Հայ-թաթարական ընդհարումներ

(Վերահղված է Հայ-թաթարական կռիվներից)

Հայ-թաթարական ընդհարումներ, 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած ռազմական բախումներ[1]։ Դրանք հայտնի էին նաև հայ-թաթարական պատերազմ[2] անվանումով։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին «կովկասցի թաթարներ» էին կոչվում ժամանակակից ադրբեջանցիները[3][4]։ Զինված բախումները տեղի են ունեցել գերազանցապես Ելիզավետպոլի նահանգում, մասամբ նաև՝ Երևանի նահանգում, Թիֆլիս և Բաքու քաղաքներում[5][6][7]։

Հայ-թաթարական ընդհարումներ
Ռուսական հեղափոխություն (1905-1907)

Կոզակական զորքը Բաքվի նավթահանքերում
Թվական1905-1907
ՎայրԵլիզավետպոլի նահանգ, Երևանի նահանգ, Թիֆլիս և Բաքու
Արդյունքհեղափոխության կասեցում Անդրկովկասում
Տարածքային
փոփոխություններ
չկան
Հակառակորդներ
հայերկովկասյան թաթարներ

Ընդհարումները և ջարդերը սկսեցին ռուսական հեղափոխության ժամանակ՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Առավել արյունալի էին 1905 թվականի փետրվարյան բախումները Բաքվում, մայիսյան ընդհարումները Նախիջևանում, օգոստոսին Շուշիում և նոյեմբերին Ելիզավետպոլում։ Ընդհարումների հիմնական պատճառը՝ Անդրկովկասի թաթարների շրջանում պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարների տարածումն էր, որի ազդակները գալիս էր Ստամբուլից[8]։ Թուրքիան շահագրգռված էր Ռուսական կայսրության տարածքում կենտրոնախույս և հավատակից ուժե­­րի աշխուժացման ու հեղափոխականացման հարցում։ Այդ հակառուսական տրամադրությունները կարող էին ներսից խարխլել ռուսական իշխանության հիմքերն Այսրկովկասում, տարածաշրջան, որը, ինչպես հայտնի է, ըստ պանթուրքական ծրագրի, «Մեծ Թուրանի» անբաժան մասն էր։ Քաղաքներում տեղի ունեցան ավերածություններ, Բաքվում այրվեցին նավթահորեր։ Նոյեմբերի 20-ին Բաքվում սկսվեց և այնտեղից Վրաստան և Հայաստան տարածվեց ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Անկարգությունները տեղ գտան նաև Կովկասի փոխարքայության մայրաքաղաք Թբիլիսիում։ Եթե Բաքվում ու Ելիզավետպոլում ջարդերը հրահրել էին մուսուլմանները, ապա Շուշիում և Թիֆլիսում՝ հայերը[9]։ Ռազմական բախումներ են արձանագրվել բազմաթիվ բնակավայրերում, ավերվեցին կամ թալանվեցին 128 հայկական և 158 թաթարական գյուղեր[10]։ Տարբեր տվյալներով զոհվեցին 3000-10000 մարդ, հիմնականում՝ թաթարներ[11]։ Դրա պատճառն այն էր, Դաշնակցություն կուսակցությունն առավել լավ էր պատրաստվել և կազմակերպված էր[12]։

Ռուսական իշխանությունները ջանքեր չեն գործադրել ընդհարումները կասեցնելու ուղղությամբ[13]։ Միայն 1906 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսական կայսրության կենտրոնական նահանգներում հանդարտվել էին հեղափոխական շարժումները, իշխանությունները միջոցներ ձեռք առան կասեցնելու արյունահեղությունը[14]։

Պատմություն

1904 թվականի փետրվարին պատերազմ էր սկսել Ռուսական և Ճապոնական կայսրությունների միջև՝ Կորեա թերակղզու և շրջակա ծովային տարածքների համար։ Պատերազմում ռուսները կրեցին մի քանի խոշոր պարտություններ ծովում և ցամաքում։ Մեկ տարի անց Ռուսաստանում թափ առավ հեղափոխությունների նոր ալիք։ Ռուսական արքունիքը դաժանությամբ փորձեց կասեցնել խռովությունը։ Սա տեղ գտավ ՀՅԴ «Դրոշակ» թերթում՝ «Կարմիր սուլթան-կարմիր ցար» հոդվածում[15]։ Խաղաղ ցույցը ցրվեց, մասնակիցների մի մասը գնդակահարվեցին։ Սա բացասական անդրադարձավ ռուսաստանցի հասարակության վրա[16]։ Ընդդիմությունը կատարվածի ամբողջ պատասխանատվությունը բարդեց Նիկոլայ II[17] և բացարձակ միապետական համակարգի վրա[18]։ Կայսրության մյուս քաղաքների բնակիչներն արագ արձագանքեցին բանվորների գործադուլին, հեղափոխական ալիքը հասավ Անդրկովկաս։ 1905 թվականի հունվարի 17-ին Բաթումի գործարանների ավելի քան 500 բանվոր, հաջորդ օրը՝ Թիֆլիսում ավելի քան 3000 գործադուլ արեց։ Հեղափոխական շարժումներն ընդգրկեցին Քութայիս և Բաքու քաղաքները[19]։

Գրիգորի Գոլիցին

1905 թվականի սկզբից ինչպես արքունիքը, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին տարբեր ժողովուրդների միջև կրոնական և ազգային թշնամանք բորբոքել՝ հեղափոխության սլաքն այլ կողմ ուղղելու համար։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվեց երկու առավել մեծաքանակ ժողովուրդների՝ հայերի և կովկասյան թաթարների դեմ[20], որոնցից յուրաքանչյուրի թվաքանակը անցնում էր մեկ միլիոնից։ Դարասկզբին կովկասցի թաթար ազգայնականների կոչերում ակտիվացել էին հակահայկական տրամադրությունները. նրանց թշվառությունների ու զրկանքների հիմնական պատճառ ներկայացրին առավել զարգացած ու առաջադիմող հայերին, որոնք հարստացել են թաթարների հաշվին[21]։ Մուսուլմաններն ի սկզբանե ստիպված էին համակերպվել նոր աշխարհաքաղաքական իրադրության հետ. նրանք պետք է առաջնորդվեին ռուսական օրենքներով և ոչ շարիաթով, արգելված էին զենք կրելու, անչափահասների հետ ամուսնանալու, հարեմներ ունենալու, գույք և անասուններ գողանալու իրավունքից։ Վարչական մարմիններում նշանակվել են շրջանի քրիստոնյա ժողովուրդների (վրացիներ, ռուսներ, հայեր) ներկայացուցիչներ։ Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերից հետո, ինչպես և Կարսի ու Բաթումի մարզերի գրավումից հետո իսլամադավան բնակչության զգալի մի մաս լքեց երկիրը, փոխարենը եկան հայեր, հույներ և ռուսներ։ Դժգոհ լինելով հայերի դիրքերի զորեղացումից՝ 1880-ական թվականներից ի վեր ցարական կառավարությունն իր առջև խնդիր դրեց Անդրկովկասի քաղաքներում խարխլել հայկական իշխանությունը։ 1886 թվականին նշանակվելով Կովկասի վարչակազմի գլխավոր գործադիր տնօրեն, Գրիգորի Գոլիցինը, աջակցելով մուսուլմաններին, անմիջապես սկսեց վարել հայատյաց քաղաքականություն[22]։ Եթե մինչ այդ հայ պաշտոնյաների քանակը տատանվել էր 50%-90%, ապա նրանք հեռացվեցին աշխատանքից և թափուր աշխատատեղերը զբաղացրին մուսուլմանները[23]։ 1885 թվականին փակվել են 160 հայկական դպրոցներ, իսկ 1889 թվականի մարտին հրաման է տրվել հայոց պատմությունն ու աշխարհագրությունը դպրոցական ծրագրերից հանելու մասին[24]։ 1903 թվականին առգրավվել է Հայ եկեղեցու ունեցվածքը։ Գոլիցինի դեմ կազմակերպվեց մահափորձ, որի անհաջող ավարտից հետո նա հեռացավ Կովկասից։

1905 թվականի սկզբին Կովկասի փոխարքայի պաշտոնում Գրիգորի Գոլիցինին փոխարինել էր Իլլարիոն Վորոնցով-Դաշկովը։ Կովկասում ազգամիջյան բախումների համար առաջինը թիրախում հայտնվեց Բաքուն։ Այստեղ բանվորների քանակն անցնում էր 35 հազարից, այդ թվում՝ 40% մուսուլմաններ, 25% ռուսներ, 20% հայեր և այլն։ Նավթահորերի շրջանում աշխատում էր ևս 30 հազար բանվոր[25]։ Առաջին ընդհանորումները տեղի ունեցան փետրվարի 6-ին Բաքվում՝ նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի հրահրումով։ Արյունոտ բախում տեղի ունեցավ հայերի և թաթարների միջև. սպանվեց մի թաթար դպրոցական և խանութպան[26]։ Սրանից հետո զոհվում են 126 թաթար և 218 հայ։ Մուսուլմանական զինված խմբավորումները, որոնք Բաքու էին եկել նաև հարակից գյուղերից, կոտորում էին հայերին, հարձակվում ու տակնուվրա անում քաղաքի՝ հայերին պատկանող բոլոր կրպակները։ Սպանությունների և ջարդերի ալիքը հասավ նավթարդյունաբերական շրջաններ։ Այսպես՝ միայն մեկ օրում Պիտոևի ֆաբրիկայի տարածքում գտնվող բնակելի թաղամասում փետրվարի 8-ին գնդակահարվեց շուրջ 40 հայ։Դա ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։

Ինչպես վկայում է հայ քաղաքական գործիչ, ՀՀ ռազմական նախարար (1920) Ռուբեն Տեր-Մինասյանը 1924 թվականին իր հրատարակած մի աշխատությունում, 20-րդ դարասկզբից ի վեր ադրբեջանցիները հանդիսանում են ռուսական պետության հիմնասյուներից մեկը։ Այդպես, օրինակ, Թուրքիայի կողմից առաջ քաշած «համիսլամական գաղափարը չարաչար պարտության ենթարկվեց թե՛ արտաքին և թե՛ ներքին ճակատներում, առանց շոշափելի արդյունքների»[27], ուստի «քուրդը մնաց քուրդ, պարսիկը՝ պարսիկ, իսկ ադրբեջանցի թաթարը դարձավ ռուս պետության հետադեմ քաղաքականության ամենահաստատուն հենարանը. վերջինիս միջոցով էր, որ Ռուսաստանը ճնշեց 1905-1907 թվականների անդրկովկասյան հեղափոխությունը՝ ստեղծելով հայ-թաթարական արյունոտ ընդհարումները[27]։

Բախումներ քաղաքներում և գյուղերում

Գարնանային աշխատանքով զբաղված հայ բնակչությունը ընդհարումների առաջին օրերին անակնկալի եկավ։ Կենտրոնական իշխանությունների բացարձակ անգործության պայմաններում հայոց կաթողիկոսը սկսեց օժանդակություն ցուցաբերել հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպմանը[28]։ Կրոնական առաջնորդներին միացան նաև քաղաքական ուժերը, մասնավորապես՝ Դաշնակցություն կուսակցությունը։ Ջարդերի ընթացքում Բաքու են ուղարկվել Դրոն (Դրաստամատ Կանայան), Արցախ՝ Խանասորի Վարդանն ու Համազասպը (Սրվանձտյան), Սյունիք՝ Քեռին (Արշակ Գավաֆյան), Ելիզավետպոլի գավառ՝ Աբրահամ Գյուլխանդանյանը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան) և Մարտիրոս վարժապետը, Թիֆլիս՝ Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), Երևանի գավառ` Նիկոլ Դումանը և շատ ուրիշներ[29]։ 1905 թվականի մայիսի 11-ին Դրոն Բաքվում սպանեց նահանգապետ Նակաշիձեին, ավելի ուշ սպանվեցին Մահմեդբեկովը, Միքելաձեն, Շահթախթինսկին։ Բաքվի հայերի շրջանում կազմակերպական կարևոր աշխատանքներ կատարեց Հովհաննես Քաջազնունին[30]։Ջարդերի ալիքը Բաքվից հասավ ոչ միայն Ելիզավետպոլի նահանգ, այլև Նախիջևանի գավառ։ Այստեղ ջարդերը սկսեցին մայիսի 12-ին և տևեցին երեք օր։ Այստեղ վիրավորվեցին և զոհվեցին շուրջ 400 հայ։ Ալեքսանդրապոլում Մարտիրոս Չարուխչյանն սպանեց Նախիջևանի կոտորածների կազմակերպիչ, գեներալ Ալիխանով-Ավարսկուն։ Նախիջևանի ու Շարուր-Դարալագյազի գավառներից հետո արյունալի բախումներն անցան Արարատյան դաշտ։ Երևանում ազգամիջյան արյունալի բախումներ տեղի ունեցան 1905 թվականի մայիսի 23-25-ը։ Թուրքերն անցան գրոհի և փորձեցին զանգվածային գրոհով վերցնել հայկական թաղերը։ Տալով 100 սպանված ավելի շատ վիրավորներ՝ նրանք նահանջեցին։ Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի զոհեր տալով, հարձակումներ չձեռնարկեցին։ Կատաղի կռիվներ տեղի ունեցան Ղամարլուի (Արտաշատ) և Աշտարակի շրջաններում։ Նիկոլ Դումանը Դաշնակցության բյուրոյին 1905 թվականի հունիսի 30-ին նամակով հայտնում էր, որ Երևանի նահանգի մեջ սպանվել են 300 հայ և շատ ավելի թվով թուրքեր[31]։

Գնդակահարված հայեր Նախիջևանում

Կատաղի բախումներ եղան Ելիզավետպոլի նահանգում։ Ելիզավետպոլում զինված բախումները շարունակվեցին 1905 թվականի ամռանից մինչև 1906 թվականի հունվար։ 1905 թվականի հուլիսին գրեթե ամբողջությամբ ավերակների էր վերածվել Շուշի քաղաքը։ Օգոստոսի 7-15-ը թուրքերի ջանքերով տեղի ունեցան առանձին դեպքեր, իսկ օգոստոսի 16-ին սկսվեց ընդհանուր կռիվը[32]։ Մուսուլմանական թաղամասից մի քանի ձիավորներով հայկական մաս եկավ ոստիկանապետ Խոսրով բեկ Փոլատովը և փողոցում հանդիպելով անզեն հայերի հրամայեց կրակել։ Այդ կրակոցներով սկսվեց բուռն հրաձգությունը քաղաքի կենտրոնում և ծայրամասերում։ Հայոց թաղի կենտրոնական շուկայի՝ Թոփխանայի մեջ ընկան բազմաթիվ թուրքեր։ Մարտերը իր սպայակազմով ղեկավարել է Վարդանը։ Թաթարներն այրեցին 400-ից ավելի հայկական տներ, ինչին հայերը պատասխանեցին կրակով՝ թուրքական թաղում հրկիզելով 60 տուն։ Հինգերորդ օրը թուրքերը սպիտակ դրոշ բարձրացրին։ Հինգ օրվա ընթացքում հայերը տվեցին 40 սպանված և 68 վիրավոր։ Թուրք սպանվածների թիվը անցնավ 500-ից։ Շատ բնակիչներ (այդ թվում և թաթարներ) հեռացան քաղաքից, ինչի հետևանքով բնակչության թիվը կրճատվեց՝ հասնելով 16500-ի[33]։ 1905 թվականի ամռանը հակամարտությունը տարածվեց նաև գյուղերում և Բաքու-Ելիզավետպոլ երկաթուղու ու Շուշի-Ելիզավետպոլ ավտոճանապարհի երկայնքով։ Մի քանի ամիս շարունակ դաշնակցության ջոկատները իրենց վերահսկողության տակ պահեցին Արցախը, Կուր գետին հարող դաշտավայրային հատվածները մուսուլման գյուղացիների վերահսկողության տակ էին։ Ընդհարումների դաժանությամբ աչքի ընկավ նաև Զանգեզուրը։ Սիսիանը շրջապատված էր մեծ ու փոքր բազմաթիվ թաթարաբնակ, ինչպես նաև հայ-թաթարական խառը բնակչությամբ գյուղերով։ Բացի այդ, շրջանը գտնվում էր Նախիջևան-Շուշի ճանապարհին։ Հունիսի սկզբներին, երբ Սիսիանում եղանակը փոքր-ինչ տաքացավ, խաշնարած կիսաքոչվոր ցեղերը սկսեցին հարձակվել հայկական գյուղերի վրա։ Սիսիան եկան Քեռին և Դրոն[34]։ Ի տարբերություն Սիսիանի՝ Գորիսում թաթարների թիվը խիստ փոքր էր, ուստի այստեղ ավերածություններ ավելի քիչ եղան։ Հայերն առավել կազմակերպված էին և զինված, պաշտպանում էին Արցախ տանող ճանապարհը։ Անհաջողության մատնվեցին նաև թաթար գյուղացիների և կիսաքոչվոր խաշնարածների՝ Գորիս, Խնձորեսկ և շրջակա գյուղեր մտնելու փորձերը[35]։ Բախումներ եղան նաև Կապանի ու Մեղրու հարակից գյուղերում։ 1905 թվականի օգոստոսին Շուշիի կոտորածին արձագանքեց Բաքուն, որտեղ ընդհարումներն ուղեկցվեցին նավթահորերի և նավթագործարանների հրդեհումով։ Ըստ Բաքվի վիճակագրական ծառայության և թաթար-ռուս-հայկական կոմիտեի, սպանվել էին 205 հայ, այդ թվում՝ 7 կին, 20 երեխա, 13 ծեր, ինչպես նաև 121 վիրավոր, իսկ թաթարներից զոհվել էր 111 հոգի, այդ թվում՝ ընդամենը 2 կին, ոչ մի մանուկ և ծեր, ինչպես նաև 128 վիրավոր[36]։ Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ թաթարները հարձակվել են հայկական ընտանիքների վրա, իսկ հայերն ինքնապաշտպանական միջոցների դիմել են հարկադրաբար[37]։ Նոյեմբերի 20-ին Բաքվում ծավալվեց հայ-թաթարական ընդհարումների 3-րդ ալիքը։ Համաձայն Բաքվում բրիտանական հյուպատոս Պատրիկ Սթիվենսի, ընդհանուր առմամբ Բաքվում սպանվել էր 700 մուսուլման և 900 հայ[38]։

Գանձակում նոյեմբերի 18-ին թուրք-թաթարական խուժանը սլացավ դեպի հայկական հարուստ շուկան, որը գտնվում էր թուրքական թաղի մեջ և սկսեց թալանը։ Հարյուրից ավելի հայեր սպանվեցին։ 1905 թվականի նոյեմբերի 20-ին Թիֆլիսից վերադարձավ Աբրահամ Գյուլխանդանյանը և որպես Գանձակի զինվորական շտաբի ղեկավար իր ձեռքն առավ ինքնապաշտպանության կազմակերպումը։ Նոյեմբերի 21-ին Գանձակ հասավ Համազասպը, հաջորդ օրը՝ շուշեցի Ռոստոմը։ Նրանք պատասխան կրակով պաշտպանության տակ առան հայկական քաղաքամասը։ Թուրք խուժանը նահանջեց և նոյեմբերի 23-ի առավոտյան դադարեցրեց կռիվը։ Թիֆլիսում բախումներ տեղի ունեցան 1905 թվականի նոյեմբերին։ Շուրջ 500 հայ կամավորներ 3 օրվա ընթացքում (նոյեմբերի 22–25-ը) հակահարված տվեցին թաթարներին։ Հայկական ինքնապաշտպանությունը գլխավորել է Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյանը)։ Ռուս ոստիկանությունը քաշվեց հրապարակից և Թիֆլիսի իրական տերը դարձան հայ մարտական խմբերը։ Երկու օր անց վրացիների և ռուսների միջամտությամբ կրակը դադարեց։ Որոշ ժամանակ անց երկու հազար զինված թուրքեր Բորչալուից մտան Թիֆլիս, գնդակներ արձակեցին ոչ միայն հայերի, այլև ռուսների և վրացիների վրա։ Կարճ ժամանակ անց կողմերը հաշտվեցին[39]։ 1906 թվականի ընթացքում Անդրկովկասում, հիմնականում՝ Արցախում, ընդհարումները շարունակվում էին։ Հուլիսին նոր թափով սկսվեց Շուշիի ողբերգությունը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Luigi Villari (1906), Fire and Sword in the Caucasus [1], London, T. F. Unwin, ISBN 0-7007-1624-6
  • Justin McCarthy. Death and Exile։ The Ethnic Cleansing of Ottoman Muslims 1821-1922. — Princeton, New Jersey։ The Darwin Press, 1995.
  • Thomas De Waal (2004), Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War, NYU Press, ISBN 978-0-8147-1945-9
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան