ուհանի կենտրոնական հիվանդանոցում։ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր համաճարակի բռնկման մասին[6][7]։ Հունվարի 3-ին նրան ոստիկանություն են կանչել և զգուշացրել, որ համացանցում կեղծ տեղեկություններ չտարածի։ Լի Վենլյանը մահացել է կորոնավիրուսի վարակից 2020 թվականի փետրվարի 7-ին[8][9]։

Լի Վենլյան
չինարեն՝ Li Wenliang
Ծնվել էհոկտեմբերի 12, 1986(1986-10-12)[1]
ԾննդավայրBeizhen, Jinzhou, Լյաոնին, Չինաստան
Մահացել էփետրվարի 7, 2020(2020-02-07)[2] (33 տարեկան)
Մահվան վայրՈւհան, Չինաստան[2]
Մահվան պատճառԿորոնավիրուսային վարակ COVID-19[3]
Քաղաքացիություն Չինաստան[4]
ԿրթությունWuhan University School of Medicine? (2011)
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրCentral Hospital of Wuhan?
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն[5]
ԱմուսինFu Xuejie?
Պարգևներ

Կենսագրություն

Ուհանի ոստիկանության բաժնի կողմից տրված նախազգուշացման նամակը, որով Լիին հրամայում են դադարեցնել «լուրերը տարածելը» SARS-ի մասին, որը ստորագրվել է Լիի և երկու սպաների կողմից: Լին այն վերբեռնել էր իր Sina Weibo հաշվում:

Լի Վենլյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 12-ին[10] Բեյշենում, Լիաոնինգ, Չինաստան[11]։ 2004 թվականից սկսած, նա Ուհանի համալսարանում յոթ տարի սովորել է կլինիկական բժշկություն և ստացել է բժշկության մագիստրոսի կոչում։ Ավարտելուց հետո նա երեք տարի աշխատել է Սյամին, Ֆուդզյանում։ Ուհան է վերադարձել 2014 թվականին և Ուանի կենտրոնական հիվանդանոցում աշխատել է որպես ակնաբույժ[6]։

2019 թվականի դեկտեմբերի 30-ին Լին իր հիվանդներից մեկի հիվանդության եզրակացության մեջ տեսել է SARS կորոնավիրուսային թեստի դրական արդյունք։ Ժամը 17։43-ին նա իր բժշկական դպրոցի դասընկերների WeChat խմբում գրել է․ «Ուհանի ծովամթերքների շուկայում SARS-ի յոթ հաստատված դեպք է եղել», նաև կցել է զեկույցը և հիվանդի համակարգչային տոմոգրաֆիայի սքան արդյունքը։ Ժամը 18։42-ին նա ավելացրել է. «Վերջին նորությունները հաստատվել են, որ դրանք կորոնավիրուսային ինֆեկցիաներ են»։ Նա հաղորդագրության մեջ նաև բացատրել է, թե որն է կորոնավիրուսը[6]։

Լիի WeChat-ում գրածի էկրանակադրերը հայտնվել են համացանցում, ինչից հետո հիվանդանոցի ղեկավարությունը նրան զրույցի են հրավիրել, իսկ 2020 թվականի հունվարի 3-ին Ուհանի ոստիկանության բաժնի աշխատակիցները նրան հրավիրել են քաղաքի հասարակական անվտանգության բյուրո և նրան ստիպել են ստորագրել նախազգուշացման նամակը, որով Լիին հրամայում էին դադարեցնել «լուրերը տարածելը» SARS-ի մասին և հորդորել են խոստանալ այլևս չանել դա[6]։

Արձագանք

Քանի որ Լի Վենլյանը համարվում էր Ուհանի ոստիկանության կողմից նախազգուշացված ութ «լուրեր տարածողներից» մեկը, ապա նա գտնվել է Չինաստանի հասարակության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Այնուամենայնիվ, ըստ որոշ լրատվամիջոցների, Ուհանի ոստիկանությունը հունվարի 1-ին կանչել է ութ «լուրեր տարածողների», իսկ Ուուհանի Կենտրոնական հիվանդանոցի բժիշկներ Լին և Սի Լինկան նախազգուշացվել են հունվարի 3-ին, ինչը նշանակում է, որ այդ երկու անձինք կարող են չլինել ութ «լուրեր տարածողներից» որևէ մեկը։ Ավելի ուշ Լին ասել է, որ ինքը չգիտի, թե ինքը «լուրեր տարածողներից» մե՞կն է արդյոք, բայց գիտեր այն, որ իրենով հպարտացել են, քանի որ ինքը ճշմարտությունն էր ասել[12]։

Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանը ավելի ուշ հայտարարել է, որ Ուհանի ութ քաղաքացիները չպետք է պատժվեն, քանի որ նրանց ասածը ամբողջովին կեղծ չէ։ «Հաջողություն կլիներ, եթե հասարակությունը հավատար «տարածվող լուրերին» և սկսեր դիմակներ կրել, սանիտարական միջոցներ կիրառել, և խուսափել վայրի կենդանիների շուկայից», - ասված է փետրվարի 4-ին կայացած բարձրագույն դատարանի սոցիալական լրատվամիջոցների հաշվետվության մեջ[13]։

Լին ասել է, որ ինքը անհանգստացել է, որ հիվանդանոցը պատժելու է իրեն «լուրեր տարածելու համար», բայց թեթևություն է զգացել, երբ բարձրագույն դատարանը հրապարակավ քննադատել է ոստիկանությանը։

Կարծում եմ, որ առողջ հասարակության մեջ պետք է լինի մեկից ավելի ձայն[13]։
- Լի Վենլյան

Հիվանդություն և մահ

Հունվարի 8-ին՝ հիվանդանոցում վարակակիր հիվանդի հետ շփվելով, Լին վարակվել է կորոնավիրուսով[14]։ Հիվանդը տառապել է սուր գլաուկոմայից և նրա մոտ տենդ է սկսել։ Լին կասկածել է, որ հիվանդը կարող է ունենալ կորոնավիրուսային վարակ[15]։ Հունվարի 10-ին բարձրացել է Լիի ջերմություն և հազ է սկսել, վիճակը շուտով ծանրացել է[14]։ Բժշկական փորձագետ Դոկտոր Չենբոն, որը Չզեցյանից գործուղվել էր Ուհան, ԶԼՄ-ներին ասել է, որ չնայած երիտասարդ հիվանդների մեծամասնությունը հակված չէ հիվանդության ծանր զարգացման, բայց գլաուկոմայով հիվանդը, որի հետ հունվարի 8-ին շփվել էր Լին, Ուհանի վիրուսային բարձր ծանրաբեռնվածությամբ ծովամթերքների շուկայի պահեստում էր աշխատել, ինչը կարող էր ավելի խորացնել Լիի վարակը[16]։

Հունվարի 12-ին նրան ընդունել են Ուհանի Հոուհու հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք[17], որտեղից նրան կարանտին են տեղափոխել են և սկսել են բուժել[14]։ Նոր կորոնավիրուսը ախտորոշող թեստերի պակասի պատճառով վարակի վերջնական հաստատվել է փետրվարի 1-ին[18]։ Նրա գործընկերներից շատերը նույնպես վարակվել են վիրուսով։ Մինչ իր հոսպիտալացումը, Լին հաղորդագրություն է տեղադրել համացանցում և խոստացել է վերականգնելուց հետո առաջին գիծ վերադառնալ[19]։

Ըստ Լիի գործընկերոջ, բժշկի վիճակը ծանրացել է փետրվարի 5-ին։ Փետրվարի 6-ին, Լին ընկերոջ հետ հեռախոսով խոսելիս ասել է, որ ինքը դժվարությամբ է շնչում և որ թթվածնի հագեցվածությունը իջել է մինչև 85%։ Ժամը 19։00-ի սահմաններում նրան ուղարկել են շտապօգնության սենյակ[17]։

Չինաստանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Լին մահացել է 33 տարեկան հասակում[20]։ Այնուամենայնիվ, Ուհան կենտրոնական հիվանդանոցը շուտով տարածել է հայտարարություն, որով հերքել են Լիի մահվան լուրը[21]։

Ըստ China Newsweek-ի, նրա սրտի բաբախյունը դադարել է ժամը 21։30-ին[22], բայց հիվանդանոցը հայտարարել է, որ Լին մահացել է 2020 թվականի փետրվարի 7-ի առավոտյան 2։58-ին[8][23]։ Ավելի քան 17 միլիոն մարդ համացանցով ուղիղ հետևել է Լիի վիճակի փոփոխությանը[19]։ Լիին դիակիզել են, նախքան նրա ծնողները կարող էին վերջին անգամ տեսնել նրան[24]։

Ընտանիք

Լին և կինը մեկ երեխա ունեին, բայց կինը երկրորդ երեխայով հղի էր երբ Լին մահացավ[25]։ Երբ Լիի մոտ կորոնավիրուսի վարակի ախտանիշներ ի հայտ եկան, նախքան հունվարի 12-ին հոսպիտալացվելը նա հյուրանում սենյակ պատվիրեց, որ ընտանիքի հետ չշփվի և չվարակի։ Այնուամենայնիվ, նրա ծնողները նույնպես վարակվել էին կորոնավիրուսով[19]։ Նրա հայրը Լի Շուինգն է[26]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Վենլյան» հոդվածին։