Օլգա Թումանյան
Օլգա Բադալի Թումանյան (Մարիամ Մաճկալյան[1]) (դեկտեմբերի 22, 1871, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական գործիչ։
Օլգա Թումանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1871 |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1971 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ամուսին | Հովհաննես Թումանյան |
Երեխաներ | Մուշեղ Թումանյան, Աշխեն Թումանյան, Արտավազդ Թումանյան, Նվարդ Թումանյան, Թամար Թումանյան, Համլիկ Թումանյան, Արեգ Թումանյան, Անուշ Թումանյան, Արփենիկ Թումանյան և Սեդա Թումանյան |
Հովհաննես Թումանյանի կինը։
Կենսագրություն
Օլգա Մաճկալյանը ծնվել է 1871 թվականին Թիֆիլիսի Խարխուփ թաղամասում՝ տատի տանը[2]։ Սովորել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում։ Հայրը մշտապես ապրում էր Աղստաֆայում, այդ պատճառով էլ ընտանիքի հոգսն իր վրա էր վերցրել Օլգայի հորաքրոջ ամուսինը՝ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը, որը կորցրել էր կնոջը և, որպես քահանա իրավունք չուներ երկրորդ անգամ ամուսնանար։ Նա կյանքը կապել է Օլգայի մոր՝ Շուշանիկ Մաճկալյանի հետ և որդեգրել նրա միակ դստերը։ Նրանց ընտանիքի նկատմամբ տեր Հովհաննեսի մտերմությունը շարունակվել է նաև Օլգայի և Թումանյանի ամուսնությունից հետո։
Ամուսնություն
Լինելով կոնսիստորի գրագիր, Հովհաննեսը հաճախ էր թղթեր տանում Հովհաննես քահանա Մարտիրոսյանենց տուն։ Հետագայում Օլգան իմանում է, որ մայրը, տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ, (որը նույնպես կոնսիստորի անդամ էր) առանց իր իմանալու որոշել են նշանել և ամուսնացնել Թումանյանի հետ, որից հետո Թումանյանին ձեռնադրեն քահանա։ Նշանվելուց հետո Թումանյանը համարյա ամեն օր լինում էր նրանց տանը, ճաշում էր, մնում էր մինչև ուշ երեկո։
1888 թվականի դեկտեմբերի 1-ին տասնիննամյա Թումանյանն ամուսնանացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։
Հասարակական գործունեություն
Օլգա Թումանյանը մշտապես հոգատար է եղել Թումանյանի նկատմամբ, աջակցել նրան հնարավորին դեպքերում։ Հաշվի առնելով նրա հոգատարությունը Թումանյանի նկատմամբ, կաթողիկոս Խրիմյան Հայրիկը կատակով Թումայնանին անվանել է Օլգայի 11-րդ զավակ[3]։ Օլգա Թումանյանն իր տանը ամիսներով հյուրնկալել է հայ մտավորականության ներկայացուցիչների, իր տանը պահել և խնամել է նաև Ալեքսանդրապոլի որբանոցից ամուսնու բերած որբերին։
Ամուսնու և հինգ երեխաների մահվանից հետո Օլգա Թումանյանին հաջողում է Թումանյանների թիֆլիսյան տան ունեցվածքի մեծ մասն ու բանաստեղծի ձեռագիր ժառանգությունը Երևան տեղափոխել և դուստրերի հետ ստեղծել Թումանյանի թանգարանը[4]։ Այդ գործընթացներին նրան աջակցել է Անաստաս Միկոյանը։ Օլգա Թումանյանը 1969 թվականին ներկա է եղել Հովհաննես Թումանյանի 100-ամյակի տոնակատարությանը[5]։
Օլգա Թումանյանը մահացել է 100 տարեկանում՝ 1971 թվականին, Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։Օլգա Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հեղինակությամբ լույս է տեսել «Օլգա Թումանյանը» գիրքը[6]
Ընտանիք
- Հայրը՝ Բադալ Մաճկալյան
- Մայրը՝ Շուշանիկ Մաճկալյան
- Ամուսինը՝ Հովհաննես Թումանյան
- Որդիները՝ Մուշեղ Թումանյան, Արտավազդ Թումանյան, Համլիկ Թումանյան, Արեգ Թումանյան
- Դուստրերը՝ Աշխեն Թումանյան, Նվարդ Թումանյան, Թամար Թումանյան, Անուշ Թումանյան, Արփենիկ Թումանյան, Սեդա Թումանյան