Ըստ 2010 թվականի տվյալների՝ քաղաքում ապրում է 292 190 մարդ[2]։ Նահանգի բնակչության թվով երրորդ քաղաքն է՝ Սիդնեյից և Նյուքասլից հետո, իսկ երկրում՝ 9-րդը։
Ժամանակակից քաղաքի տեղում սկզբնապես ապրում էին ավստրալիայի աբորիգենները։ Եվրոպացիների առաջին այցը եղել է 1796 թվականին, նրանց շարքում էին Մեթյու Ֆլինդերսը և Ջորջ Բասը։ 19-րդ դարի սկզբում ստեղծվել են առաջին գաղութները։ 19-րդ դարի կեսից սկսած բնակչության հիմնական զբաղմունքը ածուխի արդյունահանումն էր։
Հետագայում Վուլոնգոնգը դարձել է սև մետաղաձուլության կենտրոնը, չնայած վերջին տարիներին Վուլոնգոնգի ամենախոշոր (և միակ) պողպատաձուլական գործարանը, որը պատկանում է BlueScope Steel ընկերությանը, նշանակալի չափով կրճատել է արտադրանքի ծավալը։ Ներկայումս քաղաքի նշանակալի հաստատությունը Վուլոնգոնգի համալսարանն է։ Արվարձաններում տեղակայված է Պորտ Քեմբլը՝ երկրի ամենախոշոր նավահանգստային և արդյունաբերական գոտիներից մեկը։
Վուլոնգոնգը նահանգի մայրաքաղաք Սիդնեյից գտնվում է 80 կմ հարավարևմուտք՝ Քեմբլ և Քեյր լեռների լանջին։ Քաղաքի շրջակայքում է գտնվում Իլավար ծովալճակը։
Քաղաքի կլիման մեղմ է, խոնավ, օվկիանոսային։ Ձմռանը միջին ջերմաստիճանը +12-+13°С է, ամռանը՝ +21-+22°С։ Անձրևի տեսքով տեղումների տարեկան միջին քանակը 1300-1400 մմ է։ Անձրևային օրերը ձմռանը 7-10 են, իսկ ամռանը՝ 13-15[3]։ Ամռան շոգը մեղմանում է մշտական ծովազեփյուռով։