Կվաս

Կվաս (ռուս.՝ Квас), սլավոնական ավանդական թթվաշ ըմպելիք, որը պատրաստում են խմորումով, ալյուրից և ցորենի կամ գարու ածիկից, ինչպես նաև աշորայի հացից, հաճախ դրան ավելացնելով հոտավետ խոտաբույսեր, մեղր և մեղրամոմ։ Կվաս պատրաստում են նաև ճակնդեղից, մրգերից և հատապտուղներից։ Անցյալում հաճախ կվասը հիմք է հանդիսացել նաև սառը ապուրների պատրաստման համար։

Կվաս
Ենթատեսակfermented beverage?
Բաղադրամասերտարեկանի հաց, տարեկանի ալյուր, ածիկ, ջուր, խմորասնկեր, միրգ, չամիչ, Մեղր և կանաչի
Ծագման երկիր Բելառուս,  Ռուսաստան,  Լեհաստան և  Ուկրաինա
 Kvass Վիքիպահեստում

Պատմություն

Կվասը շատ հին ըմպելիք է։ Այդ խմիչքի առաջին նախատիպերը գրավում էին միջանկյալ դիրք կվասի և գարեջրի միջև և ի հայտ են եկել մ.թ.ա 3-րդ հազարամյակում Եգիպտոսում։ Կվասին նմանվող ըմպելիքներ են նկարագրել Հիպոկրատը, Հերոդոտը և Պլինիոս Ավագը։ Մրգային կվասը հայտնի էր նաև Բաբելոնում, չնայած այն տարածում չի գտել Հին Միջագետքում։

Սլավոններին կվասը հայտնի է հազար տարուց ավելի։ Հայտնի է, որ արևելյան սլավոնները դրա բաղադրատոմսն ունեին Կիևյան Ռուսիայի կազմավորումից շատ առաջ։ Կվասի մասին ռուսական գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 996 թվականին։ Իր մկրտությունից հետո իշխան Վլադիմիր Մեծը հրամայել է բաժանել ժողովրդին կերակուր, մեղր և կվաս։ Կվաս կարողանում էին պատրաստել նաև Լեհաստանում, Լիտվայում և Լատվիայում։ Ըստ Նեստորի հաղորդման՝ Անդրեաս առաքյալը տեսել է, թե ինչպես են սլավոնները իրենց բաղնիքներում կվասով ցողվում[1]։ 9-14-րդ դարերում, սլավոնական ազգերը պատրաստել են նաև ալկոհոլային կվաս և այն ժամանակների լեզվով հարբեցողներին անվանել են «կվասնիկ»։ Այն տարիներին կվասը եղել է տոնակատարությունների և հարսանիքների հիմնական ոգելից խմիչքը։

Նկարագիր

Համաձայն Beer Judge Certification Program կազմակերպության դասակարգման՝ կվասը գարեջուր է և պատկանում է «պատմական, ավանդական, տեղական» գարեջրերի դասին[2]։ Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում կվասը համարվում է անկախ և ազգային ըմպելիք։

Կվասն ունի հաճելի ու թարմացնող համ, կարգավորում է նյութափոխանակությունը, լավ է անրադառնում սիրտ-անոթային համակարգի վրա[3][4][5]։ Կվասն ունի ընտիր համային որակներ և իր մեջ պարունակվող կաթնաթթուների և քացախաթթուների շնորհիվ հագեցնում է ծարավը, ունի բարձր էներգետիկական արժեք և իր մեջ եղած ածխաթթու գազի շնորհիվ հեշտացնում է կերակուրը մարսելու պրոցեսը և նրա ներծծումը օրգանիզմի կողմից, ինչպես նաև բացում է ախորժակը, այդպիսով օգնելով մարսողության գործընթացին[3]։ Բացի այդ կվասն իր մեջ պարունակում է վիտամիններ B1 և E[3]: Ալկոհոլի պարունակությունը թթխմորային հացից պատրաստված կվասի տեսակների մեջ 0,7 %-ից մինչև 2,6 % է։ Խմորման ճանապարհով պատրաստված և շշալցված կվասը հաճախ նաև գազավորում են։ Կվասը խորհուրդ չի տրվում լյարդի ցիրոզով, գաստրիտով և գերճնշումով հիվանդ մարդկանց[6]։

Ըստ որոշ կարծիքների՝ օղու ի հայտ գալուց հետո, կվասի պատրաստման տեխնոլոգիան ենթարկվեց փոփոխության։ Այլևս ուշադրություն չէին դարձնում նրա թնդության վրա՝ այն իջավ մոտավորապես 8-ից մինչև 4% և ավելի ցածր։ Դրանից առավելապես շահեցին համն ու որակը[7][8]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվաս» հոդվածին։