Ղազախստան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղազախստան (այլ կիրառումներ)

Ղազախստան[1] (ղազ.՝ Қазақстан [qɑzɑqˈstɑn], ռուս․ ՝ Казахстан), եվրասիական պետություն է։ Նախկինում մի տևական ժամանակ, Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից (1917 թվական) հետո, մինչև 1936 թվականին Ղազախստանը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում, մինչև անկախացումը (1991 թվական) ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ և մյուս 14 հանրապետությունների հետ միասին ուղղակիորեն ենթարկվել է միութենական կենտրոնական կառավարությանը։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Աստանա։

Ղազախստանի Հանրապետություն
Қазақстан Республикасы
Республика Казахстан
Ղազախստանի դրոշ
Դրոշ
Ղազախստանի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Իմ Ղազախստանը
Ղազախստանի դիրքը
Ղազախստանի դիրքը
ՄայրաքաղաքԱստանա
Ամենամեծ քաղաք Ալմա Աթա կամ Ալմաթի
Պետական լեզուներ ղազախերեն
ռուսերեն
Անկախություն-1991
Տարածք
 -  Ընդհանուր 2,724,900 կմ² 
 -  Ջրային (%) 1.7
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 17,948,700 
 -  2006 մարդահամարը 15,217,700 
 -  Խտություն 5.4 /կմ² 
14.0 /մղոն²
Արժույթ ղազախական տենգե (KZT)
Ժամային գոտի (ՀԿԺ+5/+6)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+5/+6)
Ազգային դոմեն .kz
Հեռախոսային կոդ +7

Ղազախստանը ընդարձակ, բերրի հողերով ծածկված տափաստանների, ինչպես նաև անջուր անապատների երկիր է։ Նրա ընդերքում հայտնաբերված են մարդկությանը հայտնի գրեթե բոլոր օգտակար հանածոները։

Ղազախստանին բնորոշ է տարածքի յուրացվածության ցածր մակարդակը, նոսր բնակեցվածությունը, այն Կենտրոնական Ասիայի՝ տարածքով ամենամեծ պետությունն է[2]։Ներկայումս տնտեսական զարգացման գլխավոր ուղղվածությունը հումքային բնույթից հրաժարումն է, մշակող ճյուղերի զարգացման խրախուսումը, տեխնոլոգիական հետամնացության հաղթահարումը և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը։

Պատմություն

2018 թվականի հունվարի 1-ին՝ պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսում է նախագահել Ղազախստանը[3]։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ այս կարգավիճակում Աստանայի առաջնահերթություններից են դառնում առանց միջուկային զենքի խաղաղության հաստատումը, համաշխարհային պատերազմի սպառնալիքի վերացումը, տեղական հակամարտությունների կարգավորումը և ահաբեկչության դեմ պայքարը[3]։ Նաև նախատեսված էր Կենտրոնական Ասիայի շահերի առաջմղումը` տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, Աֆրիկայում խաղաղության հաստատման հարցերի լուծման և 21-րդ դարի սպառնալիքներին ու մարտահրավերներին Անվտանգության խորհրդի ու ամբողջ ՄԱԿ-ի համակարգի համապատասխանեցման նպատակներով[3]։ Բացի այդ, Ղազախստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առաջին անգամ այն անցկացնում է երկրների պաշտոնական դրոշի ծածանման արարողությունով, որոնք մինչև 2019 թվականի վերջը ընտրվել են Խորհրդի նոր ոչ մշտական անդամներ՝ Կոտ դ'Իվուար, Քուվեյթ, Նիդեռլանդներ, Պերու, Լեհաստան և Հասարակածային Գվինեա[3]։

Ղազախստանը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 8 ոչ մշտական անդամներից էր։ Անվտանգության խորհրդը Ղազախստանը նախագահում է մինչև 2018 թվականի հունվարի 31-ը[3]։

Աշխարհագրություն

Ղազախստանը դասական հարթավայրային երկիր է, թույլ բլրապատ մակերևույթով։ Միայն հարավարևելյան սահմանների երկայնքով է, որ ձգվում են մինչև 5000 մ բարձրության լեռներ։ Մանղշլաղ թերակղզու մակերևույթը համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր է։

Կլիմա

Կլիման ցամաքային է, միջին հուլիսյան ջերմաստիճանը +19 °C +26 °C է, հունվարյանը՝ -4 °C - 19 °C: Մթնոլորտային տեղումները 200-400 մմ է։

Ջրային ցանց

Գետային ցանցը նոսր է, համեմատաբար խիտ է հյուսիսում և արևելքում։ Ամենամեծ գետը Իրտիշն է, որը նավարկելի է։ Սիրդարյան և Նարին գետերը համեմատաբար սակավաջուր են և օգտագործվում են ոռոգման համար, ամռանը ստորին հոսանքում մինչև Արալի ծովը հասնելը հաճախ ցամաքում են։ Ամենախոշոր լիճը Բալխաշն է։ Լանդշաֆտները հերթափոխվում են հյուսիսից հարավ՝ անտառատափաստաններից մինչև կիսաանապատներն ու անապատները։ Միջին և հարավային գոտու շատ շրջաններում ձյան շերտի փոքր հաստությունը հնարավորություն է տալիս նույնիսկ ձմռանը դրանք օգտագործել որպես արոտավայրեր։ Հարավային շրջաններում գյուղատնտեսությունը կարիք ունի արհեստական ոռոգման։

Բնակչություն

Ղազախստանը բազմազգ պետություն է։ Բնակչության 1/3-ից քիչ ավելին ղազախներ, 30%-ը ռուսներ, 3,7%-ը՝ ուկրաինացիներ, մնացածը ուզբեկներ, գերմանացիներ, թաթարներ և տասնյակ այլ ազգերի ներկայացուցիչներ։ Այժմ հետխորհրդային տարիներին փոխվում է բնակվության ազգային կազմը։ Երկրից հեռանում է ռուսախոս բնակչությունը( ռուսներ,ուկրաինացիներ,գերմանացիներ)՝ հիմնականում որակյալ աշխատույժը։

Ղազախստանի բնակչության գրաֆիկը
Ազգեր1989[7] թվականի տվյալներով1999 թվականի տվյալներով2009 թվականի տվյալներով2011 թվականի տվյալներով2013[8] թվականի տվյալներով
Ամբողջ բնակչությունը16 60014 95516 00516 44217 099
ղազախներ6 5367 97110 09910 52711 174
ռուսներ6 2284 4903 7973 7533 712
ուզբեկներ332370457481514
ուկրաինացիներ896549333321310
ույգուրներ185210223233245
թաթարներ328249203204205
գերմանացիներ958356178180183

Խոշոր քաղաքներն են Ալմա Աթան, Պավլոդարը, Կարագանդան, նոր մայրաքաղաք Աստանան։Հայտնի է նաև Բայկոնուրը, որը եղել է ԽՍՀՄ խոշորագույն տիեզերանավակայաններից մեկը( գործում է նաև այժմ)։ Այստեղից է արձակվել աշխարհում առաջին արհեստական արբանյակը, տիեզերք է թռել Յուրի Գագարինը։Առավել խտաբնակ են Կարագանդայի և Ալմա Աթայի մարզերը, թույլ են բնակեցված արևմտյան Կասպից ծովին հարող, ինչպես նաև կենտրոնական շրջանները։

Քաղաքի անունըՄարզԲնակչությունՔաղաքի անունըՄարզԲնակչություն
1Ալմաթա1 507 73712ԿիզիլորդաԿիզիլորդայի մարզ213 165
2Աստանա814 40113ՊետրոպավլովսկՀյուսիս-Ղազախստանյան մարզ207 402
3ՇիմքենդՀարավ-Ղազախստանյան մարզ683 27314ԱտիրաուԱտիրաուսկայի մարզ196 494
4ԿարագանդաԿարագանդայի մարզ484 59615ԱկտաուՄանգիստաուի մարզ181 526
5ԱկտոբեԱկտյուբինայի մարզ377 52016ՏեմիրտաուԿարագանդայի մարզ175 632
6ՏարազԺամբիլի մարզ351 47617ԹուրքեստանՀարավ-Ղազախստանյան մարզ155 549
7ՊավլոդարՊավլոդարի մարզ329 90118ԿոկչետավԱքմոլայի մարզ140 846
8Ուստ-ԿամենոգորսկԱրևելա-Ղազախստանյան մարզ314 01419ՏալդիկորգանԱլմաթայի մարզ135 217
9ՍեմեյԱրևելա-Ղազախստանյան մարզ312 06520ԷկիբաստուզՊավլոդարի մարզ130 903
10ՈւրալսկԱրևմտա-Ղազախստանյան մարզ227 38521ՌուդնիյԿոստանայի մարզ114 170
11ԿոստանայԿոստանայի մարզ221 97022ԺանաոզենՄանգիստաուի մարզ106 221

Վարչական բաժանում

Ղազախստանի վարչական բաժանումը

Ղազախստանը ունիտար պետություն է։ Ղազախստանի կազմի մեջ մտնում են 14 մարզեր, 86 քաղաքներ, 168 շրջաններ և 174 գյուղեր։

Մարզ/ՔաղաքՎարչական կենտրոնՏարածք (կմ2)Բնակչություն (01.10.2013)Խտություն (մարդ/կմ2)
1Ալմաթա4511 494 5903313,95
2Աստանա[9]710804 4741133,06
3Բայկանուր5738 970683,68
4Աքմոլայի մարզԿոկչետավ146 219735 2325,03
5Ակտյուբինայի մարզԱկտոբե300 629805 1172,68
6Ալմաթայի մարզՏալդիկորգան223 9111 977 3248,83
7Ատիրաուսկայի մարզԱտիրաու118 631564 9364,76
8Արևելա-Ղազախստանյան մարզՈւստ-Կամենոգորսկ283 2261 394 3824,92
9Ժամբիլի մարզՏարազ144 2641 081 9077,50
10Արևմտա-Ղազախստանյան մարզՈւրալսկ151 339151 3394,11
11Կարագանդայի մարզԿարագանդա427 9821 367 5123,20
12Կոստանայի մարզԿոստանայ196 001880 7754,49
13Կիզիլորդինի մարզԿիզիլորդա226 019737 1223,26
14Մանգիստաուի մարզԱկտաու165 642582 3613,52
15Պավլոդարի մարզՊավլոդար124 755752 0576,03
16Հյուսիս-Ղազախստանյան մարզՊետրոպավլովսկ97 993576 7485,89
17Հարավ-Ղազախստանյան մարզՇիմկենտ117 2492 721 67623,21
Ամբողջը2 724 90217 098 5466,27

Հայերը Ղազախստանում

Ղազախստանի տարածքում հայերը հաստատվել են դեռևս վաղնջական ժամանակներից։ Հայկական համայնքը Ղազախստանում մեծացել և ձևավորվել է Խորհրդային Միության տարիներին և դրանից հետո[10]։

Տնտեսություն

Ղազախստանը ունի հզոր տնտեսական ներուժ։ Հետ խորհրդային տարիների տնտեսական անկմանը փոխարինել է դանդաղ բայց կայուն աճը։ Նկատվում է արտասահմանյան կապիտալի ներհոսք։ Հիմնական ներդրողները եվրոպական և ճապոնական ընկերություններն են։ Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որը տալիսէ համախառն ներքին արդյունքի գրեթե 40%-ը։ Զարգացած են լեռնահանքային, վառելիքաէներգետիկ, մետաղաձուլական, մեքենաշինական, քիմիական, սննդի ճյուղերը։

Վառելիքաէներգետիկ ճյուղ

Վառելիքաէներգետիկ ճյուղում առաջատարը քարածխի հանույթն է։ Գլխավոր հանքավայրերն են Կարագանդան և Էքիբաստուզը։ Մանղշլաղ և Բուզոնչի թերակղզիներում արդյունահանում են նավթ և այրվող գազ, որոնք խողովակաշարերով ուղակվում են երկրի արդյունաբերական կենտրոններ և արտասահման։

Սև մետաղաձուլություն

Սև մետաղաձուլությանը զարգանում է սեփական հումքի և վառելիքի բազայի վրա։ Ամենախոշոր ձեռնարկությունը Կարագանդայի հարևանությամբ գտնվող Տեմիրթաուի մետաղաձուլական կոմբինատն է։ Զարգացած է նաև պղնձաձուլությունը, կապարի, ցինկի, ազնիվ և հազվագյուտ մետաղների ձուլումը։

Քիմիական արդյունաբերություն

Քիմիական արդյունաբերության ձեռնարկություններն աշխատում են նավթ, ֆոսֆորիտների, սև և գունավոր մետաղաձուլության թափոնների բազայի վրա։ Արտադրում են նավթամթերքներ, ֆոսֆորական պարարտանյութեր, թթուներ, դեղորայք։

Մեքենաշինություն

Մեքենաշինությունը արդյունաբերության ամենաարագ զարգացող ճյուղերից է։ Արտադրում են մեքենաներ և սարքավորումներ լեռնահանքային ու մետաղաձուլական ձեռնրկությունների համար, տրակտորներ, գյուղատնտեսական այլ մեքենաներ։

Թեթև արդյունաբերություն

Թեթև արդյունաբերության կարևոր ճյուղերն են կաշվի, մորթու, կարի, մետաքսի արդյունաբերությունը։ Զարգացած է բամբակյա գործվածքների և կահույքի արտադրությունը։

Սննդի արդյունաբերություն

Սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղը մսի արտադրությունն է, որի խոշոր կենտրոններն են Պետրոպավլովսկը, Ալմա Աթան։ Զբաղվում են նաև բոուսական հումքի վերամշակմամբ։ Շաքարի գործարաններ կան Ալմա Աթայի, Տալդի Կուրգանի մարզերում։ Կասպից և Արալի ծովերում, Բալխաշ լճում զբաղվում են ձկնորսությամբ։ Ղազախստանի ընդհանուր առմամբ թույլ բնակեցված տարածքում ձևավորվել են մի քանի արդյունաբերական շրջաններ և հանգույցներ։

Կենտրոնական շրջան

Կենտրոնական շրջանը աչքի է ընկնում ծանր արդյունաբերության ճյուղերով՝ ածխարդյունաբերություն, սև և գունավոր մետաղաձուլություն, քիմիական արդյունաբերություն։ Խոշոր կենտրոններն են Կարագանդան և Տեմիրթաուն։

Արևելյան արդյունաբերական շրջան

Արևեկյան արդյունաբերական շրջանի գլխավոր ճյուղերն են մետաղաձուլությունը և՝ լեկտրաէներգետիկան։ Խոշոր Ուստ-Կամենոգորսկը Պավլոդարը։

Հյուսիսային Ղազախստան

Հյուսիսային Ղազախստանում նույնպես ձևավորվել է բազմաճյուղ արդյունաբերություն։ Արդյունահանվում է երկաթաքար, որն արտահանվում է Ռուսաստան, Հարավային Ուրալի մետաղաձուլական գործարաններ։ Պետրոպավլովսկում զարգացած է բազմաճյուղ մեքենաշինությանը, Կուստանայում՝ ավտոմոբիլաշինությունը։

Արևմտյան Ղազախստան

Արևմտյան Ղազախստանում՝ կասպից ծովին հարող շրջաններում ձևավորվքւմ են արդյունաբերական հանգույցներ նավթի և գազի հանույթի վերամշակման բազայի վրա։ Արդյունահանում են նաև քրոմիտ, նիկել, կոբալտ, ֆոսֆորիտներ։ Ղազախստանի գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի կեսից ավելին տալիս է անասնաբուծությունը, որի համար կերային բազա են հանդիսանում ատապատային և կիսաանապատային գոտիների ընդարձակ արոտավայրերը։ Գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է։ Բուսաբուծության ոլորտում գլխավորը հացահատիկի մշակումն է։ Այդպիսին այն դարձավ անցյալ դարի 60-ական թվականներից։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների միասնական ջանքերով հիմնադրվեցին բազմաթիվ խոշոր տնտեսություններ, որոնք մասնագիտացան ցորենի մշակության մեջ։ Հարավային շրջաններում մշակում են նաև բրինձ, կորեկ, շաքարի ճակնդեղ, բամբակ, արևածաղիկ, կարտոֆիլ։ Ոռոգովի (7,3 միլիոն հեկտար) հողահանդերում ստանում են կայուն բերք։

Տրանսպորտ

Երկաթուղային ցանցի երկարությունը գերազանցում է 13 հազար կմ-ը, սակայն դա երկրի հսկայական մակերեսի համար բավարար չէ։ Երկաթուղիների ոչ մեծ խտությունը լռացվում է ավտոճանապարհներով, որոնց մեծ մասը երկրի տարածքը հատող ավտոմայրուղիներն են։ Ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 260 հազար կմ է։

Արտաքին տնտեսական կապեր

Ղազախստանը աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանման համակարգում ավելի հայտնի է արտահանումով, քան ներմուծումով։ Արտահանում է նավթ ու նավթամթերքներ, մետաղներ, քիմիկատներ, հացահատիկ, անասնապահական մթերքներ։ Ներմուծում է մեքենաներ ու սարքավորումներ։ Գլխավոր գործընկերներն են Ռուսաստանը,Գերմանիան, Չինաստանը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազախստան» հոդվածին։