Ռազմական գործ

Ռազմական գործ[1] — հավաքական տերմին է, որն ընդգրկում է խաղաղ և պատերազմական ժամանակում պետության զինված ուժերի կառուցման (բանակաշինության), նախապատրաստության և գործողություններին, ինչպես նաև պատերազմի դեպքում քաղաքացիական բնակչության նախապատրաստմանն առնչվող տեսական և գործնական հարցերը։ Նեղ իմաստով ռազմական գործն իրենից ներկայացնում է իրենց ռազմական պարտքը հաջողությամբ կատարելու համար զինծառայողներին և զինապարտներին անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների համակարգ[2]։

Պրուսիայի արքայական ռազմական ակադեմիայի պետը՝ գեներալ Կարլ ֆոն Կլաուզևիցը՝ ռազմական գործի նոր ժամանակների խոշորագույն տեսաբաններից մեկը

Ռազմական գործ տերմինը հայերենում ստեղծվել է ռուսերենի համապատասխան տերմինի (военное дело) ազդեցությամբ։ Շատ այլ լեզուներում տվյալ տերմինը հաճախ բացակայում է։ Ընդ որում, դրա փոխարեն կան և կիրառվում են «ռազմական գիտություն» («ռազմական հետազոտություններ», «ռազմական գիտություններ») և «ռազմարվեստ (ռազմական արվեստ)» առավել հատուկ տերմինները։

Պատմություն

Հին Չինաստանի նշանավոր ռազմագետ Սուն Ձըի «Պատերազմի արվեստը» տրակտատը:
Ուշ հռոմեական կայսրության ռազմական տեսաբան Պուբլիոս Փլաբիոս Ռենատոս Վեգեցիոսի «Ռազմական գործի համառոտ շարադրանք» աշխատության՝ միջնադարյան Իտալիայում պատճենված օրինակը. Մեդիչիա Լաուրենցիանա գրադարանում, Տոսկանա, 1250-1375 թթ.: Mulomedicina (1250-1375 ca., Biblioteca Medicea Laurenziana, pluteo 45.19)
Ռազմական գործը պարզ է և լիովին մատչելի մարդու առողջ բանականությանը։ Սակայն պատերազմելը բարդ է:
- Պրուսիայի արքայական ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Կարլ Ֆիլիպ Գոթլիբ ֆոն Կլաուզևից

Ռազմական գործը ներկա է մարդկության ամբողջ պատմության ընթացքում, քանզի ռազմական գործը շոշափել է մարդկության արմատական շահերը։ Մ.թ.ա. 3600 թվականից մինչև մ.թ. 1980 թվականն ընկած ժամանակահատվածի ընթացքում տեղի է ունեցել մոտավորապես 1455 պատերազմ, այդ թվում՝ երկու համաշխարհային պատերազմ, որոնց ընթացքում սպանվել է, սովից և համաճարակից մահացել է ավելի քան 3, 6 միլիարդ մարդ։ Ռուս գիտնական Ն. Պ. Միխնևիչի հաշվարկներով՝ մարդկության պատմության ընթացքում ամբողջ մարդկության խաղաղ կյանքի մեկ տարվան բաժին է ընկել պատերազմի միջին հաշվով 13 տարի[3]. Կոնֆլիկտները հասարակության (պետության) ներսում և հասարակությունների ու պետությունների միջև ծագել են մարդկային հասարակության զարգացման բոլոր փուլերում և որոշակի ազդեցություն են գործել նրա զարգացման վրա։

Ռազմական գործը հասարակության մեջ սկսել է մշակվել այնպես, ինչպես և մարդականց բոլոր մնացած զբաղմունքները, որոնք ուղղված են, նախ և առաջ, կենսականորեն կարևոր այնպիսի գործառույթների պահպանմանը, ինչպիսիք են կյանքի, տոհմի, ազատության պահպանումը։

Այս կամ այն պետությունում կամ հասարակությունում, որոշակի պատմական դարաշրջանում ռազմական գործի կազմի, զարգացման և բովանդակության վրա ազդել են բազմաթիվ գործոններ, նախ և առաջ այնպիսիք, ինչպիսիք են պետության սոցիալական և քաղաքական կարգը, արդյունաբերական արտադրության զարգացման մակարդակը, գիտության և կրթության զարգացման մակարդակը, բնակչության մշակութային ավանդույթները, պետությունում հասարակության հոգևոր վիճակը։ Ընդհանուր առմամբ ռազմական գործի բովանդակությունը, զարգացման և կատարելագործման հիմնական ուղղությունները ցանկացած պետությունում ունեն ընդհանուր գծեր, որոնք բխում են համաշխարհային զարգացման օբյեկտիվ օրինաչափություններից։ Դրա հետ միասին նրանք ունեն նաև էական տարբերություններ, որոնք պայմանավորված են պետության աշխարհագրական դիրքով, ազգաբնակչությամբ, տնտեսական գործունեությամբ, արտաքին սպառնալիքների բնույթով։

Ռազմական գործն սկսում է էական դեր խաղալ շատ էթնո-մշակութային կազմավորումների սոցիալ-քաղաքական կյանքում զանազան պատճառներով. դա պայքար էր կենսական տարածության համար, տարածաքի համար, կամ էլ ռազմական գործը դառնում էր գործունեության տեսակ, որի դեպքում հնարավոր էր դառնում այս կամ այն մշակութա-պատմական ընդհանրության բարօրության աճը (կամ համենայն դեպս, այդ ընդհանրության մի մասի բարօրության աճը), նաև եղել է եկամտի աղբյուր և վերջապեսէ գոյատևման միջոց՝ էթնոսի համար ծայրահեղ իչրավիճակներում։

Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում, Հին Հնդկաստանում, Հին Չինաստանում, իսկ ապա և Հին Հռոմում հայտնվել են ռազմական գործի վերաբերյալ տեսական աշխատություններ, որոնց առանձին դրույթներն առ այսօր չեն կորցրել իրենց կարևորությունը։

Հայաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում

Պետությունում

Ռազմական գործը Ռուսաստանում, իսկ նրան հետևելով, նաև Հայաստանում հանդիսանում է մի տերմին, որը լայն ընմբռնմամբ ներառում է ռազմական տեսության և ռազմական պրակտիկայի (գործունեության) բոլոր հարցերը, որոնք կապված են խաղաղ և ռազմական ժամանակ պետության զինված ուժերի շինարարության (բանակաշինություն), նախապատրաստման և գործողությունների հետ, ինչպես նաև պատերազմի դեպքում բնակչության նախապատրաստման հետ։ Ռազմական գործն իր մեջ ընդգրկում է հետևյալ բաղադրիչները.

  • Ռազմական շինարարություն կամ բանակաշինություն[1] — այսինքն՝ ռազմական գործի այն մասը, որը ներառում է աշխարհում և տվյալ երկրում ներքին ու արտաքին պայմաններին համապատասխան պետության զինված ուժերի կառուցման (կազմավորման և բարեփոխման), գործընթացը, պետության ռազմական կազմակերպության ստեղծման ու կատարելագործման տնտեսական, սոցիալ-քաղաքական, ռազմական և այլ փոխկապակցված միջոցառումները.
  • Ռազմական կառավարում[1] — այսինքն՝ պետության կառավարման այն բաղկացուցիչ մասը, որը վերաբերում է խաղաղ և ռազմական ժամանակ զինված ուժերի, զորքերի, ուժերի նախապատրաստմանը և կառավարմանը և բնակչության նախապատրաստմանը պատերազմի պարագայում.
    • Ռազմական կառավարում (զորքերի կառավարում, ուժերի կառավարում).
    • Բնակչության ռազմական պատրաստություն.
      • Նախնական ռազմական պատրաստություն.
      • Պետության զորահավաքային հնարավորությունների նախապատրաստում, Պահեստազորայինների նախապատրաստում և զորահավաք.
  • Ռազմական իրավունք[1] — իրավունքի այն ճյուղը, որը լայն ընբռնմամբ ընդգրկում է բոլոր այն իրավական հարցերը, որոնք առնչվում են ռազմական գործին, պետության սահմանած, հաստատած իրավական նորմերի համակարգը, որոնք ամրագրում են զինված ուժերի գոյության, գործունեության սկզբունքներն ու ձևերը, կարգավորում են զինված ուժերի կառուցման, կյանքի, կենցաղի և գործունեության բնագավառում գոյություն ունեցող հարաբերությունները և որոշում են զինծառայողների, զինապարտների և հասարակության այլ մասնակիցների իրավունքներն ու պատասխանատվությունը, ռազմական գործի ոլորտում հարաբերությունները.
    • Խաղաղ ժամանակվա փաստաթղթերը (օրենքները).
      • Ռազմական դոկտրինը — ռազմական անվտանգության ոլորտում պետության քաղաքականության մասին հռչակագիրը. պետության ղեկավարության այն պաշտոնական հայացքների և դրույթների համակարգը, որը սահմանում է խաղաղ և պատերազմական ժամանակում պետության նախապատրաստման և գործողությունների, ռազմական շինարարության ուղղությունը. այլ կերպ ասած՝ Ռազմական դոկտրինը (военная доктрина, military doctrine) հիմնարար սկզբունքների համակարգ է, որոնցով ի շահ ազգային նպատակների առաջնորդվում են ԶՈՒ-ն կամ նրա որևէ մասը, պետություններում (պետությունների դաշնադրությունում) քաղաքական նպատակներով օգտագործվող ռազմական բռնության միջոցների օգտագործման, ռազմական խնդիրների բնույթի ու դրանց լուծման եղանակների, ռազմական շինարարության հիմնական ուղղությունների վերաբերյալ տվյալ շրջանի համար ընդունված պաշտոնական տեսակետների համակարգ է.[4][5].
    • Ռազմական ժամանակվա փաստաթղթերը (օրենքները).
  • Ռազմական քաղաքականությունը[1] —պետության, նրա հաստատությունների, ինչպես նաև կուսակցությունների և այլ սոցիալ-քաղաքական հաստատությունների ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչ մասն է, որն անմիջականորեն կապված է ռազմական կազմակերպվածքի ստեղծման, զինված բռնության միջոցների պատրաստման ու քաղաքական նպատակներով կիրառման հետ[2][6][7].
  • Ռազմական տնտեսություն[1] — պետության տնտեսության առավել կարևոր և զարգացած բնագավառը, որը լայն ըմբռնմամբ ընդգրկում է ռազմական գործի բոլոր տնտեսական հարցերը, ապահովում է պետության ռազմական (պաշտպանական) ներուժը.
    • Ռազմական արտադրություն[8] — պետության արտադրության (արդյունաբերության) բնագավառ, որը հանդիսանում է այն բոլոր գիտահետազոտական, փորձարարական հիմնարկությունների, կազմակերպությունների և արտադրական ձեռնարկությունների ամբողջությունը, որոնք կատարում են պետության զինված ուժերի և այլ ուժային կառույցների համար սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ու այլ գույքի մշակում, փորձարկում, արտադրություն և ուտիլիզացում.
  • Զինված ուժերի թիկունք — պետության զինված ուժերի բաղկացուցիչ այն մասը, որն ապահովում է զինված ուժերի դրված խնդիրները.
  • Ռազմարվեստ (ռազմական արվեստ)[1] — ցամաքում, ծովում և մերձերկրյա տարածությունում ռազմական գործողությունների, մարտական գործողությունների նախապատրաստման և վարման տեսությունն ու պրակտիկան է, ռազմական գործի բաղկացուցիչ մասը[2]. Ռազմարվեստի տեսությունը ռազմական գիտության մասն է։ Ռազմարվեստն ընդգրկում է ռազմավարությունը, օպերատիվ արվեստը մարտավարությունը, որոնք սերտ կապված են միմյանց։ Ռազմարվեստի հիմնական դրույթներն արտահայտվում են իր սկզբունքներում, որոնք ընդհանուր են թե՛ ռազմավարական, թե՛ օպերատիվ և թե՛ մարտավարական մասշտաբի ռազմական գործողությունների համար, քանզի նրանցում իրենց արտահայտությունն են գտնում պատերազմի և զինված ուժերի օբյեկտիվ օրենքների գործնական կիրառման ուղիները։ Ռազմարվեստի վիճակը կախված է պետությունում ռազմական գործի, պաշտպանական արտադրության և զինված պայքարի միջոցների զարգացման մակարդակից, պետության հասարակարգի բնույթից։ Ռազմարվեստի զարգացման վրա ազդեցություն են գործում պատմական և ազգային առանձնահատկությունները, աշխարհագրական պայմանները և ռազմական տնտեսությունը։
  • Ռազմական գիտություն, ռազմագիտություն[1] կամ գիտություն պատերազմի մասին — գիտության մի բնագավառ է, որն իրենից ներկայացնում է պետությունների, պետությունների դաշնախմբերի կամ դասակարգերի կողմից՝ քաղաքական նպատակներին հասնելու համար պատերազմի նախապատրաստման և վարման վերաբերյալ գիտելիքների համակարգ. ռազմական գիտությունը հանդիսանում է ռազմական գործի բաղկացուցիչ մասերից մեկը.
    • Ռազմարվեստի տեսություն
      • Ռազմական ռազմավարություն կամ ռազմական ստրատեգիա (ռազմավարական արվեստի տեսություն) — գիտություն է համաշխարհային մասշտաբով ռազմական գործողությունների (պատերազմի) վարման մասին, ռազմարվեստի բնագավառներից մեկը. ընդգրկում է ռազմական գործողություններին նախապատրաստության տեսության և պրակտիկայի հարցերը (պատերազմին), դրանց պլանավորումն ու վարումը.
      • Օպերատիվ արվեստ (Օպերատիվ արվեստի տեսություն)— ռազմաբեմի մասշտաբով ռազմական գործողությունների վարման մասին գիտություն, որը հանդիսանում է ռազմարվեստի (ռազմական արվեստի) բաղկացուցիչ մասը, զբաղեցնում է միջանկյալ դիրք մատավարության և ռազմական ռազմավարության (ռազմական ստրատեգիայի) միջև։ Ուսումնասիրում է խոշոր ռազմական կազմավորումների, այսինքն՝ բանակային կորպուսների, միավորումների, բանակների, բանակախմբերի, ռազմաճակատների, ռազմաճակատների խմբերի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կողմից համատեղ և ինքնուրույն ռազմական օպերացիաների (մարտական գործողությունների) նախապատրաստության և վարման մեթոդները։
      • Մարտավարության տեսություն, մարտավարություն (հին հունարեն՝ τακτικός «զորքերի շարվելուն վերաբերվող» τάξις «շարք և տեղաբաշխում» բառերից) — «զորքերի շարմանը վերաբերվող», ծագում է τάξις «շարք և տեղաբաշխում» բառերից) — տեսական և գործնական գիտություն է, ռազմարվեստի բաղկացուցիչ մասը, որն ընդգրկում է զինված ուժերի, դրանց տեսակների, զորատեսակների (ուժերի) և հատուկ զորքերի զանազան զորամիավորումների (բրիգադ, դիվիզիա, բանակային կորպուս), զորամասերի (նավերի) և ռազմական ստորաբաժանումների կողմից ցամաքում, օդում ու ծովում և տիեզերքում մարտի նախապատրաստման և վարման պրակտիկան։ Մարտավարության տեսությունը կամ մարտավարությունը՝ տակտիկան, հանդիսանում է ռազմա-տեսական գիտաճյուղ։ Այն ընդգրկում է մարտական գործողությունների բոլոր տեսակների, այսինքն՝ հարձակման, պաշտպանության, հանդիպական մարտի, նաև մարտավարական վերախմբավորումների և այլնի ուսումնասիրումը, մշակումը և նախապատրաստումը։
      • Ռազմաինժեներական արվեստ (հնացած ձևը՝ ռազմաինժեներական գործ) կամ ռազմաճարտարագիտական արվեստ — ռազմարվեստի (ռազմական արվեստի) այն մասը, որն ընդգրկում է զինված պայքարի նախապատրաստության և վարման ինժեներական (ճարտարագիտական) ապահովման տեսությունն ու պրակտիկան, մասնավորապես՝ ռազմական օբյեկտների, հաղորդակցության ուղիների, ամրությունների և կամուրջների նախագծումն ու շինարարությունը, զորքերի ապահովումը ջրով, էներգիայով և օժանդակ միջոցներով, յուրային զորքերի առաջխաղացման դյուրացման և հակառակորդի զորքերի առաջխաղացման խոչընդոտման նպատակով սովորական պայթուցիկ նյութերի, այդ թվում ականների կիրառումն ու վնասազերծումը, ինչպես նաև ինժեներական ապահովման այլ հարցերը։ Բացի այդ, ռազմաինժեներական արվեստի մեջ են մտնում նաև վերոհիշյալ խնդիրների համար անհրաժեշտ սարքավորման, այդ թվում քողարկման ու ծածկման, ապաստարանային միջոցների նախագծումն ու մշակումը։
      • Ռազմածովային արվեստը — ռազմարվեստի (ռազմական արվեստի) այն մասը, որն ընդգրկում է ծովում զինված պայքարի նախապատրաստման ու վարման տեսությունն ու պրակտիկան։ Ռազմածովային արվեստը կազմված է ռազմածովային նավատորմի ռազմավարական օգտագործումից, օպերատիվ արվեստից և ռազմածովային նավատորմի մարտավարությունից։
    • Ռազմական կառավարում և ռազմական շինարարության տեսություն — իրենից ներկայացնում է մարտական գործողությունների ժամանակ զինված ուժերի, զորքերի և ուժերի ղեկավարման, ինչպես նաև խաղաղ ժամանակ նրանց կենսագործունեության կառավարման ու շինարարության էության, օրինաչափությունների, սկզբունքների, ձևերի և եղանակների մասին գիտական գիտելիքների համակարգ։
      • Զորահավաքային պատրաստություն կամ մոբիլիզացիոն պատրաստություն,
      • Ամենօրյա գործունեության կազմակերպում,
      • Ռազմական պատմություն — աշխարհի պետությունների և ժողովուրդների զինված ուժերի և ռազմական կազմավորումների ծագման, շինարարության և գործողությունների մասին գիտություն.
        • Ռազմարվեստի պատմություն.
        • Հայրենական ռազմական պատմություն.
        • Արտասահմանյան ռազմական պատմություն.
      • Ռազմական օրենսդրություն (Ռազմական իրավունք).
      • Ռազմական վիճակագրություն.
      • Ռազմական աշխարհագրություն.
      • Ռազմական տեղագրություն.
      • Ռազմական երկրաբանություն.
    • Ռազմական ուսուցման և դաստիարակության տեսություն.
      • Օպերատիվ պատրաստություն.
      • Մարտական պատրաստություն.
        • Ընդհանուր ռազմական պատրաստություն (Համառազմական պատրաստություն, (ՀՌՊ)).
          • Ռազմական մանկավարժություն (ՌՄ).
          • Ռազմական հոգեբանություն (ՌՀ).
          • Համազորային կանոնադրություններ (ՀԶԿ).
          • Շարային պատրաստություն (ՇՊ).
          • Ֆիզիկական պատրաստություն (ՖՊ).
          • Բժշկական պատրաստություն (ԲՊ).
          • Ռազմաինժեներական պատրաստություն (Ռազմաճարտարագիտական պատրաստություն, (ՌԻՊ), (ՌՃՊ)).
          • Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանություն (Ռադիացիոն, տարրաբանական, կենսաբանական պաշտպանություն, (ՌՔԿՊ)).
          • Էլեկտրական կապ, (Կապ, (Կապ)).
          • Ռազմական տեղագրություն (ՌՏ).
      • Ներդաշնակում և փոխգործակցություն.
    • Ռազմական տնտեսության և թիկունքի տեսություն (մատակարարում, ապահովում)
      • Ռազմական տնտեսության տեսություն.
        • Պաշտպանական արտադրության տեսություն.
      • Թիկունքային ապահովում կամ լոգիստիկա.
      • Ռազմական տրանսպորտ կամ ռազմական փոխադրամիջոցներ.

Զինված ուժերում

Բանվորագյուղացիական կարմիր բանակի՝ ԲԳԿԲ գերազանցիկ, 1939 թվական:
ՌԾՆ-ի գերազանցիկ, 1939 թվական:

Այլ պետություններում

Արտասահմանյան պետություններում «ռազմական գործ«» տերմինը բացակայում է։ Դրա փոխարեն կա «ռազմական գիտություն» տերմինը կամ այլ տերմիններ՝ «ռազմական հետազոտություններ», «ռազմական գիտություններ», երբեմն էլ դրանց փոխարեն օգտագործվում է «ռազմական արվեստ» տերմինը։ Ռուսաստանում և նրան հետևելով՝ Հայաստանում և ԱՊՀ մյուս պետություններում, նշված տերմիններն ունեն առանձին նշանակություններ, որոնք վերևում ցույց են տրվել։ Ստորև ներկայացված են ռազմական գործի առավել նշանակալից արտասահմանյան մոդելները։

Պրուսական (գերմանական) մոդելը

Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում և Հարավային Ամերիկայի մի շարք պետություններում ռազմական հետազոտությունները (կամ ռազմական գիտությունները՝ գերմ.՝ Militärwissenschaften) նշանակում են այն ամենը, ինչ վերաբերվում է ռազմարվեստին (ռազմական արվեստին), ռազմական գիտություններին և պատերազմների պատմությանը (ռազմական գործողությունների պատմությանը), այլ կերպ ասած՝ ռազմական պատմությանը։ռազմարվեստը (ռազմական արվեստը) ուսումնասիրում է պատերազմների օրենքների զարգացումը, իր մեջ ընդգրկում է պատերազմի միջոցներով — զինված ուժերի միջոցով (ռազմական շինարարության միջոցով՝ զորքերի, ամրոցների, նավատորմի կազմակերպման, ղեկավարման, սպառազինման ու հանդերձման) իրականացվող պատերազմի նպատակների (ռազմական քաղաքականության) ուսումնասիրությունը։

Ռազմական գիտություններն ընդգրկում են պատերազմի, պատերազմի միջոցների (զինված ուժերի) օգտագործման դոկտրինաները, ռազմավարությունը (պատերազմի (ռազմական գործողությունների) գիծը և մարտավարությունը (զորքերի առանձին տեղաշարժերի կատարումը (ռազմերթեր) և ճակատամարտերի վարումը)։Ռազմական պատմությունն ուսումնասիրում է պատերազմների (ռազմական գործողությունների) պատմությունը և պատերազմներից (ռազմագործողություններից) արվող եզրակացությունները։Ի լրումն գործնական կամ պրակտիկ ռազմական գիտությունների օգտագործվում են այլ (օժանդակ) գիտություններ (ամրաշինություն կամ ֆորտիֆիկացիա, սպառազինություն և այլն)։Ի լրումն ռազմական գիտություններին նախատեսվում է օգտագործել այլ գիտությունների մասերը, որոց իմացությունը բխում է ռազմական անհրաժեշտությունից (ռազմական աշխարհագրություն, ռազմական երկրաբանություն և այլն)։

Անգլոսաքսոնական մոդելը

ԱՄՆ-ի զինված ուժերի տարածքային միացյալ ռազմական հրամանատարությունների պատասխանատվության գոտիները (դեկտեմբեր 2008 թվական)

Մեծ Բրիտանիայում, մասնավորապես՝ Անգլիայում, ինչպես նաև անգլոսաքսոնական աշխարհի այլ երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և մյուսներում ռազմական գիտությունը (անգլ.՝ Military science) իրենից ներկայացնում է ռազմական հզորության ստեղծման նպատակով պետության ազգային պաշտպանական քաղաքականության իրականացման գործընթացը, որին ներգրավվում են ռազմական գիտնականները, այդ թվում՝ տեսաբանները, հետազոտողները, փորձարար գիտնականները, կիրառական գիտնականները, կոնստրուկտորները, փորձեր կատարող ինժեներները կամ ճարտարագետները, ինչպես նաև այն զինծառայողները, որոնք պատասխանատու են սպառազինությունների նախատիպերի ստեղծման համար։ Այդ կերպ վարվելով, ռազմական գիտությունը ձգտում է ռազմական քաղաքականությունը ինտերպրետացնել այնպիսի ռազմական հմտությունների և կարողությունների մեջ, որոնք կիրառելով ռազմական հայեցակարգերը և ռազմական մեթոդները, կարելի է օգտագործել ռազմական տեխնոլոգիաներում, զենքի ռազմական համակարգերում և այլ ռազմական հարցերում՝ պետության պահանջվող ռազմական ներուժը ստեղծելու համար։ Պետության ռազմական ներուժ հասկացությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ։ Ռազմական քաղաքագիտությունում տարբեր տեսակետներ կան պետության ռազմական ուժի (ՊՌՈՒ) էության սահմանման, ՊՌՈՒ-ի կառուցվածքի և այլ հասկացությունների հետ, մասնավորապես՝ «ռազմական հզորություն» և «ռազմական ներուժ» հասկացությունների հետ ՊՌՈՒ-ի հարաբերակցության վերաբերյալ։ Ռազմական քաղաքագետներից ոմանք ՊՌՈՒ-ն նույնացնում են պետության ռազմական հզորության (ՊՌՀ) հետ։ Մյուսները գտնում են, որ ՊՌՈՒ-ն գոյություն ունի երկու բաղադրիչների դիալեկտիկական միասնության մեջ։ Այդ բաղադրիչներից մեկը պետության ռազմական ներուժն է (ՊՌՆ), իսկ մյուսը՝ պետության ռազմական հզորությունը (ՊՌՀ)[9]։ Ընդ որում՝ ՊՌՆ-ն ռազմական ոլորտում պետության ունեցած հնարավորություններն են, իսկ ՊՌՀ-ն իրենից ներկայացնում է պետության ընդունակությունները՝ օգտագործելու իր ՊՌՆ-ն՝ ուղղակի կամ անուղղակի կերպով։ Այսպիսով ՊՌՈՒ-ն չի նույնանում ՊՌՀ-ի հետ, այլ, կոպիտ ասած, հանդիսանում է ՊՌՀ-ի և ՊՌՆ-ի գումարը[9]։ ՊՌՈՒ-ի էության և կառուցվածքի վերլուծության նկատմամբ հիմնական մոտեցումը հանդիսանում է ՊՌՈՒ-ի հետ կապված ելակետային հետևյալ հասկացությունների ի հայտ բերումն ու պարզաբանումը. «հզորություն», «ներուժ», «գործոն»։ Հայտնի է, որ հասարակական կյանքի այս կամ այն բնագավառում պետության ունեցած ներուժն ներառում է տվյալ բնագավառում տվյալ պետության առավելագույն հնարավորությունները։ Դիտարկվող ասպեկտում ներուժն արտահայտում է տնտեսության, գիտության, սոցիալ-քաղաքական և գաղափարախոսական հարաբերությունների և, անշուշտ, պետության ռազմական այն միջոցների քանակական և որակական հնարավորությունները, որոնք կարող են տրամադրվել կամ հատկացվել պատերազմի վարման համար[9]։

  • Ռազմական արվեստի պատմություն.
  • Զորքերի (ուժերի) կազմը, կիրառումը և ուսուցումը.
    • Ռազմական կազմակերպվածք.
    • Ուժերի (զորքերի) կառուցվածքայնացում.
    • Մասնագիտական պատրաստություն և ռազմական կրթություն.
  • Ռազմական մեթոդներ և հայեցակարգեր.
    • Ռազմական պատմություն.
    • Ռազմական դոկտրին և ռազմավարություն[10].
    • Ռազմական աշխարհագրություն.
  • Ռազմական համակարգեր.
    • Ռազմական հետախուզություն.
    • Ռազմական լոգիստիկա.
    • Ռազմական սարքավորում և տեխնիկա.

Տես նաև

  • Ռազմական կառավարում
  • «Ռազմական գործ» հանդես, ռուսերեն՝ «Военное дело» — ամենշաբաթյա ռազմա-գիտական հանդես, հրատարակվել է 1918 թվականի հունիսից մինչև 1920 թվականի հուլիսը (1920 թվականի մարտից կոչվում էր «Բանվորագյուղացիական կարմիր բանակի ռազմա-գիտական հանդես», ռուսերեն՝ «Военно-научный журнал РККА»)։ Այդ հանդեսի նախորդն էր «Ռազմական գիտություն և հեղափոխություն» հանդեսը, ռուսերեն՝ «Военная наука и революция»[11].
  • «Ռազմական գործ». հեռուստահաղորդում. ռուսերեն՝ «Военное дело» — телевизионная программа: Եթեր է հեռարձակվել ռուսական ՆՏՎ ալիքով՝ 2003 թվականից մինչև 2005 թվականը։
  • Բյուզանդիայի ռազմական գործը
  • Ռազմական գործերի հավատարմատար
  • Ռազմական ստրատեգիա

Ծանոթագրություններ

Գրականություն

Հանրագիտարաններ

  • Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Военное дело(չաշխատող հղում) // Вавилон — «Гражданская война в Северной Америке» / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1979. — (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 2).;
  • Военный энциклопедический словарь (ВЭС), М., ВИ, 1984 г., 863 стр. с иллюстрациями (ил.), 30 листов (ил.);
  • «Военный энциклопедический словарь» (ВЭС), М., ВИ, 2007 г.;
  • Морской атлас Министерства Обороны СССР (Том 3), Издание Главного Штаба Военно-Морского Флота, 1958.

Ուսումնական ձեռնարկներ և գիտական երկեր

Հրապարակախոսություն

Պատմական գրականություն

  • Փլաբիոս Վեգեցիոս Ռենատոս, Ռազմական գործի համառոտ շարադրանք (ռուս.՝ Флавий Вегеций Ренат. Краткое изложение военного дела., բնագիրը՝ լատին․՝ Publius Flavius Vegetius Renatus, Epitoma rei militaris) Краткое изложение военного дела.
  • Մաքս Յեհնս, Ռազմարվեստի պատմություն. հիմանականում Գերմանիայում, հատոր 1-3, Մյունխեն և Լեյպցիգ, 1889-1891 (գերմ.՝ Max Jähns: Geschichte der Kriegswissenschaften, vornehmlich in Deutschland, I—III, München und Leipzig 1889—1891) (= Geschichte der Wissenschaften in Deutschland: Neuere Zeit, 21), Neudruck Hildesheim 1965

Արտաքին հղումներ