«Նյու Յորք Յանկիս» (անգլ.՝ New York Yankees), պրոֆեսիոնալ բեյսբոլի ամերիկյան ակումբ։ Հանդես է գալիս Բեյսբոլի բարձրագույն լիգայի (MLB) Ամերիկյան լիգայի Արևելյան դիվիզիոնում։ Տեղակայված է Նյու Յորք քաղաքի Բրոնքս թաղամասում։
Հիմնադրվել է 1901 թվականին՝ Բալթիմոր քաղաքում (Մերիլենդ նահանգ)` կրելով «Բալթիմոր Օրիոլս» անվանումը[1]։ Երկու տարի անց ակումբը տեղափոխվել է Նյու Յորք և վերանվանվել «Նյու Յորք Հայլենդերս»։ «Յանկիս» անվանումը թիմն ընտրել է 1913 թվականին[2]։
Համարվում է մասնագիտական սպորտաձևերի պատմության ամենահաջող ակումբներից մեկը։ Գոյության ընթացքում «Յանկիսը» նվաճել է ռեկորդային 18 դիվիզիոն տիտղոս, Ամերիկյան լիգայի 40 հուշադրոշ, և հաղթանակ տարել 27 Համաշխարհային սերիայում[3]։ Պատմության ընթացքում «Յանկիսում» հանդես եկած 44 բեյսբոլիստ և 11 մենեջեր առաջադրվել են Բեյսբոլի ազգային փառքի սրահ[4]։ Թիմում ելույթ են ունեցել այնպիսի անվանի բեյսբոլիստներ, ինչպիսիք են Բեյբ Ռութը, Լու Գեյրիգը, Ջո ԴիՄաջջիոն, Միկի Մենթլը և այլք։
Ըստ «Ֆորբս» հանդեսի, «Նյու Յորք Յանքիսը» համարվում է Միացյալ Նահանգների ամենաթանկարժեք սպորտային թիմը։ «Յանկիսի» արժեքը գնահատվում է մոտավորապես 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար[6]։