Ռումինիայի անկախության պատերազմ

Ռումինիայի անկախության պատերազմ (ռումիներեն՝ Războiul de Independență al României), 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ընթացքում ռուսական կողմին զինակցություն ցուցաբերող Մոլդովայի և Վալախիայի միացյալ իշխանության ռումինական ապստամբ ուժերի պայքարն ընդդեմ Օսմանյան կայսրության[1]։ 1877 թվականին Ռումինիայի և Ռուսաստանի միջև կնքվում է Բուխարեստի պայմանագիրը[2], որով կայսերական բանակին թույլատրվում էր հատել իշխանության տարածքը՝ հարգելով Վալախիայի և Մոլդովայի ռումինական միացյալ իշխանության տարածքային ամբողջականությունը։

Ռումինիայի անկախության պատերազմ
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմ

Ռումինական բանակի վերադարձը Բուխարեստ
Թվականապրիլի 24, 1877-մարտի 3, 1878
ՎայրԲալկանյան թերակղզի
ԱրդյունքԴաշնակիցների հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Օսմանյան Թուրքիան Դոբրուդջան հանձնում է Ռումինիային

Ռումինիան հարավային Բեսարաբիան հանձնում է Ռուսաստանին

Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Ռուսական
կայսրություն

դաշնակիցներ՝
Օսմանյան կայսրություն Օսմանյան Թուրքիա

Այս քայլով Ռումինիան ակնհայտորեն ընդգծում էր իր հակաթուրքական կեցվածքը և անուղղակիորեն պատերազմ հայտարարում Օսմանյան կայսրությանը։ Գիտակցելով այդ ամենը, տեղի իշխանությունները նույն տարում երկրում անցկացնում են զորահավաք, որի արդյունքում հավաքագրված 120 հազար զինվորները կանգնեցվում են Դանուբի հարավային հատվածում՝ օսմանյան հնարավոր հարձակումը կանխելու համար։

1877 թվականի ապրիլի 24-ին Ռուսական կայսրությունը պաշտոնապես պատերազմ է հայտարարում Թուրքիային՝ իր զորքերը նորակառույց Էյֆելյան կամուրջի միջոցով մտցնելով Ռումինիա։ Նախքան ռուսների կողմից ռազմական գործողությունների սկսման իրազեկումը՝ թուրքերը ռումինական ճակատային գծում արդեին իսկ սանձազերծել էին պատերազմական գործողությունները՝ հրետակոծելով Դանուբի ռումինական քաղաքները[3]։ Գործնականում օսմանցիները հիմնականում ընտրում էին պասիվ պաշտպանողական մարտավարություն` ստրատեգիական առավելությունը թողնելով ռուսներին, որոնք որոշ սկզբնական սխալներից հետո այնուամենայնիվ կարողանում են գտնել հաղթական մարտավարությունը։

Նախքան պատերազմի սկսվելը՝ թուրքերը ռազմակալել էին Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանությունը՝ վերջինիս ներառելով իրենց ազդեցության ոլորտում։ 1877 թվականի մայիսի 10-ին, հաշվի առնելով ռազմական հաջողությունները, Ռումինիան հռչակում է իր անկախությունը Օսմանյան Թուրքիայից։ Ռումինական բանակը մարտերի ընթացքում ևս քանիցս օժանդակում է ռուսական կայազորներին, որին էլ հետևում է անկախության պատերազմի հաղթական ավարտը։ Առճակատումների արդյունքներն ամփոփելու համար 1878 թվականին Սան Ստեֆանոյում կնքվում է պայմանագիր, որը սակայն շուտով վերանայվում է Բեռլինի վեհաժողովում։ Պատերազմի արդյունքում Ռումինիան ձեռք է բերում Դոբրուդջանի երկրամասը՝ Կոնստանցա նավահանգստով, սակայն և հարավային Բեսարաբիան զիջում է Ռուսաստանին[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումինիայի անկախության պատերազմ» հոդվածին։