Պուեբլայի երկրաշարժ (2017)

Պուեբլայի երկրաշարժ (իսպ.՝ Terremoto de Puebla), 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Մեքսիկայի կենտրոնական հատվածում՝ Պուեբլա դե Սարագոսա քաղաքի մոտ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է քաղաքից 55 կիլոմետր դեպի հարավ, իսկ Մեխիկոյից՝ 120 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 13:14-ին (Երևանի ժամանակով ժամը 22:14-ին): Երկրաշարժը մեծ ավերածություններ է առաջացրել Պուեբլա և Մորելոս նահանգներում, ինչպես նաև Մեխիկոյի ագլոմերացիայում[1][2][3]։ Երկրաշարժի արդյունքում զոհվել է ավելի քան 248 մարդ[4]։

Պուեբլայի երկրաշարժ
Earthquake 5 km ENE of Raboso, Mexico, 2017.jpg
Տեսակերկրաշարժ
Երկիր{{{2}}} Մեքսիկա
ՏեղանքՊուեբլա դե Սարագոսա
Տարեթիվ2017 թվականի սեպտեմբերի 19 ժամը 13:14
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով7,1 Mw
Տուժած երկրներ
(տարածաշրջաններ)
Մեքսիկա
Զոհվածներ248 +
Վիրավորներ2633
 2017 Puebla earthquake Վիքիպահեստում

Երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին։ 32 տարի առաջ հենց այդ օրը Մեքսիկայում տեղի էր ունեցել մեկ այլ ավերիչ երկրաշարժ, որի ժամանակ զոհվել էր ավելի քան 10 000 մարդ[5][6]։

«Reuters» լրատվական գործակալությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի մայրաքաղաք Մեխիկոյում զոհերի թիվը հասել է 117-ի։ Քաղաքապետի խոսքերով, 44 շենքեր խիստ վնասվել են կամ փլուզվել, այդ թվում դպրոցներ և բնակելի շենքեր[7]։

Վերջին երկու շաբաթների ընթացքում սա երկրորդ ավերիչ երկրաշարժն էր, որը տեղի է ունեցել Մեքսիկայում։ Առաջինը տեղի էր ունեցել Չիապասում, որի ժամանակ զոհվել էր առնվազն 33 մարդ։

Երկրաշարժի օջախը եղել է 51 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 8-9 բալ[8]։ «The Guardian»-ի փոխանցմամբ, զոհերի թիվը հասել է առնվազն 248-ի, որոնցից 22-ը դպրոցականներ են[9]։

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն հայտարարել է, որ դպրոցներից մեկի փլատակների տակից դպրոցականների 22 դիեր են հայտնաբերվել։ Եվս 30-ը համարվում են անհետ կորած[10]։ «CNN»-ի փոխանցմամբ, ամբողջ գիշեր մարդիկ ձեռքերով փորել են, հեռացրել քարերը՝ հույս ունենալով, որ կարող են փրկել մարդկանց[11]։

Ծանոթագրություններ