«Մեհյան», գրական-գեղարվեստական միամսյա հանդես։ Լույս է տեսել 1914 թվականին (7 համար), Կ․ Պոլսում։ Տնօրեն-խմբագրապետ՝ Կոստան Զարյան, խմբագիրներ՝ Գեղամ Բարսեղյան, Հակոբ Քյուֆեճյան (Օշական)։ Արևմտահայ իրականության մեջ 1910-ական թվականներին ծագած, այսպես կոչված, հեթանոսական գրական շարժման (մեհենական հոսանք) ներկայացուցիչների հրատարակություն։ Ձգտել է բարձրացնել գրականության դերը Ժողովրդի բարոյական նկարագրի ձևավորման գործում, նպաստել հայ ժողովրդի տարանջատված հատվածների հոգևոր միասնությանը, մերժել է «ռուսահայ», «թրքահայ», «կովկասահայ» հասկացությունները գրական ասպարեզում։ Անդրադարձել է Ռուբեն Զարդարյանի, Գեղամ Տեր-Կարապետյանի, Հակոբ Մնձուրու, Հրանտ Նազարյանի, Տիրան Չրաքյանի (Ինտրա), Լեւոն Շանթի, Վրթանես Փափազյանի և ուրիշների ստեղծագործություններին։ Քննադատական հոդվածներով բարձրացրել է գրական արժեքների վերագնահատման հարցը։ Աշխատակցել են Դանիել Վարուժանը, Վահան Թեքեյանը, Հակոբ Սիրունին, Լևոն Էսաճանյանը, Ռ․ Շիշմանյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 444)։