Կապույտ կետ

Կապույտ կետ (լատին․՝ Balaenoptera musculus), ծովային կաթնասուն, որը պատկանում է բեղավոր կետերի (Mysticeti) ենթակարգին[1]։ Մինչև 29,9 մետր երկարությամբ[2] և գրանցված առավելագույնը 173 տոննա կշռով[2] (որը հավանաբար կարող է հասնել 181 տոննայի)՝ այս կենդանին երբևէ գոյություն ունեցած հայտնի ամենախոշոր կենդանին է[3][4]։ Ներկայումս այն համարվում է վտանգված տեսակ[5]։

Կապույտ կետ
Կապույտ կետը միջահասակ մարդու հետ համեմատությամբ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
Լատիներեն անվանում
Balaenoptera musculus
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Վտանգված տեսակ
Վտանգված տեսակ
IUCN 3.1 Endangered : 2477
պատկեր
     ցամաք     տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180528
NCBI 9771
EOL 328574

Կապույտ կետի երկար և բարեկազմ մարմինը կարող է ունենալ կապույտի տարբեր երանգներ՝ վերին հատվածում մոխրակապտավունից մինչև ստորին հատվածի ավելի բաց երանգներ[6]։ Գոյություն ունի նվազագույնը երեք ենթատեսակ՝ Հյուսիսային Ատլանտիկի և Հյուսիսային Խաղաղի B. m. musculus, Հարավային օվկիանոսի B. m. intermedia և Հնդկական օվկիանոսում ու Հարավային Խաղաղ օվկիանոսում հայտնաբերված B. m. brevicauda (հայտնի է նաև որպես գաճաճ կապույտ կետ)։ Մեկ այլ ենթատեսակ կարող է համարվել Հնդկական օվկիանոսում հայտնաբերված B. m. indica-ն։ Այլ բեղավոր կետերի պես կապույտ կետի սննդային ռացիոնը հիմնականում ևս բաղկացած է մանր խեցգետնանմաններից[7]։

Երկրագնդի գրեթե բոլոր օվկիանոսներում կապույտ կետերը լայնորեն տարածված էին մինչև 20-րդ դարի սկիզբը։ Գրեթե մեկ դարի ընթացքում նրանց քանակը հասավ ոչնչացման մակարդակի՝ կետորսների անընդհատ որսերի պատճառով, մինչև 1966 թվականին միջազգային համայնքը ձեռնարկեց նրանց պաշտպանությունը։ 2002 թվականի հաշվետվության համաձայն՝ ամբողջ աշխարհում[2] կապույտ կետերի քանակը 5 000-ից 12 000 էր կազմում՝ խմբավորված նվազագույնը 5 խմբերում։ Բնության պահպանման համաշխարհային միության տվյալների համաձայն՝ ներկայումս ամբողջ աշխարհում գոյություն ունի մոտավորապես 10 000-ից 25 000 կապույտ կետ[8]։ Մինչ կետորսությունը խոշորագույն քանակը գտնվում էր Անտարկտիկայում՝ մոտ 239 000 (202 000-311 000-ի միջակայքում)[9]։ Հյուսիսային Խաղաղի, Անտարկտիկայի և Հնդկական օվկիանոսի խմբերից գոյատևել է շատ փոքր քանակ՝ մոտ 2 000։ Երկու խումբ գտնվում է Հյուսիսային Ատլանտյանում, ևս նվազագույնը երկուսը՝ Հարավային կիսագնդում։ 2014 թվականի դրությամբ Հյուսիս-արևելյան Խաղաղի կապույտ կետերի քանակը վերադարձել է գրեթե մինչկետորսյան մակարդակին[10]։

Ընդհանուր նկարագրություն

Աչքերը գտնվում են բերանի անկյուններում։ Կապույտ կետը գույները չի տարբերում։ Լավ են զարգացած նրա լսողություն օրգանները, որոնք ընկալում են նույնիսկ ուլտրա և ինֆրա ձայները։ Հոտառությունը վատ է։ Շնչանցքը ջրում եղած ժամանակ ամուր փակվում է։ Կապույտ կետը սնվում է խեցգետնակերպերով և փափկամարմիններով։ Օրական ուտում է 1,5-2 տոննա կեր. իսկ ձագին կերակրելու ժամանակահատվածում՝ 4-5 տոննա։ Ստամոքսը 3000 լիտր տարողությամբ եռաբաժին 3 մետր երկարությամբ պարկ է։ Աղիքների երկարությունը կազմում է 250 մետր։ Լյարդը կշռում է 1000 կգ իսկ ենթաստամոքսային գեղձը՝ 100 կգ։ Կապույտ կետն ունի 8000 լիտր արյուն և 700 կգ-ոց սիրտ։ Երիկամների քաշը 1000 կգ է։ Այս հսկան ունի 14 000 լիտր ծավալով թոքեր։ Մեջքի զարկերակի տրամագիծը 30 սմ է։ Շնչանցքը գլխի ետևի մասում է։Կապույտ կետը ջրի մեջ կարող է մնալ մինչև 30 րոպե։ Հիմնականում լողում է ջրի 7-20 մետր խորքերում։ Մինչ ջրի երես դուրս գալը բաց է անում շնչանցքը և որոշ քանակությամբ ջուր լցվում է շնչափողի մեջ, այնուհետև թոքերից դուրս մղվող օդի ուժեղ ճնշման հետևանքով այդ ջուրը ցայտում է դուրս։ Ցուրտ եղանակին արտաշնչվող օդում եղած ջրային գոլորշին ևս խտանում և առաջացնում 15 մետր բարձրությամբ շատրվան, որը երևում է 10 կմ հեռավորությունից։ Այդ շատրվանից փչում է անախորժ հոտ։ Արտաշնչման ժամանակ առաջանում է ուժեղ սուլոց հիշեցնող ձայն։ Կապույտ կետը ձայնալարեր չունի։ Կետի գլխուղեղը կշռում է 7 կգ։Աճման շրջանը համարվում է 5-6 տարեկան հասակը։ Նրանք ապրում են 36-40 տարի։ Կապույտ կետի պոչը հանդիսանում է գլխավոր շարժիչ օրգանը։ Ջրային կյանքին նպաստում են ենթամաշկային 50 սմ-ոց ճարպաշերտը, իլիկաձև մարմինը, ճարպով հագեցած սպունգանման ոսկորները և օդով լցված հսկա թոքերը։ Կետը՝ ի տարբերություն ցամաքային կենդանիների, քիչ էներգիա է ծախսում տեղափոխվելու համար։ Ամենախոշոր կետի մարմնի խտությունը հավասար է ջրի խտությանը։ Կետերն ունեն հզոր ուժ։ Ջրի տակ, 28 կմ/ժամ արագությամբ շարժվելու համար ծախսվում է 168 ձիու ուժ։

Կապույտ կետերի բազմացումը

Կապույտ կետերը բազմանում են հասարակածային տաք ջրերում։ Էգերը ծննդաբերում են 2-3 տարին մեկ անգամ ունենալով հիմնականում 1 ձագ՝ 6-8 մետր երկարությամբ և 3 տոննա քաշով։ Կետը ծնվում է ջրի մեջ և միանգամայն զարգացած վիճակում։ Կապույտ կետի կաթնագեղձերը գտնվում են մաշկային հատուկ գրպանիկներում։ Ձագը դունչը մտցնում է գրպանիկի մեջ և խմում կաթը։ Ձագը կաթով սնվում է մինչև 7 ամսական հասակը։ Կապույտ կետը օրական արտադրում է 300 լիտր՝ 40 տոկոս յուղայնությամբ սննդարար կաթ։ 7 ամիս հետո ձագն ունենում է 17 մետր երկարություն; Նա օրվա ընթացքում 100 կգ աճ է ունենում։ 6 ամսական ձագի քաշը լինում է 18 տոննա։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ կետ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ կետ» հոդվածին։