Սիլուրի ժամանակաշրջան

Սիլուրի ժամանակաշրջան (սիլուր), երկրաբանական ժամանակաշրջան, պալեոզոյան դարաշրջանի երրորդ ժամանակաշրջանը։ Հաջորդել է օրդովիկին և նախորդել դևոնի ժամանակաշրջանին։ Սկսվել է 443,8 ± 1,5 մլն տարի առաջ և ավարտվել 419,2 ± 3,2 մլն տարի առաջ[1]՝ տևելով շուրջ 25 մլն տարի։ Պալեոզոյի ամենակարճ ժամանակաշրջանն է։ Սահմանել է անգլիացի երկրաբան Ռոդերիկ Մուրչիսոնը 1835 թվականին Մեծ Բրիտանիայում (տիպային տարածքը՝ Ուելսի սահմանային մարզ)։ Հետագայում ստորին մասն առանձնացվել է որպես ինքնուրույն՝ օրդովիկի ժամանակաշրջան։ «Սիլուր» անվանումը պահպանվել է միայն վերին մասի համար և այդ ծավալով էլ հաստատվել Երկրաբանական միջազգային կոնգրեսի XXI նստաշրջանում (Կոպենհագեն, 1960)։ Սիլուրի ժամանակաշրջանը ստորաբաժանվում է երկու մասի` ստորին, որն ընդգրկում է լլանդովերի և ուենլոկի, և վերին, որն ընդգրկում է լուդլովի և պրժիդոլի (դաունտոնի) հարկերը։

Այդ ժամանակաշրջանին վերաբերող ապարների համալիրը կոչվում է սիլուրի համակարգ[2]։

Սիլուրի ստորին սահմանը որոշվում է խոշորամասշտաբ բնաջնջմամբ, որի արդյունքում անհետացել է օրդովիկում գոյություն ունեցած ծովային օրգանիզմների տեսակների շուրջ 60 %-ը, և որը կոչվում է օրդովիկ-սիլուրյան բնաջնջում։ Չարլզ Լայելի օրոք (19րդ դարի կեսեր) սիլուրը համարվել է ամենահին երկրաբանական դարաշրջանը[3]։ Կոչվել է հին կելտական ցեղի՝ սիլուրների անունով, որոնք ապրում էին Մեծ Բրիտանիայում՝ Ուելսի սահմանային մարզում[4], և որոնց բնակության վայրերում անցկացվել են տվյալ ժամանակաշրջանի առանձնացմանը նպաստած երկրաբանական ուսումնասիրությունները։

Սիլուրի սիստեմի ենթաբաժիններ

Ռ. Մուրչինսոն (1792-1871)

Շոտլանդացի երկրաբան Ռոդերիկ Մուրչիսոնը սիլուրի դարաշրջանն առանձնացրել է 1835 թվականին հիմնվելով հարավային Ուելսի տարածքում կատարված վաղ պալեոզոյան ուսումնասիրությունների արդյունքների վրա, որ նա անցկացրել է 1831 թվականից սկսած։ Համակարգը նա կոչել է ի հիշատա սիլուրների (լատին․՝ silures)՝ կելտական ցեղի, որը երկաթի դարում բնակվել է ժամանակակից հարավային Ուելսի տարածքում ու Անգլիային հարող շրջաններում և մեր թվարկության I դարում անողոքաբար դիմադրել հռոմեական նվաճմանը։ Անվանումն ընդհանուր շրջանառության մեջ է դրվել 1839 թվականին Մուրչիսոնի՝ «The Silurian System» դասական աշխատության հրատարակումից հետո[5][6]։

Ըստ Մուրչիսոնի նախնական հայեցակարգի՝ սիլուրի ժամանակաշրջանն ընդգրկել է նաև այն ժամանակաշրջանը, որ ներկայում կոչվում է օրդովիկի. ինքնուրույն օրդովիկի ժամանակաշրջանն առանձնացվել է միայն 1879 թվականին անգլիացի երկրաբան Չարլզ Լապվորտի (անգլ.՝ Charles Lapworth) կողմից[6][7]։ Սակայն երկար ժամանակ այն սովորաբար դիտարկվել է որպես սիլուրի ստորին (օրդովիկյան) բաժին։ 1960 թվականին Կոպենհագենում անցկացված Երկրաբանական միջազգային կոնգրեսի 21-րդ նստաշրջանում այն պաշտոնապես հաստատվել է որպես Շերտագրական միջազգային սանդղակի առանձին համակարգ, ինչից հետո վերջնականապես հաստատվել է սիլուրի սահմանումը որպես պալեոզոյի երրորդ ենթաբաժին[8][9]։

Խորհրդային Միությունում 20-րդ դարի երկրորդ կեսին սիլուրի համակարգն ընդունված է եղել բաժանել երկու մասի՝ ստորին սիլուր (լլանդովերի և ուենլոկի հարկերով) և վերին սիլուր (լուդլովի և պրժիդոլի հարկերով)[10][11]։ Երկրաբանական միջազգային կոնգրեսում ներմուծվել է այդ համակարգի բաժանումը չորս մասի՝ լլանդովերի, ուենլոկի, լուդլովի և պրժիդոլի (մինչև 1972 թվականը՝ դաունտոնի[12]) 7 հարկերով (պրժիդոլին հարկերի չի բաժանվել)[13][14][15]։

Սիլուրի ենթաբաժանումների բացարձակ թվերը պարբերաբար ճշտվում են Շերտագրության միջազգային հանձնաժողովի կողմից։

Որպես սիլուրի համակարգի ստորին սահման (հիմք) Շերտագրության միջազգային հանձնաժողովը 1985 թվականին հաստատել է Parakidograptus acuminatus գրապտոլիտի բիոզանայի հիմքը, ընդ որում՝ որպես նրա ստրատոտիպ ընդունվել է Դոբս-Լինն օրդովիկ-սիլուրյան կտրվածքը (Շոտլանդիայի հարավում գտնվող Մոֆֆաթ քաղաքի մոտ)։ Ավելի ուշ որոշվել է ճշգրտել տվյալ սահմանի բնորոշումը՝ որպես կենսաշերտագրական մարկեր ընդունելով Akidograptus ascensus և Parakidograptus praematurus գրապտոլիտ առաջին անգամ ի հայտ գալու ժամանակը (վերջին տեսակը նախկինում ընդգրկվել է Parakidograptus acuminatus կազմում)[16][17][18]։

Որպես սիլուրի վերին սահման ծառայում է դևոնի համակարգի հիմքը, որի համար դեռ 1972 թվականին վերցվել Monograptus uniformis գրապտոլիտի բիոզանայի հիմքը (հավելյալ կենսաշերտագրական չափանիշը՝ Warburgella rugulosa rugosa տրիլոբիտի հայտնվելը)։ Որպես ստրատոտիպ ծառայում է Կլոնկ վայրի 20 շերտը, որ գտնվում է Բերոուն քաղաքից 12 կմ հեռավորության վրա (վերջինս տեղակայված է Պրահայից դեպի հարավ-արևմուտք)[13][19][20]։

Պալեոաշխարհագրություն

Սիլուրի ժամանակաշրջանի սկզբում Երկրի պալեոաշխարհագրական պատկերն ընդհանուր առմամբ մնացել է նույնը, ինչ քեմբրիի ավարտին. գրեթե ամբողջ ցամաքը միավորված է եղել չորս մայրցամաքներում։ Մերձհասարակածային շրջաններում գտնվել են Լավրենտիան, Բալթիկան (Ֆեննոսարմատիա) և Անգարիդան (Սիբիր)։ Հարավային բևեռին մոտ տեղակայված է եղել Գոնդվանա մեծ սուպերմայրցամաքը, որը նույնպես մասամբ մոտ է եղել հասարակածին։ Գոնդվանայի կազմի մեջ մտել են ապագա կայնոզոյան մի քանի պլատֆորմներ (Հարավամերիկյան, Աֆրիկյան, Հնդկական, Ավստրալիական, Արևելաանտարկտիկական), սակայն դրանցից բացի Գոնդվանայի եզրերում տեղակայված է եղել մերձգոնդվանյան գոտին, որ ներառել է բազմաթիվ միկրոպլատֆորմներ, որոնք ուշ պալեոզոյում և մեզոզոյում (տարբեր ժամանակներում) մտել են ձևավորվող Եվրասիայի կազմի մեջ[21][22][23]։

Գոնդվանայի և հյուսիսային մայրցամաքների միջև գտնվել են Ավալոնիա և Ղազախստանիա միկրոմայրցամաքները, որոնցից առաջինն առանձնացել է Գոնդվանայի ափերից վաղ օրդովիկում[24], երկրորդը ձևավորվել է ուշ օրդովիկում առանձին հատվածներից[25]։

Թվարկված բոլոր մայրցամաքները բաժանված են եղել օվկիանոսներով։ Գրեթե ողջ հյուսիսային կիսագունդն զբաղեցրել է Պանտալասա օվկիանոսը, որ նախորդել է Խաղաղ օվկիանոսին։ Յապետուս մայրցամաքը բաժանել է Լավրենտիան Բալթիկայից ու Ավալոնիայից, որոնք միմյանցից բաժանվել են Թորնքվիստ ծովով։ Բալթիկայի, Անգարիդայի ու Ղազախստանիայի միջև տեղակայված է եղել Ուրալյան օվկիանոսը։ Գոնդվանան Ավալոնիայից բաժանել է Ռեիկում օվկիանոսը, Բալթիկայից ու Ղազախստանիայից՝ Պրոտոտետիս օվկիանոսը[22][26]։

Սիլուրի ընթացքում շարունակվել է օրդովիկում սկսված Յապետուսի նեղացման և Ռեիկումի ընդլայնման (վաղ սիլուրում հասել է առավելագույն լայնության) գործընթացը[24])[27]։ Դեռ ուշ օրդովիկի կատիյան (Katian) դարաշրջանում Ավալոնիայի արևելյան եզրը բախվել է Բալթիկայի ափին, սակայն այդ ժամանակ դա չի հանգեցրել այդ մայրցամաքների ձուլմանը[28]։ Մոտավորապես 420 մլն տարի առաջ՝ սիլուրի վերջում, Բալթիկան և Ավալոնիան բախվել են Լավրենտիայի հետ և միավորվել մեկ մայրցամաքի կազմում՝ Լավրուսիա (Եվրամերիկա)։ Յապետուս օվկիանոսը փաստացիորեն վերածվել է ոչ մեծ ծովածոցի նախկին Ավալոնիայի արևմտյան հատվածի և նախկին Լավրենտիայի արևելյան ափի միջև, ապա վերջնականապես դադարեցրել իր գոյությունը վաղ դևոնում[29][30][31]; Արդեն սիլուրի կեսերին տեղի է ունեցել Ռեիկումի նեղացումը, որի արդյունքում Լավրուսիան ու Գոնդվանան զգալիորեն մոտեցել են իրար ժամանակաշրջանի ավարտին։ Ընդհակառակը, Անգարիդան հեռացել է նրանցից՝ շարժվելով դեպի հյուսիս[32]։

Մինչ սիլուրի ավարտը տեղի են ունեցել նաև այլ նշանակալի իրադարձություններ. սկսվել են ռիֆտինգի ինտենսիվ գործընթացներ Գոնդվանայի մերձհասարակածային հատվածում, որոնք դևոնի սկզբում հանգեցրել են նրանից Տարիմ, Հյուսիսային Չինաստան, Հարավային Չինաստան և Հնդկաչին (Աննամիա) միկրոմայրցամաքների հեռացմանը[33]։

Սիլուրի ժամանակաշրջանում է եղել կալեդոնյան ծալքավորության առավելագույնս արտահայտված շրջանը, որն սկսվել է ուշ լլանդովերում, շարունակվել մինչև վաղ դևոն և բնութագրվել ինտենսիվ լեռնագոյացությամբ, որն առավել արտահայտվել է Լավրենտիայի, Բալթիկայի ու Ավալոնիայի բախման վայրում (Սկանդինավիայի, Բրիտանական կղզիների, արևելյան Գրենլանդիայի և Հյուսիսային Ապալաչների շրջանում)։

Կլիմա

Սիլուրի ժամանակաշրջանի սկզբում դեռ շարունակվել է ուշ օրդովիկի և վաղ սիլուրի սառցակալումը, երբ Գոնդվանայի զգալի մասը (ներառյալ Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Պիրենեյան ու Արաբական թերակղզիների, Փոքր Ասիայի տարածքները) ծածկված է եղել սառցաշերտով։ Ռուդդանյան դարաշրջանի ավարտին սառցակալումն սվարտվել է[34][35]։

Սակայն սիլուրի ժամանակաշրջանի մեծ մասի ընթացքում Երկրի կլիման ընդհանուր առմամբ մնացել է սառը (լլանդովերի և ուենլոկի ընթացքում տեղի են ունեցել նոր սառցակալումներ, որ կրել են սահմանափակ բնույթ[36])։ Ժամանակաշրջանի ավարտին մոտ զգալիորեն տաքացել է, իսկ կլիման դարձել է տաք (երբեմն՝ շոգ) և չորային[37][38]։ Սիլուրի վերջում Երկրի մակերևույթում օդի միջին ջերմաստիճանը կազմել է ավելի քան 20 °C (ինչը 5 °C-ով բարձր է ժամանակակից ցուցանիշից)։ Շարունակվել է պաշտպանիչ օզոնային շերտի ձևավորումը, որն ի հայտ է եկել օրդովիկում[39]։ Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը սիլուրում երեք անգամ գերազանցել է ժամանակակից մակարդակը (վերին օրդովիկում՝ չորս անգամ)։ Եթե ժամանակաշրջանի սկզբում մթնոլորտում թթվածնի մակարդակը կազմել է ժամանակակից մակարդակի 65 %-ը, ապա ժամանակաշրջանի ավարտին նվազել է մինչև ժամանակակից մակարդակի 35 %[40]։

Նստվածքների ձևավորում

Սիլուրի ժամանակարջանի ընթացքում մայրցամաքային պլատֆորմների տարածքների մի մասն զբաղեցրել են փոքր ծովային ավազանները (որոշ տարածքներում կարելի է ենթադրել մերձափնյա և ծովալճակային պայմաններ)։ Այդ ավազանների մակերեսը ժամանակի ընթացքում փոփոխվել է. ժամանակաշրջանի սկզբում եղել է որոշակի տրանսգրեսիա, որին սիլուրի կեսերին ու վերջում փոխարինել է ռեգրեսիան։ Սիլուրի սկզբում Արևելաեվրոպական պլատֆորմի զգալի մասն ու Արևելասիբիրական լատֆորմի մեծ մասն զբաղված են եղել այդպիսի ավազաններով, ինչի մասին վկայում է նստվածնքների բնույթը. գերակշռել են կարբբոնատային նստվածքները և ծովալճակային ապարները (միայն Արելասիբիրյան պլատֆորմի հյուսիսարևմտյան մասում առանձնացվում է համեմատաբար խորջրյա կարբոնատա-կավային նստվածքների ձևավորման տարածք)։ Ժամանակաշրջանի ավարտին մոտ դրությունը փոխվել է. ծովը հեռացել է Արելաեվրոպական պլատֆորմից և Արևելասիբիրյան պլատֆորմի մեծ մասից[41][42]։

Փոքր ջրային տարածքները սիլուրում զբաղեցրել են նաև Լավրենտիայի ու Հարավային Չինաստանի զգալի տարածքներ[43]։

Կենդանական աշխարհ

Ականտոդները (լատին․՝ Acanthodii), որ ձկների ոչնչացած դաս են, գոյություն են ունեցել ուշ սիլուրից մինչև վաղ պերմ։ Ի հայտ են եկել անծնոտների մի քանի խմբեր՝ Osteostraci և Anaspida։ Ծաղկում են ապրել գրապտոլիտներն ու նաուտիլոիդները։ Ապա մեծացել է ուսոտանիների բազմազանությունը։

Ուշ սիլուրում ի հայտ են եկել կռճիկաոսկրային ճառագայթալողակ ձկները[44]։

Ուշ սիլուրի Megamastax amblyodus-ը, որ եղել է ոսկրային ձուկ և ունեցել մինչև 1 մետր երկարություն, 2014 թվականի դրությամբ համարվում է առաջին ողնաշարավոր գիշատիչը, որ սնվել է այլ ողնաշարավորներով[45]։

Սիլուրի ծովային կենդանիներ
Մամռակերպեր, (պատկերազարդում Էռնստ Հեկկելի Kunstformen der Natur գրքից, 1904)ԳրապտոլիտներՏրիլոբիտՍիլուրի անծնոտներ և ձկներ

Բուսական աշխարհ

Cooksonia, հնագույն անոթավոր բույսը, սիլուր-ստորին դևոն

Սիլուրի ավարտին ցամաքում հայտնվել է բույսերի ևս մեկ խումբ՝ անոթավորներ։ Նրանց հետքերը գտնվել են վերին սիլուրի նստվածքաշերտերում Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Ուկրաինայում և Ղազախստանում։ Անոթավոր բույսերի ի հայտ գալը շրջադարձային իրադարձություններից մեկն է կենսոլորտի պատմության մեջ։

Օգտակար հանածոներ

Սիլուրի նստվածքաշերտերում հանդիպում են պղնձա-հրաքարային հանքանյութեր (Ուրալ և Նորվեգիա)։ Հարավային Ուրալի սիլիկատային հաստաշերտերի հետ են կապվում և Միջին Ասիայի մանգանի և ֆոսֆորիտների հանքավայրերը։ Միացյալ Նահանգներում (Նյու Յորք և Ալաբամա նահանգներ) կան երկաթի, ինչպես նաև գիպսի (Նյու Յորք նահանգի կենտրոնական հատված) հանքավայրեր։ Սիլուրի ժամանակաշրջանի հիմնական օգտակար հանածոներն են՝ երկաթ, ոսկի, պղինձ, վառվող թերթաքարեր, ֆոսֆորիտներ և բարիտ։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլուրի ժամանակաշրջան» հոդվածին։