Լուիս Ուոլթեր Ալվարես
Լուիս Ուոլթեր Ալվարես (անգլ.՝ Luis Walter Alvarez, հունիսի 13, 1911[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][1] - սեպտեմբերի 1, 1988[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][1]), ամերիկյան ֆիզիկոս, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Ծնվել Սան Ֆրանցիսկոյում։ 1932 թվականին ավարտել է Չիկագոյի համալսարանը։ 1945 թվականից՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։ 1940-1943 թվականներին աշխատել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, իսկ 1944-1945 թվականներին՝ Լոս Ալամոսի լաբորատորիայում։
Ալվարեսի գիտական աշխատանքները վերաբերում են արագացուցիչների տեխնիկային, տարրական մասնիկների ֆիզիկային։ 1937 թվականին Ալվարեսը հայտնագործել է ռադիոակտիվ փոխակերպման նոր տիպ՝ ուղեծրային էլեկտրոնների զավթումը միջուկով։ Ռոբերտ Քորնոգի հետ 1939 թվականին առաջին անգամ ստացել է ջրածնի և հելիումի նոր իզոտոպները՝ տրիտիում և հելիում-3, 1940 թվականին Ֆելիքս Բլոխի հետ մեծ ճշգրտությամբ չափել է ազատ նեյտրոնի մագնիսական մոմենտը։ Նրա ղեկավարությամբ կառուցվել է բշտիկավոր առաջին մեծ խցիկը և Բերկլիի դրեյֆային խողովակներով գծային արագացուցիչը։
Տարրական մասնիկների ֆիզիկայում խոշոր ներդրման, հատկապես մեծ թվով ռեզոնանսների հայտնագործման համար 1968 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 190)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Ուոլթեր Ալվարես» հոդվածին։ |