Քերմանշահի նահանգ

Քերմանշահ օսթան (պարս.՝ استان كرمانشاه, Օսթան-է Քերմանշահ), օսթան (նահանգ) Իրանի արևմուտքում։ Հարավից սահմանակից է Իլամ, հարավ-արևելքից` Լուրիստան, արևելքից` Համադան, հյուսիսից` Քուրդիստան օսթաններին, արևմուտքից` Իրաքին։ Օսթանի տարածքը կազմում է 25 009 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 952 434 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Քերմանշահ քաղաքն է։

Քերմանշահ օսթան
պարս.՝ استان كرمانشاه
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՔերմանշահ
Բնակչություն1 952 434 մարդ (2016)[1]
Տարածք25 009 կմ²[2]
Սահմանակցում էHalabja Governorate? և Լոռեսթանի նահանգ
ISO 3166-2 կոդIR-05
Հեռախոսային կոդ0832

Օսթանը Քերմանշահան անվան տալ եղել է մեկը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից։ 1970-ական թվականներին նրանից անջատվել են Իլամ և Համադան օսթանները[3], 1979-1995 թվականներին կրել է Բախտարան անունը[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։

Աշխարհագրություն

Օսթանի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Զագրոսի լեռնահամակարգի լեռները։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվող Զագրոսի լեռնաշղթաներն ավելի բարձր են օսթանի արևելյան հատվածում։ Արևմուտքում լեռներն աստիճանաբար ցածրանում են` իջնելով դեպի Իրաքի հարթավայրերը։ Լեռների միջև տարածվում են լայն սարահարթեր և հովիտներ, որտեղ գտնվում են հիմնական բնակավայրերը և մշակվող հողատարածքները[5][6]։

Քերմանշահ քաղաքից դեպի հյուսիս-արևելք տարածվում է Փարաու լեռնաշղթան, որի ամենաբարձր կետը Քուհ-է Փարաու գագաթն է` 3 257 բարձրությամբ[7]։ Այստեղ է գտնվում Բեհիսթուն լեռը, որի վրա է Աքեմենյան Դարեհ I Մեծ արքայի հանրահայտ ժայռափոր Բեհիսթունի արձանագրությունը։ Սոնկորից հարավ գտնվում է օսթանի ամենաբարձր Դալախանի լեռը, որի բարձրությունը կազմում է 3 350 մ[8]։

Գետերը

Օսթանի տարածքով հոսող հիմնական գետերը կազմում են Քարխե գետի ավազանի վերին հատվածը։ Գետերից ամենաերկարը Գամասիաբն է, որի ակունքները գտնվում են Համադան օսթանի տարածքում։ Գամասիաբի խոշոր վտակներն են Կարասուն, որը հոսում է Քերմանշահ քաղաքի միջով, և Դենավարը։ Գամասիաբը, միանալով Կարասուի հետ Քերմանշահից մոտ 25 կմ հարավ-արևմուտք, կազմում է Սեյմարե գետը։ Վերջինս հոսում է 400 կմ-ից ավելի նախ Քերմանշահ օսթանի տարածքով, ապա Լոռեսթան և Իլամ օսթանների սահմանով և միանում Քեշգանռուդ գետի հետ` կազմելով Քարխե գետը[6]։

Բնակչություն

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 842 457 մարդ` 444 185 տնային տնտեսություններում[9]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 945 227 մարդ, որոնք ապրում էին 530 911 տնտեսություններում[10]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 952 434 մարդ` 576 861 տնտեսություններում[11]։

Տասը հազարից ավել բնակչութամբ քաղաքներն են Քերմանշահը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 946 651 մարդ[12]), Էսլամաբադ-է Ղարբը (90 559 մարդ[12]), Ջավանռուդը (54 354 մարդ), Քանգավարը (51 352 մարդ), Սարփոլ-է Զահաբը (45 481 մարդ), Սոնկորը (44 256 մարդ), Հարսինը (44 146 մարդ), Սահնեն (35 508 մարդ), Փավեն (25 771 մարդ), Գիլան-է Ղարբը (22 331 մարդ), Քասր-է Շիրինը (18 473 մարդ), Թազեհաբադը (14 701 մարդ)։ Քաղաքներում ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ ապրում էր 1 468 615 մարդ (կամ բնակչության 75,2 տոկոսը)[12]

Բնակչության զգալի մասի մայրենի լեզուն հանդիսանում են քրդերենի տարբեր բարբառները, քաղաքներում և հատկապես վարչական կենտրոն Քերմանշահում տարածված է պարսկերենը, հյուսիս-արևմտյան մասում գտնվող Սոնկոր քաղաքում որոշ չափով տարածված են թյուրքական բարբառները[13][14]։

Վարչական բաժանում

Օսթանը բաժանված է 14 շահրեստանների (գավառների).

ԱնվանումԲնակ. 2006[9]Բնակ. 2011[10]Բնակ. 2016[11]Վարչ. կենտրոն
Գիլան-է Ղարբ շահրեստան60 67162 85857 007Գիլան-է Ղարբ
Դալահու շահրեստան42 31039 83735 987Քերենդ-է Ղարբ
Էսլամաբադ-է Ղարբ շահրեստան149 376151 473140 876Էսլամաբադ-է Ղարբ
Հարսին շահրեստան90 45286 34278 350Հարսին
Ջավանռուդ շահրեստան62 25971 23575 169Ջավանռուդ
Ռավանսար շահրեստան44 98346 39547 657Ռավանսար
Սալաս-է Բաբաջանի շահրեստան37 05638 47535 219Թազեհաբադ
Սահնե շահրեստան75 82776 67870 757Սահնե
Սարփոլ-է Զահաբ շահրեստան81 42885 61685 342Սարփոլ-է Զահաբ
Սոնկոր շահրեստան95 90491 93581 661Սոնկոր
Փավե շահրեստան51 75556 83760 431Փավե
Քանգավար շահրեստան80 21581 05176 216Քանգավար
Քասր-է Շիրին շահրեստան19 82125 51723 929Քասր-է Շիրին
Քերմանշահ շահրեստան950 4001 030 9781 083 833Քերմանշահ
Ընդհանուր1 842 4571 945 2271 952 434

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերմանշահի նահանգ» հոդվածին։