Մեծ դեղաչափերով առաջացնում են նարկոզի վիճակ։ Ունեն կենտրոնական նյարդային համակարգի տարբեր բաժիններն ընկճող հատկություն։ Քնաբեր դեղամիջոցների շարքին են դասվում տարբեր քիմիական կառուցվածքով նյութեր՝ բարբիտուրաթթվի պիպերիդինի ածանցյալները, ալիֆատիկ շարքի միացություններ և այլն։ Քնի կարգավորմանը նպաստում են նաև այլ դեղաբանական խմբերի պատրաստուկներ, հանգստացնող դեղամիջոցներ (բրոմիդներ, կատվախոտի պատրաստուկներ), տրանկվիլիզատորներ։ Նվազեցնելով հուզական գրգռվածությունը, վերացնելով լարվածության և անհանգստության զգացումը՝ հանգստացնող միջոցները նպաստում են քնի առաջացմանը և խորացնում այն։ Քնաբեր դեղամիջոցները օգտագործում են քնի տարբեր խանգարումների ժամանակ։ Քնաբեր դեղամիջոցների ցավազրկող հատկությունը թույլ է արտահայտված, սակայն դրանք ուժեղացնում են ոչ նարկոտիկ ցավազրկող դեղամիջոցների (ամիդոպիրին, անալգին և այլն) ազդեցությունը և կիրառվում են նյարդացավերի ժամանակ։ Քնաբեր դեղամիջոցների փոքր դեղաչափերը ունեն հանգստացնող ազդեցություն։ Քնաբեր դեղամիջոցներով թունավորման դեպքում անցկացնում են միջոցառումների համալիր, որի նպատակը շնչառության և սիրտ–անոթային համակարգի գործունեության ապահովումն է, օրգանիզմից դեղանյութերի արագ հեռացումը։ Քնաբեր դեղամիջոցների երկարատև օգտագործումն առաջացնում է օրգանիզմի ընտելացում տվյալ դեղամիջոցի հանդեպ, ուստի համապատասխան արդյունքի հասնելու համար պահանջվում է դեղաչափի ավելացում։ Հնարավոր է նաև նարկոմանիայի առաջացում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։