The Economist

The Economist, նորություններին նվիրված անգլերեն շաբաթաթերթ՝ (հրատարակությունը իրեն անվանում է թերթ)։ Պատկանում է «The Economist Group» բրիտանական լրատվական ընկերությանը։

The Economist
անգլ.՝ The Economist[1]
Изображение логотипа
Տեսակհանդես
Ժանրնորությունների հանդես
Լեզուանգլերեն[1]
Հիմնադրվել է1843
ՀիմնադիրJames Wilson?
ՀրատարակիչThe Economist Group
ՍեփականատերThe Economist Group
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրԼոնդոն
ԳրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ISSN0013-0613 և 1476-8860
OCLC531780543
Կայքeconomist.com(անգլ.)
 The Economist Վիքիպահեստում

Հրապարակվում է Մեծ Բրիտանիայում 1843 թվականից։ 2012 թվականին տպաքանակը գերազանցել է 1 600 000-ը, որի կեսից ավելին վաճառվել է Հյուսիսային Ամերիկայում[2]։ Իր գլոբալ կողմնորոշման պատճառով The Economist-ը չի համարվում բացառապես անգլիական։

Ամսագրի հիմնական թեմաներն են քաղաքական իրադարձությունները, միջազգային հարաբերությունները, ֆինանսական, տնտեսական և բիզնես նորությունները, ինչպես նաև գիտությունն ու մշակույթը։ Ամսագրի խմբագիրները հավատարիմ են դասական Լիբերալիզմի դիրքորոշմանը։

1928 թվականից ընկերության բաժնետոմսերի կեսը պատկանում է Financial Times-ին, իսկ մյուս մասը` անկախ ներդրողների, որոնցից շատերը ընկերության աշխատակիցներ են և ամսագրի թղթակիցներ։

Պատմություն

The Economist-ը հիմնադրվել է 1843 թվականին բրիտանացի գործարար և բանկիր Ջեյմս Վիլսոնի կողմից, որպեսզի ազդի հացի մասին օրենքի չեղարկման վրա[3]։ 1843 թվականի օգոստոսի 5-ին թերթն ապագայի վերաբերյալ իր պլաններում թվել է 13 թեմաներ, որոնք խմբագիրները կցանկանային լուսաբանել։ Դրանք են[4]՝

Ամսագրի հիմնադիր Ջեյմս Վիլսոնի դիմանկարը, հեղինակ՝ սըր Ջոն Վիլսոն Գորդոն
  1. Ծրագրային հոդվածներ, որոնցում օրվա կարևորագույն հարցերը կլուսաբանվեն ազատ առևտրի սկզբունքների տեսանկյունից։
  2. Գործնական հոդվածներ՝ նվիրված առևտրային, գյուղատնտեսական կամ միջազգային թեմաների, օրինակ՝ օտարերկրյա պայմանագրերի վերաբերյալ։
  3. Քաղաքական տնտեսության տարրական սկզբունքների վերաբերյալ հոդվածներ` որ կիրառելի են գործնական փորձում (օրենքների, գների, աշխատավարձի, վարձակալության, փոխանակման, եկամտի և հարկերի մասին)։
  4. Խորհրդարանական զեկույցներ` հատուկ ուշադրություն դարձնելով առևտրի, գյուղատնտեսության և ազատ առևտրի վրա։
  5. Հաշվետվությունները ժողովրդականություն վայելով շարժումների մասին, որոնք աջակցում են ազատ առևտրին։
  6. Սենտ֊Ջեյմսի պալատի, Մեծ Լոնդոնի, Շոտլանդիայի և Իռլանդիայի գլխավոր նորությունները։
  7. Առևտրի հետ կապված թեմաներ, օրինակ՝ հարկային կանոնների փոփոխությունները, շուկայի վիճակն ու հեռանկարները, ներմուծումը և արտահանումը, օտարերկրյա նորությունները, արդյունաբերական իրավիճակը, կարևոր նոր մեխանիկական բարելավումների մասին ծանուցումները։
  8. Գյուղատնտեսական թեմաներ, ներառյալ երկրաբանության և քիմիայի կիրառումը, ծանուցումներ նոր և բարելավված սարքավորումների, մշակաբույսերի, շուկաների, գների վիճակի մասին։
  9. Լուրեր գաղութներից ու արտերկրից, այդ թվում՝ առևտրի, արտադրության, քաղաքական և ֆինանսական փոփոխությունների և այլ հարցերի մասին։
  10. Հոդվածներ նոր օրենքների մասին, որոնք հիմնականում վերաբերում են առևտրին, արտադրությանը, գյուղատնտեսությանը։
  11. Գրքեր, հիմնականում՝ առևտրի, արտադրության և գյուղատնտեսության մասին, ներառյալ քաղաքական տնտեսության, ֆինանսների կամ հարկման վերաբերյալ բոլոր տրակտատները։
  12. Հիմնական ապրանքների գները և վիճակագրական տվյալներ։
  13. Նամակներ և հարցումներ ընթերցողներից։

1845 թվականին երկաթուղային տենդի ժամանակ «The Economist» ամսագիրը վերանվանվել է Weekly Commercial Times, Bankers' Gazette, and Railway Monitor. A Political, Literary and General Newspaper[5]։

Լոգոտիպը մշակվել է 1959 թվականին Ռեյնոլդս Սթոունի կողմից[6]։

2012 թվականի հունվարին The Economist-ը սկսել է հրատարակել ամենշաբաթյա նոր բաժին, որը նվիրված է բացառապես Չինաստանին. այն 1942-ին ԱՄՆ-ի բաժնի ներդրումից հետո առաջինն էր առանձին երկրի վերաբերյալ[7]։

The Economist-ի 1846 թվական մայիսի 16-ի համարի կազմը

Ամսագրի դիրքորոշում

Ամսագրի հիմնադրման ժամանակ «էկոնոմիզմ» տերմինը համընկնում էր ներկայիս «տնտեսական լիբերալիզմին»։ The Economist-ը, ընդհանուր առմամբ, աջակցում է ազատ առևտրին, գլոբալիզացիային և ազատ ներգաղթին[8]։ Այն սովորաբար ընկալվում է որպես նեոլիբերալ ամսագիր, թեև երբեմն ընդունում է կեյնսիականության դիրքորոշում[9]։ Նախկին խմբագիր Բիլ Էմոտի խոսքերով՝ «The Economist-ի փիլիսոփայությունը միշտ եղել է ազատական, ոչ թե պահպանողական»[10]։ Կարլ Մարքսը The Economist-ը համարել է «ֆինանսական արիստոկրատիայի» «եվրոպական մարմինը»[11]։

The Economist-ի շենքը

Ամսագիրը նաև աջակցում է սոցիալական խնդիրների լիբերալ լուծումներին, ինչպիսիք են նույնասեռ ամուսնությունների օրինականացումը[12], թույլ թմրամիջոցների օրինականացումը[13], քննադատում է ամերիկյան հարկային ձևը[14], ինչպես նաև աջակցում է առողջապահական հարցերի վերաբերյալ որոշ պետական կարգավորումներ, օրինակ՝ հասարակական վայրերում ծխելու[15] և երեխաներին ծեծելու արգելքը[16]։ The Economist-ը հետևողականորեն աջակցում է օտարերկրյա աշխատողների օգտագործման ծրագրին։ Այն երկար ժամանակ աջակցել է հրազենի վերահսկման գաղափարին[17]։

The Economist-ը  աջակցում էր Լեյբորիստական կուսակցությանը (2005 թվականի ընտրություններում) և Պահպանողական կուսակցությանը (2010 թվականի ընտրություններում)[18]։

The Economist-ը հաճախ մեղադրում է բոլոր երկրների տարբեր գործիչներին կոռուպցիայի կամ անազնվության մեջ։ Վերջին տարիներին, օրինակ, The Economist-ը քննադատել է Համաշխարհային բանկի նախկին նախագահ Պոլ Վուլֆովիցին, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին (ով ամսագիրը կոչում էր «Ecommunist»[19]), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Լորան Դեզիրե Կաբիլային, Զիմբաբվեի կառավարության ղեկավար Ռոբերտ Մուգաբեին և Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին[20]։ The Economist-ը պահանջել է նախագահ Բիլ Քլինթոնի իմպիչմենտը, իսկ ավելի ուշ՝ Աբու Գրեյբի բանտում խոշտանգումների մասին տեղեկատվության հայտնվելուց հետո Դոնալդ Ռամսֆելդի հրաժարականը[21]։ Թեև ամսագիրն սկզբում աջակցել է ԱՄՆԻրաք ներխուժմանը, սակայն հետագայում նա քննադատել է այդ գործողությունը[22]։ 2004-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում խմբագիրները աջակցում էին Ջոն Քերիին[23]։ 2008 և 2012 թվականների ընտրություններում խմբագիրները սատարել են Բարաք Օբամային[24]։

Տպաքանակ

The Economist պարբերականի համարները վաճառքի են հանվում ուրբաթ օրերին։ Կայքում նոր նյութեր հայտնվում են հինգշաբթի երեկոյան՝ նոր համարի հրատարակման նախօրեին։ 1877 թվականին թերթի տպաքանակը կազմել է 3,700 օրինակ։ 1920 թվականին այն հասել է մինչև 6000։ 1945 թվականից հետո տպաքանակն սկսել է արագ աճել՝ 1970 թվականին հասնելով մինչև 100.000-ի[25]։ 2012 թվականին այն հասել է մոտավորապես 1,5 միլիոնի։

ԱՄՆ-ում վաճառվել է ընդհանուր տպաքանակի շուրջ 54 տոկոսը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 14 տոկոսը (մայրցամաքային Եվրոպայում՝ 19 տոկոս)։ Ամսագիրը վաճառվում է ավելի քան 200 երկրներում ինչպես բաժանորդագրությամբ, այնպես էլ թերթերի կրպակներում։ Ամսագրի ամերիկացի ընթերցողների երկու երրորդը վաստակում է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար տարեկան[26]։

Նկարագրություն

Բիգ Մակա ինդեքսի տեսքը

The Economist-ը կենտրոնանում է աշխարհի նորությունների, քաղաքականության և բիզնեսի վրա, ինչպես նաև կան բաժիններ գիտության, տեխնոլոգիաների, գրքերի և արվեստի վերաբերյալ։ Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ պարբերականը տպագրում է կոնկրետ թեմայի նվիրված մանրամասն հաշվետվություն` երկրներ և տարածաշրջաններ, բիզնես, ֆինանսներ և տնտեսագիտություն, գիտություն և տեխնոլոգիա և այլն։ Ամեն երեք ամիսը մեկ հրատարակվում է եռամսյա տեխնոլոգիական զեկույց, որ կոչվում է «Տեխնոլոգիա» կամ «TQ»` գիտության և տեխնոլոգիաների վերջին միտումների ու զարգացումների հատուկ բաժին։

Հոդվածների հեղինակներն օգտագործում են խիստ ոճ՝ սահմանափակ տարածության մեջ առկա տեղեկատվության առավելագույն չափն ընդգրկելու համար[27]։

Կա տնտեսական վիճակագրության բաժին։ Աշխատանքային վիճակագրությունը, ինչպիսին է, օրինակ, զբաղվաության վիճակագրությունը, տպագրվում է ամեն շաաբթ։ Բաժինը եզակի է բրիտանական շաբաթաթերթերի շարքերում, միջազգային վիճակագրության նրա վարկանիշերը մեծ նշանակություն ունեն[28]։ Բացի այդ The Economist-ը հայտնի է իր Բիգ Մակի ինդեքսով, որն առաջին անգամ հրատարակվել է 1986 թվականին։

Ամսագրում կան մի քանի բաժիններ, որոնց խորագրերն արտացոլում են իրենց թեմաները՝

  • Լուն յու (Analects) (Չինաստան), կոչվել է Կոնֆուցիսի խոսքերի ժողովածուի անունով, ստեղծվել է 2012 թվականի փետրվարին։
  • Բեջետ (Մեծ Բրիտանիա), կոչվել է 19-րդ դարի բրիտանացի փորձագետ, սահմանադրական իրավունքի բրիտանացի մասնագետ, տնտեսագետ և The Economist-ի առաջին խմբագիր Վոլտեր Բեջետի անունով։
  • Կառլ Մեծ (Եվրոպա), ֆրանկների կայսրության կայսեր Կառլոս Մեծի անունով։
  • Լեքսինգթոնը (ԱՄՆ), կոչվել է Լեքսինգթոն քաղաքի անունով (Մասաչուսեթս), որտեղ սկիզբ է առել ամերիկյան անկախության պատերազմը։
  • Պլատան (Buttonwood) (Ֆինանսներ), կոչվել է սոսի ծառի անունով, որի կողքին հավաքվել են առաջին առևտրականները։ Մինչև 2006 թվականի սեպտեմբեր բաժինը հասանելի էր միայն կայքում, սակայն այժմ ներառված է տպագիր հրատարակությունում։
  • Բանյան (Ասիա), բանյան ծառի անունով, վերաբերում է Ասիայի տարբեր խնդիրներին։
  • Բաոբաբ (Աֆրիկա և Մերձավոր Արևելք), այս բաժինն ստեղծվել է 2010 թվականի հուլիսին և բոլոր հոդվածները վերաբերում են աֆրիկյան մայրցամաքին։
  • Բեբիջ (Տեխնոլոգիա), կոչվել է գյուտարար Չարլզ Բեբիջիի անունով, այս բաժինը նվիրված է տեխնոլոգիաներին և գիտությանը։
  • Պրոսպերո (Գրքեր և արվեստ), այստեղ տպագրվում են գրքերի, արվեստի վերաբերյալ հոդվածներ։
  • Խաղերի տեսություն (Game theory) (Սպորտ), կոչվել է որոշակի իրավիճակում արդյունքների կանխատեսման գիտության անունով։
  • Շումպետեր (Բիզնես), կոչվել է տնտեսագետ Յոզեֆ Շումպետերի անունով։

Գրաքննություն

Ավտորիտար ռեժիմների քննադատության պատճառով Economist-ը հաճախ արգելվում է այդ երկրների իշխանությունների կողմից։ The Economist-ը պարբերաբար վեճեր է ունենում Սինգապուրի իշխող կուսակցության հետ, որը դատարանում հաղթող է ճանաչվել՝ թերթին մեղադրելով զրպարտություններ հրապարակելու մեջ[29]։

The Economist-ը, ինչպես և շատ այլ հրատարակություններում, Հնդկաստանում ևս գրաքննության է ենթարկվում այն պատճառով, թե ինչպես է ներկայացնում Քաշմիրի քարտեզը։ Ըստ հնդիկ պաշտոնյաների՝ քարտեզի պատկերները «ոչ ճիշտ են, ոչ իրական»։ Համարները երբեմն ուշանում են, բայց չեն արգելվում կամ բռնագրավվում[30]։

2006 թվականի հունիսի 15-ին Իրանն արգելել է «The Economist»-ի վաճառքը Պարսից ծոցի քարտեզի հրապարակումից հետո, որտեղ այն կոչվել է պարզապես «Նեղուց»։ Այս անունն Իրանի և Արաբական երկրների միջև վիճաբանության առիթ է դարձել[31]։

Մեկ այլ դեպքում Զիմբաբվեում Ռոբերտ Մուգաբեի կառավարությունը ձերբակալել է The Economist-ի թղթակից Էնդրյու Մելդրումին, ով մեղադրվում էր մի կնոջ մասին կեղծ լուրեր հրատարակելու մեջ, որն իբր գլխատվել է Մուգաբեի կողմնակիցների կողմից։ Հետագայում հայտնի է դարձել, որ իրադարձությունների նման մեկնաբանության հեղինակը եղել է նրա ամուսինը[32]։ Թղթակիցը հետագայում արդարացվել է ու արտաքսվել[32]։

Տես նաև

Ծանոթագրոթյուններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Economist» հոդվածին։