Ագնոստիցիզմ

Ագնոստիցիզմ, (հին հունարեն՝ ἄγνωστος՝ անիմանալի բառից) տեսակետ, համաձայն որի՝ Աստծո (աստվածայինի կամ գերբնականի) գոյությունը անհայտ կամ անիմանալի է[1][2][3]։ Ըստ մեկ այլ սահմանման՝ ագնոստիցիզմը տեսակետ է, համաձայն որի՝ մարդկային բանականությունը չի կարող տրամադրել բավարար ռացիոնալ հիմնավորումներ ո՛չ Աստծու գոյությանը հավատալու, ո՛չ էլ՝ ժխտելու համար[2]։

Թոմաս Հեքսլի

«Ագնոստիկ» բառն առաջին անգամ իր ելույթներից մեկում օգտագործել է անգլիացի կենսաբան Թոմաս Հեքսլին 1869 թվականին[4]։

Ծագում

Ագնոստիցիզմն առաջացել է 19-րդ դարի վերջերին՝ որպես մետաֆիզիկական փիլիսոփայության անտիթեզ։ Վերջինս ակտիվորեն զբաղվում էր աշխարհընկալման՝ մետաֆիզիկական ըմբռնման ուսումնասիրությամբ, որի հիմքում ընկած էր սուբյեկտիվ մտածողությունը։

Փիլիսոփայական ագնոստիցիզմից բացի գոյություն ունի նաև թեոլոգիական (աստվածաբանական) ագնոստիցիզմ և գիտական ագնոստիցիզմ։

Աստվածաբանության բնագավառում ագնոստիկներն առանձնացնում են կրոնի և հավատքի բարոյամշակութային և առասպելական բաղադրիչը միստիկականից (Աստված, դև, սատանա, հանդերձյալ աշխարհ, դրախտ, դժոխք, կրոնական ծիսակատարություններ և այլն)։ Նշված բաղադրիչներից առաջինը նրանք համարում են հասարակության մեջ անհատի բարոյական վարքի խթանման աշխարհիկ (ժամանակակից) դպրոց (կամ միջոց, մեխանիզմ)։

Գիտական ագնոստիցիզմը իմացաբանության (ճանաչողության տեսության) սկզբունքներից է։ Եվ քանի որ (համաձայն իմացաբանության) ճանաչողության ընթացքում ձեռք բերված փորձն անխուսափելիորեն խեղաթյուրվում է անհատի (կամ սուբյեկտիվ) գիտակցությամբ, ապա գիտական ագնոստիցիզմը ենթադրում է, որ անհատը հանգամանորեն ունակ չէ ըմբռնելու աշխարհի իրական և ամբողջական պատկերը։ Այսինքն՝ այն ոչ թե ժխտում է ճանաչողությունը (երևույթը, ընթացքը) այլ մատնանշում, որ ոչ մի գիտություն չի կարող լինել բացարձակ ճշգրիտ և որ աշխարհն ամբողջությամբ ճանաչելն անհնար է։

Պատմություն

Ագնոստիկ հայացքները մոտավորապես այնքան հին են, որքան փիլիսոփայական սկեպտիցիզմը։ Մ.թ.ա. V դարի փիլիսոփա, սոֆիստ Պրոտագորը համոզված էր, որ անհնար է ստուգել Աստվածների գոյության փաստը։ Մ.թ.ա. VI-V դարերի փիլիսոփա Սանջայա Բելաթհապուտան (անգլ.՝ Sanjaya Belatthaputta) նույնպես հայտնել է հանդերձյալ կյանքի վերաբերյալ իր ագնոստիկ տեսակետը։

Այնուամենայնիվ, ագնոստիցիզմը՝ որպես եզրույթ և ուսմունք, ծագել է շատ ավելի ուշ, երբ 1869 թվականին անգլիացի գիտնական, կենսաբան Թոմաս Հենրի Հաքսլին իր ելույթներից մեկում հանդես եկավ ագնոստիցիզմը նկարագրող նոր ուսմունքի բնութագրմամբ. «Այն պարզապես նշանակում է, որ պետք չէ ասել, որ գիտես մի բան կամ հավատում ես նրան, ինչը չունի իմացության կամ հավատքի արտահայտման գիտական հիմնավորում»։ Նրան «Մետաֆիզիկական հասարակությունն» էր (բրիտանական փիլիսոփայական հասարակություն) իրենց անդամակցելու առաջարկություն արել։ «Երբ իմ մտավորական հասունության ժամանակ սկսեցի տարակուսել՝ ով եմ ես՝ աթեիստ, թեիստ, թե պանթեիստ, մատերիալիստ, իդելալիստ, քրիստոնյա, թե ազատ մտածող, ես հանգեցի այն եզրակացությանը, որ ինձ չեն համապատասխանում այս անվանակարգերից ոչ մեկը, բացի վերջինից»,‒ ասել է նա։

Հաքսլիի համոզմամբ ագնոստիկ է նա, ով չի ժխտում Աստվածների գոյությունը՝ միաժամանակ չընդունելով որևէ կրոն կամ հավատք։ Ագնոստիկը նաև չի հավաստում Աստվածների գոյությունը, քանի որ համոզված է, որ մատերիաների (նյութերի) սկզբնաղբյուրն անհայտ է. այն բացահայտված կամ ճանաչված չի կարող համարվել զարգացման մեր ժամանակաշրջանում կամ երբևէ։

Կապը կրոնի հետ

Ագնոստիկների համոզմամբ անհնար է բացահայտել իրականությունը Աստվածների, հանդերձյալ կյանքի և այլ գերբնական էակների, հասկացությունների և երևույթների գոյության առումով՝ այդուհանդերձ սկզբունքորեն չբացառելով աստվածային երևույթների գոյությունը կամ չգոյությունը։ Այսպիսով հերքվում է միայն այդպիսի համոզմունքների իրական կամ մտացածին լինելն ապացուցելու հնարավորությունը։ Այդ իսկ պատճառով ագնոստիկները կարող են հավատալ Աստծուն, բայց ոչ մի կրոն (քրիստոնեություն, հուդայականություն, իսլամ) չդավանել՝ համարելով դրանք դոգմատիկ, քանի որ դոգմատիզմը հակասում է նրանց համոզմունքներին աշխարհի անճանաչելիության առումով։ Ագնոստիկներն Աստծուն հավատում են՝ սահմանափակվելով նրա գոյության հնարավորությամբ և վերապահումներով, որ կարող են նաև սխալվել՝ համոզված լինելով, որ չկան անհրաժեշտ և բավարար համոզիչ ապացույցներ միանշանակ ենթադրություններ և եզրակացություններ անելու համար։

Մի շարք կրոններում (բուդդայականություն, դաոսիզմ) անձնավորված (անհատականացված) Աստծված(ներ) չկա(ն)։ Դրա շնորհիվ ագնոստիցիզմի և տվյալ կրոնի միջև կոնֆլիկտները բացակայում են։

Հայտնի ագնոստիկներ

Արատքին հղումներ

Ծանոթագրություններ

Ընթերցե՛ք «ագնոստիցիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնոստիցիզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 52