Կոնստանցա

Կոնստանցա (Constanta), քաղաք և նավահանգիստ Ռումինիայում, Սև ծովի ափին, Կոնստանցա գավառի վարչական և առողջարանային շրջանի կենտրոնն է։ 260 հզ. բն. (1979)։ Տրանսպորտային հանգույց է, օդանավակայան, նավթամուղով կապված է Պլոեշտիի հետ։ Ձկնորսական բազա է։ Զարգացած է սննդի և թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությունը։ Ունի հնագիտական և գեղարվեստի թանգարաններ։ Կոնստանցայի տեղում հոնիացի-հույները VI դ. հիմնել են Տոմիս քաղաք-պետությունը, որը մ. թ. ա. 29-ին նվաճել են հռոմեացիները։ Մ. թ. 8—17-ին այստեղ աքսորված է եղել բանաստեղծ Օվիդիոսը։ Հռոմեական կայսր Կոստանդին Մեծը (իշխել է 306—337 թվականներին) քաղաքը վերանվանել է Կոստանդինիանա։ 1413—1878 թվականներին Կոնստանցան (թուրք. Քյոսթենջե) գտնվել է օսմանյան տիրապետության տակ։ 1878-ից Ռումինիայի կազմում է։

Կոնստանցա
Կոնստանցա
Constanța
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես121,66 կմ²
ԲԾՄ3 մ
Խոսվող լեզուներռումիներեն
Բնակչություն310 471[1] մարդ (2011)
Խտություն2039 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+40) 41
Փոստային ինդեքս900ХХХ
Փոստային դասիչ900003–900746
Ավտոմոբիլային կոդCT
Պաշտոնական կայքprimaria-constanta.ro
Կոնստանցա (Ռումինիա)##
Կոնստանցա (Ռումինիա)

Անվանում

Մ․ թ․ ա․ 6-րդ դարում հոնիացի հույներն այստեղ հիմնել են Տոմիս քաղաք-պետությունը, որը մ․ թ․ ա․ 29 թվականին նվաճել են հռոմեացիները։ Մոտ 320 թվականին հռոմեական Կոնստանտին Մեծը Տոմիսը վերանվանեց Constantiniana (իր քրոջ անունով)․ այստեղից էլ այժմյան Կոնստանցա անվանումը։ Օսմանյան տիրապետության տարիներին (1413-1878) քաղաքի թուրքերեն անվանումը եղել է Քյոսթենջե[2]։

Հայերը Կոնստանցայում

Հայերը Կոնստանցայում սկսել են բնակություն հաստատել XVIII դ. (1760 թ.-ին ունեցել են մատուռ)։ 1877—1878 թ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ Կոնստանցան անցավ Ռումինիային, հայերի վիճակը բարելավվեց, նրանք 1879—1880 թ.-ին կառուցեցին Ս. Աստվածածին եկեղեցին և դպրոց։ Հետագայում հայերի թիվը ստվարացավ ի հաշիվ 1894—1896 թ.-ի հայկական կոտորածներից և 1922 թ.-ի Զմյուռնիայի աղետից փրկված հայերի (1926 թ.-ին՝ 3000, 1932 թ.-ին՝ 3200 մարդ)։ Հիմնականում զբաղվել են արհեստներով ու առևտրով, ոմանք ունեցել են աղյուսի, հյուսվածքեղենի, երկաթաձուլական փոքրիկ գործարաններ։ Բացի 1879 թ.-ին ստեղծված թաղական խորհրդից, հայերի կյանքը ղեկավարել և կազմակերպել են բարեգործական-մշակութային ընկերությունները՝ «Հայ երիտասարդների միությունը» (հիմն. 1900 թ.-ին), «Բարեգործական ընկերությունը» (հիմն. 1901 թ.-ին), ՀԲԸՄ Կ թ.-ի մասնաճյուղը՝ 1911 թ.-ից, 1920-ական թթ. ՀՕ Կոնստանցայի մասնաճյուղը, որին 1940 թ.-ին փոխարինել է «Զանգու» կազմակերպությունը։ 1945 թ.-ին ստեղծվել է «Հայաստանյան ճակատ» թերթի մասնաճյուղ, որը կարևոր դեր է կատարել կոնստանցահայերի՝ Սովետական Հայաստան հայրենադարձման գործում։ 1948—1959 թ.-ին գործել է Հայ դեմորատական կոմիտեն։ Թատերական, երաժշտական, մարզական ևն միջոցառումներ են անցկացրել «Քնար» երգեցիկ-թատերական ընկերությունը (1905), «Արաքս» թատերասրահը (1908) ու կրթական միությունը (1920-ական թթ.)» «Երևան», «Րաֆֆի» մշակութային միությունները, «Կոմիտաս», «Քնար», «Մևան» երգչախմբերը, ՀՄԸՄ, «Աշակերտական միությունը»։ Առաջին հայկ. վարժարանը՝ «Լուսավորչյան»-ը, բացվել է 1879 թ.-ին, որին հաջորդել է «Հայկազյան»-ը (1896—1959)։ 1979 թ.-ին Կոնստանցայում ապրել է շուրջ 1200 հայ, որոնք ակտիվորեն մասնակցում էին սոցիալիստական հասարակարգի կառուցմանը Ռումինիայում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանցա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 576