Կալաֆատ (ռումիներեն՝ Calafat), քաղաք Ռումինիայում՝ Օլտենիա պատմական մարզի Դոլժ ժուդեցում (գավառ, շրջան)։ Ընկած է Դանուբ գետի ափին, բուլղարականՎիդին քաղաքի դիմաց, որի հետ կապված է 2013 թվականին շահագործման հանձնված, շուրջ երկու կիլոմետր երկարություն ունեցող, լայն կամրջով[2] (երկկողմանի ավտոճանապարհ, երկաթգիծ, երկու մետր լայնությամբ ճանապարհահատված՝ հեծանվորդների և մայթեր՝ հետիոտնների համար)։ Կալաֆատն ընկած է ԳերմանիանթուրքականՍտամբուլի և հունականՍալոնիկի հետ կապող համաեվրոպական ճանապարհային միջանցքում։ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից գտնվում է 255 կիլոմետր[3], ժուդեցի վարչական կենտրոնից՝ Կրայովա քաղաքից մոտավորապես 80 կիլոմետր հեռավորության վրա։ Գետային ոչ մեծ նավահանգիստ է։ 1997 թվականին ստացել է մունիցիպի (համեմատաբար մեծ քաղաքի) կարգավիճակ[4]։ Նրա համայնքապետարանի ենթակայության տակ, բուն քաղաքից բացի, գտնվում են ևս երեք բնակավայր (դրանց բնակիչների թվաքանակը տրված է 2002 թվականին անցկաված մարդահամարի տվյալներով).
Բասարաբի (1263 մարդ)
Գոլենցի (651 մարդ)
Չուպերչնի Վեկի (2524 մարդ)
Կալաֆատն ունի քաղաքային մի քանի թերթ։ Դրանցից մեկը Ziarul De Calafat-ն է[5], որը լույս է տեսնում նաև առցանց տարբերակով, մյուսը՝ Calafat Live-ը[6]։
Բնակավայրը 14-րդ դարում հիմնել են ջենովացիները, ովքեր այստեղ աշխատեցրել են մեծ թվով նավանորոգողների (Calafatis): Հենց այդ բառն էլ ընկած է բնակավայրի անվանման հիմքում։
18-րդ դարի վերջերին և 19-րդ դարում Կալաֆատին տիրելու համար մի քանի անգամ ճակատամարտի են բռնվել ռուսական և թուրքական զորքերը։